Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ուժը կորցրած ճանաչել մրցակցին

Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ուժը կորցրած ճանաչել մրցակցին
Ավանի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է թիվ 1 ԸԸՀ-ին` պահանջելով ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածությունը:



Ստյպո Սաֆարյանը նախ նշում է, որ ինքնառաջադրված թեկնածու Էդուարդ Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ չի բացել, սակայն Մոլդովական եւ Թոթովենցի փողոցներում ունի նախընտրական շտաբեր, տպագրել է բուկլետներ եւ նախընտրական պաստառներ, որոնք համապատասխանաբար բաժանվում են ընտրողներին եւ փակցվել են  առանձնացված անվճար տեղերում:



ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի վերաբերյալ Սաֆարյանն իր նամակում նշել է, թե վերջինիս հիմնադրամում եղել է 2 մլն 710 հազար դրամ, ինչը, սակայն չի արտացոլում իրավիճակը: Ըստ հայտարարագրի, հիմնադրամի այդ միջոցներից 865.605 դրամը նոյեմբերի 6-ին փոխանցվել է պաստառի լայնաֆորմատ տպագրության համար, եւս 1 մլն409 հազար500 դրամ` գովազդային վահանակների վրա պաստառների տեղադրման, ինչպես նաեւ` վահանակների տեղադրման համար, մինչդեռ թեկնածուի թվով 12 լայնաֆորմատ պաստառները համապատասխան վահանակներին փակցրել են դեռեւս նոյեմբերի 2-ին` պաշտոնական քարոզարշավից երկու օր շուտ: Սաֆարյանի շտաբի հաշվարկներով 12 վահանակների պատրաստման եւ տեղադրման գումարները իրականում գերազանցում են հիմնադրամում առկա միջոցները:



Սաֆարյանը նաեւ թիվ 1 ԸԸՀ-ին է ներկայացրել հանրապետական թեկնածուի 50 շտաբերի հասցեները` արձանագրելով, որ դրանց վարձակալությունը եւս կգերազանցեր հիմնադրամում նշված գումարը: Թեկնածուն նաեւ մի քանի հազար նկար է փակցրել Ավանի եւ Նոր-Նորքի տարբեր հատվածներում:



Ընտրական օրենսգրքի խախտում է նաեւ այն, որ թեկնածուի շտաբերից մեկը գործում է ընտրատեղամասի տարածքում: