Երկիրը փչացնելու գործընթացը սկսվել է մտավորականությունից

Երկիրը փչացնելու գործընթացը սկսվել է մտավորականությունից
Մամուլում հաճախակի է հարց բարձրացվում ու անպատասխան մնում՝ ինչու՞ միասնական չէ ընդդիմությունը: Սա այնքան պարզունակ պատասխան ունի, որ հավանաբար իր պարզունակության  պատճառով չի ներկայացվում, բայց ես չվախենալով պրիմիտիվ թվալուց, փորձում եմ մեկնաբանել, թե ինչու միասնական չէ ընդդիմությունը:



 



Առանց ոլորապտույտ կեռերի միանգամից ասեմ, որ հացի շուրջ են միավորվում, պնակների շուրջ, շատ դժվար է միավորել մի բանի շուրջ, որը դեռ չկա: Իշխանությունը դա լավ է հասկացել եւ վերջին շրջանում ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներին «հյուրասիրության հրավիրելով», մաս- մաս քայքայում է ընդդիմության դաշտը… Առաջին հայացքից անվտանգ թվացող այս գործընթացը տանում է հասարակարգի փտախտի ու եթե այսկերպ շարունակվի, ողջ հասարակությունն է վարակվելու այդ հիվանդությամբ: Մտերիմ խոսակցությունների ժամանակ «արմատական» շատ ընդդիմադիրներից  լսում եմ հետեւյալ մեկնաբանությունները. «Կյանքը կարճ է, մի քիչ էլ թող ուրիշները պայքարեն: Ոչ մեկը բանտ նստելու, հալածվելու, ծեծվելու համար մեզ շնորհակալություն չի հայտնելու»:



 



Ինչպե՞ս է վարվել եղեռնի ժամանակ: Սկզբում գլխատել են մտավորականներին, աչքի ընկնողներին, հետո բոլուկի նման Արաքսն են լցրել ժողովրդին… Հիմա ի՞նչ է արվում. այսօր Հայաստան աշխարհում կարելի է մատների վրա հաշվել երգիչ, գրող, արվեստագետ, ովքեր չեն ծախել իրենց հոգին… Բոլորից իշխանության պարարտ հոտ է փչում… Բոլորն այնքան են կշտացել, որ երգողի ձայնն է խռպոտել, գրողի գրիչն է բթացել, նկարողի ներկն է խունացել… Զգացմունք, բույր, հմայք բառերը դարձել են անգոյ եգիպտական մումիաներ… Եվ ողջ հեռուստատեսությունը լծվել է մի գործի. ցուցադրել, թե ինչպես են ապրում մեր երեւելիները, ինչ են ուտում, ինչ ճաշատեսակ են պատրաստում, ինչպիսի մեքենաների, տների ու արդուզարդի են տիրապետում, բանը հասել է այնտեղ, որ այս աղքատ, հացի կարոտ երկրում ժողովրդին սկսել են կերակրել տեղական «սեքս» մարմիններով ու նրանց գռմռյունով…



 



Մտավորականների ծախվելուց հետո, գործը հեշտանում է, յուրաքանչյուրը մտածում է՝ ինչ է եղել որ… Այսինչը որ ծախվեց, ինձ ինչ է եղել… Արժեքային համակարգը ոչնչացվել ու ոչնչացվում է… Նման աղտոտված պայմաններում հնարավոր չէ ունենալ ընդդիմության միասնական թեկնածու, իշխանությունն անմիջապես կարթի վրա խայծ կդնի ու կորսա այդ միասնական թեկնածուին էլ, միասնականներին էլ… Այսպիսի երկիր ունենալու մեղքը ծանրացած է մտավորականության վրա,  երկիրը փչացնելու գործընթացը սկսվել է մտավորականությունից… Դեմն առնել է պետք, որպեսզի վարակի օջախը չխորանա… Նայեք ձեր շուրջը. տեսեք՝ ովքե՞ր են ֆռֆռում իշխանության կերակրատաշտի շուրջ, ովքե՞ր են եթերով ողջ օրը տարածում «հեղինակավոր ու կուշտ» իրենց խոսքը, ովքե՞ր են ազգին զարմացնում իրենց մերկ մարմիններով…



 



Մերկ կանայք միշտ էլ մեր պատմության ընթացքում օգտագործվել են՝ շեղելու ախոյանի ուշադրությունը: Իշխանությանը մոտ լինելու գայթակղությունն անսահման մեծ է, լավ ապրելու գայթակղությունն անմեկնելի է, բայց բավական է մտածել, թե ինչ երկիր ենք կտակելու մեր սերունդներին եւ… ամեն ինչ տեղը կընկնի… Ամենամեծ հարստությունը  իրավական երկիր կտակելն է… Իշխանությունը ժամանակավոր է, իսկ մտավորականության առաքելությունն է՝ կանգնել մնայուն արժեքների կողքին… Եթե մտավորականությունը կանգնի մնայուն արժեքների կողքին, իշխանությունը կհամակերպվի իր ժամանակավոր լինելու մեջ: Շարժիչ ուժը մտավորականությունը պիտի լինի, քաղաքացիական գիտակցություն ձեւավորողը մտավորականությունը պիտի  լինի, ընդդիմությանը գործի դնողը մտավորականությունը պիտի լինի… Այսօր ողջ պատասխանատվությունը դրվել է ժողովրդի վրա, նրա «չծախվելու, չխաբվելու» գործընթացներ են իբր  մշակվում, ընտրակաշառքներով չգայթակղվելու խորհուրդներ են տրվում, մոռացության մատնելով, որ երբ գլուխը կտրում են, մարմինը ղեկավարել չի կարող… Ուստի այսօր ընդդիմությունից էլ առավել կարեւոր է միավորել մաքուր, չծախված մտավորականության ուժերը եւ փորձել երկիրը դուրս բերել այս փակուղուց: Առանց դրա անիմաստ է սկսել քաղաքական լուրջ գործընթացներ…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ