Վինտ Սերֆ. «Ինտերնետը դեռեւս շատ երիտասարդ է»

Վինտ Սերֆ. «Ինտերնետը դեռեւս շատ երիտասարդ է»
Վինտ Սերֆը ինտերնետի ստեղծողն է, «Google» կազմակերպության փոխնախագահը



 



Չնայած իմ կարիերայի ժամանակ տարօրինակ թռիչքներ եմ ունեցել, այնուամենայնիվ, անվճռական ու վեհերոտ եմ դառնում մի նոր առաջարկի դեպքում:



 



Իմ այցեքարտի վրա գրված է. ««Google»-ի փոխնախագահ եւ «Ինտերնետի գերագույն առաքյալ»: Հենց այդ «գերագույն առաքյալ» բառերն են ստիպում երբեմն մտորել այն մասին, որ դեն շպրտեմ կոստյումս եւ գնեմ եկեղեցական հագուստ:



 



Իմ հագին միշտ կոստյում է: Ոմանց թվում է, թե դա բավականաչափ հարմար հագուստ չէ, բայց այն ունի իր առավելությունները: Ես միշտ պատրաստ եմ կյանքի կարեւոր իրադարձություններին ներկայանալու:



 



Ինչ-որ ժամանակ թավջութակ էի նվագում, որը հետագայում թողեցի հանուն մաթեմատիկայի:



 



Ինձ մի փոքր շփոթեցնում են պոռնոգրաֆիայի չափերն ինտերնետում, չնայած այն իր բացատրությունն ունի: Այդ բիզնեսը առաջինն է օգտագործում նոր տեխնոլոգիաները: Որտեղ նորություն կա, նրանք այնտեղ են: Ժամանակակից տեխնոլոգիաները հասկանալու համար պարտադիր չէ երիտասարդ լինել, կարեւորը` քեզ զգաս այդպիսին: Ինձ չի անհանգստացնում, երբ մեկը կարեւոր հանդիպման ժամանակ ստուգում է իր փոստը: Երբեմն կնոջս հետ նայում ենք մեր երեխաներին ու մտածում, որ նրանք դեռ պատրաստ չեն ամուսնության, հետո մտածում ենք՝ բա ինչո՞ւ էր մեզ թվում, թե մենք պատրաստ ենք: Երջանիկ ամուսնություն ունենալու համար բավական է չորս բառ` «Դու միանգամայն ճիշտ ես, սիրելիս»: Ես վստահ եմ, որ մեր մտածողությունը մեր մոլորակի սահմաններից դուրս է արդեն:



 



Ամենաշատն ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի ինտերնետը 2050 թվականին: Կուզեի լինել այդ ժամանակ 8 տարեկան ու տեսնել դա: Այն զգացողությունը, թե աշխարհի գիտելիքները քո մատների տակ են, դա հրաշալի է: Մի՞թե երազանք չէ, երբ դու ֆիլմ ես դիտում, որտեղ Ջեյմս Բոնդը շամպայն է խմում, ու դու մկնիկի շարժումով կարող ես պատվիրել այն քեզ համար: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսին կլինի ինտերնետի ապագան, հարցրեք ձեր երեխաներին:



 



Ինտերնետը դեռեւս շատ երիտասարդ է: