Ողջ «էլիտան» էր ներկա Բեգլարյանի դստեր հարսանիքին

Ողջ «էլիտան» էր ներկա Բեգլարյանի դստեր հարսանիքին
Շաբաթ օրը «Օջախում» տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում և քաղաքապետ եղած ժամանակ Բեգլարյանի հետ լարված հարաբերություններ ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ «Հրապարակ»-ի լավատեղյակ աղբյուրների, այդ հարաբերությունները ջերմացնելու գործում մեծ ավանդ ունի Հովիկ Աբրահամյանը:



Բարձր իշխանական էլիտան և Անվտանգության խորհուրդը նստել են մի սեղանի շուրջ, այստեղ են եղել ոչ միայն Աժ նախագահը, վարչապետը, մյուսները, այլև ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: Գագիկ Ծառուկյանը նստած է եղել կողքի սեղանին` հիմնականում ռուսաստանյան հայ բիզնեսմենների, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, նրա եղբոր` Սամվել Կարապետյանի, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հետ: Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարև-բարլուս չեն փոխանակել, միայն նախագահի կենացը խմելիս Ծառուկյանը մոտեցել, լուռ խփել է վերջինիս բաժակին:



Ի դեպ, հարսանիքին հաջորդող կիրակի օրն էլ Ծառուկյանի ծննդյան օրն էր: Ու թեև այս օրը, ինչպես տեղեկացնում են Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրները, որպես օրինաչափություն, նա ևս մասնակցում է ծննդյան արարողությանը, Աժ նախագահն այս անգամ չի մեկնել արտերկիր` այնտեղ նշվող ծննդյան տոնին մասնակցելու: Թերթի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդի ծնունդը նշել են Ուկրաինայում: