100 տոկոսանոց ընդդիմություն, ՀԱԿ-ն է եղել ու մնում

100 տոկոսանոց ընդդիմություն, ՀԱԿ-ն է եղել ու մնում
Հարցազրույց ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ փոխատենապետ Գուրգեն Եղիազարյանի հետ.



 



-Պարոն Եղիազարյան, վերջին օրերին ակնհայտ է, որ ԲՀԿ-ն առաջ է մղում սեփական թեկնածու ունենալու տարբերակը, մինչդեռ ՀԱԿ-ում համագործակցությունը վերջինի հետ շարունակում են չբացառել:  Ձեզ հասկանալի՞ է ՀԱԿ-ի լռությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ: ՀԱԿ-ը պաշտպանելո՞ւ է ԲՀԿ թեկնածուին: Ի՞նչ են այժմ քննարկում Կոնգրեսում:



 



- Ես Կոնգրեսի քննարկումներին չեմ մասնակցում, քաղխորհրդի անդամ չեմ, տեղյակ չեմ:



 



- Ձեր կուսակցությունից խորհրդարանում ներկայացուցիչ նույնիսկ ունեք, ինչպե՞ս տեղյակ չեք ՀԱԿ քննարկումներին:



 



- Քննարկումների մասին ոչ մի բան հայտնի չէ:



 



- Ինչո՞ւ է լռում Կոնգրեսը, նորմա՞լ է այդ լռությունը:



 



- Ես բազմիցս եմ հայտնել, որ մենք ընտրությունների գնալու ենք սեփական թեկնածուով:



 



- Շատերն են ՀԱԿ-ում ձեր տեսակետը կիսում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը ներկայացնողը, նույն ինքը՝ Լեւոն Զուրաբյանը, չի բացառում նաեւ այլ տարբերակ:



 



- Ես իմ կարծիքն եմ ասում:



 



- Պարոն Եղիազարյան, մի կողմից ոչ կոալիցիոն ուժերը քաղաքական կոնսուլտացիաներ են անում եւ հայտնում, որ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը կքննարկվի կոնսուլտացիաների երկրորդ չմեկնարկած փուլում, մյուս կողմից ԲՀԿ-ից հայտարարում են, որ որոշում ունեն նախագահական ընտրությունների մասնակցության ձեւաչափի վերաբերյալ: Ի՞նչ է սա նշանակում,  ի՞նչ է կատարվում, ըստ Ձեզ, քաղաքական դաշտում:



 



- Մենք նախընտրական շատ հետաքրքիր փուլ ենք թեւակոխում, լեզվի մարզանքը, փոխհրաձգությունները հիմա ակնառու չեն, ինչու, շատ պարզ պատճառով: Նախեւառաջ ՀՀԿ-ն, որը հայտնել է իր  թեկնածուի մասին, ոչինչ չունի ասելու, փորձեն խոսել խղճուկ տնտեսական աճի՞ մասին… Դե գիտեք՝ կախվածի տանը ճոպանից չեն խոսում, որովհետեւ անմիջապես հիշում են կախվածին, հիմա խոսել տնտեսական աճի մասին՝ առնվազն անբարոյականություն է, լկտիություն՝ 1.5 մլն աղքատների առկայության դեպքում խոսել….



 



- Խոսքը նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին է, եթե ՀՀԿ-ն նույնիսկ այս պարագայում հստակ հայտարարել է իր թեկնածուի մասին, ապա նույնը չենք ասի իրեն արմատական ընդդիմություն հռչակած ՀԱԿ-ի մասին: ՀԱԿ-ը ոչ միայն չի տարբերվում իր «արմատականությամբ», այլեւ հետ է ընկնում «այլընտրանքային» եւ ոչ այլընտրանքային ուժերից:



 



- ՀԱԿ-ը ոչ մեկին նմանվելու կարիք չունի, ավելին՝ պետք է մեզ նմանվեն, ՀԱԿ-ն իր թեկնածուի մասին հրապարակավ կհայտարարի:



 



- ՀԱԿ-ի ներկայիս գործողություններն են անհասկանալի ԲՀԿ-ի հետ ռեւերանսների առումով, այսինքն՝ դուք բացառո՞ւմ եք, որ կսատարեք մեկ այլ կամ հենց ԲՀԿ-ի թեկնածուին:



 



- Ես ոչ մի բան չեմ կարող հիմա ասել, ես մի բան գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունը խստագույնս ներքին եւ արտաքին պահանջ ունի իշխանափոխության, եւ դա Հայաստանի փրկությունն է: Հիմա ոնց կսատարի, մեզ կսատարեն, չեն սատարի՝ դա էական չէ: Կարեւորը նա է, որ մենք ժամ առաջ պրծնենք այս իշխանություններից:



 



- Ինչպե՞ս, ԲՀԿ-ի՞ միջոցով, ՀԱԿ-ի վկայակոչած ընտրակեղծիքների՞ առկայությամբ, թե՞…



 



- Ես ասել եմ, որ եթե այսօր լինի ընտրություն, Սերժ Սարգսյանի համար կնկարեն 120 տոկոս: Ես ասել եմ՝ միակ ճանապարհը, որ ընտրություններն արդար լինեն (զզվում եմ, ճիշտն՝ ասած, այդ «արդար» բառից, սիրտս խառնում է), ավելի ճիշտ նորմալ, ոչ կապիկի, ուրեմն միակ ճանապարհը երկիշխանությունն է, որը կազատի մեզ կապիկային ընտրություններից: Իսկ դրան կհասնենք հզորագույն հանրահավաքներով եւ ժողովրդի հետ, այդ ամբողջ մասսան, որ մեզ պետք է ձայն տա, պետք է բարի լինի եւ մեկ շաբաթ հրապարակներից տուն չգնա, քանի որ այդ ընտրատուփ կոչվող աղբարկղերում, մեկ է՝ կեղծելու են:



 



- Կարծում եք իշխանության հետ երկխոսելուց, ԲՀԿ-ի նկատմամբ խաղերից հետո ժողովուրդը նորից կհավաքվի՞ ՀԱԿ-ի շուրջ այնպես, ինչպես 2008-ին էր: ՀԱԿ-ն այնքան վարկանիշ ունի՞, որ այս ամենն իրագործի:



 



- Իհարկե, այդ ամեն ինչը վերականգնելու համար մեկ օր է հարկավոր: Եթե իշխանությունը կատարեր Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի գոնե մեկ կետը, մեզ համար դժվար կլիներ, բայց ոչ մի կետ անգամ չի իրագործվել գոնե 1-2 տոկոսով:



 



- Պարոն Եղիազարյան, բայց այսօրվա դրությամբ ՀԱԿ-ը դեռ հույսեր է կապում ԲՀԿ-ի հետ, ով ըստ էության աջակցեց Սերժ Սարգսյանին իշխանության գալու հարցում եւ ով եւս ժամանակին  իր մասով թերացել է նրա ծրագիրը կյանքի կոչել:



 



- Այսինքն Սերժ Սարգսյանն իր ծրագիրը ՀՀԿ-ի հետ չի կազմել, այլ ԲՀԿ-ի՞ հետ է կազմել:



 



- Նկատի ունեմ, որ մի քանի տարի էլ ԲՀԿ-ական նախարարներն են իրագործել այդ ծրագիրը, եւ  դուք ասում եք, որ ոչ մի կետ չի իրագործվել:



 



- Այդ ո՞ր նախարարներն են, ներողություն:



 



- Քաղաքաշինության, առողջապահության եւ այլն:



 



- Տնտեսական այս վիճակի համար առաջին եւ վերջին պատասխանատուն ՀՀԿ-ն է, ուրիշ պատասխանատու չկա:



 



- Լավ, հիմա ՀԱԿ-ն ինչո՞ւ է հապաղում, մանավանդ որ վարկանիշի խնդիր էլ չունի, ինչպես դուք եք ասում, ինչո՞ւ միայնակ գործողությունների չի անցնում:



 



- Հիմա Դուք ինչքան էլ տանեք ԲՀԿ, ես կանգնելու եմ ՀՀԿ-ի վրա: Ես Կոնգրեսի շտաբի անդամ չեմ եւ իմ անունից եմ խոսելու, Կոնգրեսի անունից թող խոսեն այնտեղի պայծառագույն ուղեղները: Շատ պարզ խնդիր կա, եթե նախագահական նախկին ընտրությունները դիտարկեք, թեկնածուների մի ամբողջ բանակ կար, որոնցից ոչ մեկը գումար չուներ առաջադրվելու, ու բոլորի գումարը հաստատ մի մարդ է մուծել… Հիմա Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ միայնակ չեք գնում, որտեւ ՀՀԿ-ն դրան է սպասում, որ ընդդիմությունը բաժանված լինի, որպեսզի սուտիբեկյաններն անմիջապես ասեն՝ «գիտեք, շատ կարեւոր է, որ ընդդիմությունը միանա, եթե չմիացավ՝ Սերժ Սարգսյանն ալտերնատիվ չունի…»: Հիմա, որպեսզի իշխանությանն այդ հնարավորությունը չտանք, որ ասեն՝ ընդդիմությունը մասնատվեց: Նախեւառաջ ինձ համար, որպես 100 տոկոսանոց ընդդիմություն, ՀԱԿ-ն է եղել ու մնում, որ ոչ էս պարն է խաղացել, ոչ մյուս: Բայց քանի որ մեր բաժանումը կդիտվի որպես ՕԳԳ ՀՀԿ-ի համար:



 



- Այսինքն՝  չեք վստահում մյուս ուժերի անկեղծությանը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու հարցում:



 



- Ես ինձ եմ վստահում: