Առաջին ալիքը մի խնդիր ունի

Առաջին ալիքը մի խնդիր ունի
Ով Առաջին ալիքով տեսել է «Ազատ գոտի» թոք շոուն` գլխավորությամբ հաղորդավար Էրիկի, դժվար թե նոր բան բացահայտած լինի, թեպետ հաղորդավարի ու մասնակիցների խարիզման, մտքի թռիչքներն այնպիսի շերտեր էին ընդգրկում, որ գիտակցության գրգռումը ոչ մի ձեւով, ոչ մի վայրկյան չէր նվազում: Հ1-ի ու Էրիկի գործը ցուցադրելն էր այսօրվա «մտավորականության պատկերը», կրքի կրակը բորբոքելը:



 



Ու ամեն անգամ պատկերելով, այսպես ասած, «մտավորականությանը, էս դեպքում մասնավորապես գրականության աշխարհի մարդկանց իրական դեմքը», Հ1-ն ու նրա հաղորդավարները, թիկունքից հռհռալով հրավիրվածների վրա, բացահայտում են սեփական գորշությունը: Բայց մի դրական բան կա սրա մեջ: Ինքնաբերաբար Հ1-ն անընդհատ ահազանգ է հնչեցնում, որ Հայաստանը հեղեղված է հին ու նոր հետադեմների բանակով:



 



Եթերով կոնկրետ գրականության դատ էր: Կանչել էին կանչովի ազգայնական Գոռ Թամազյանին, բանաստեղծ Արտեմ Հարությունյանին, Վասակի ու Վարդանի երգիչ Հովհաննես Աղաջանյանին, քեռի Վասյայի ուղղաձիգ ժպիտով Աբգար Ափինյանին, Մազին ու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին: Առաջին ալիքի կայք-էջում «Ազատ գոտի» շոուն իր մասին կարճ ինֆո ունի. «Առաջին ալիքի նոր գոտին «Ազատ գոտին» է` աղմկահարույց իրադարձությունների եւ թեմաների քննարկման թեժ հրավառությունն Առաջին ալիքի եթերում: «Ազատ գոտին» շոու է, որ բանավիճող կողմերի եւ հաղորդավարի նետած խայծերի շնորհիվ ամենատարբեր թեմաներ է շոշափում` սկսած երիտասարդության խնդիրներից մինչեւ գրական քննարկումներ: Այն, ինչի մասին արգելված է խոսել, կամ թվում է` հնարավոր չէ բացատրել, հավակնում է բացահայտվել «Ազատ գոտի»-ում:



 



Երբ շփվում ես, չես վախենում, իսկ «Ազատ գոտի»-ից խուսափել հնարավոր չէ»:



 



Հաղորդման ողջ ընթացքում խայծ նետող Էրիկին մենակ մի բան չէր հաջողվում՝ քողարկել անձնական հրճվանքը եւ ընտրված նյութի վերաբերյալ անգիտությունը: Փաստորեն, մեր հասարակության մեջ արգելված է կամ  ընդունված չէ բացահայտ կերպով խոսել սեքսի, պոռնոյի մասին, այն էլ գրականության կոնտեքստում: Բայց պոռնոյի ու սեքսի մասին երազանքները ծիկրակում են շատ-շատերի սրտերում, ու հոգնել են` թակելով շղթայված պահանջների խեղճուկրակ դուռը:



 



Կանչովի ազգայնական Գոռ Թամազյանը` հայելու դեմ պարապած դահճի դիմախաղով, անվերջ-անդադար ազգային նկարագիր ու բարոյականություն էր քարոզում, որից հետո սկսեց գրաքննել Արտեմին` կարդալով նրա բանաստեղծությունից իր համար սարսափելի մի հատված: Գոռն ու Աբգար Ափինյանը նույն գաղափարակիրներն էին ու մի քանի մետրից համակրում էին իրար: Ափինյանը տամուկ աչքերով շարունակեց գրաքննությունը` պատմելով, թե ինչպիսի շոկ են ապրել իր ուսանողուհիները, ովքեր կարդացել են ու բերել-ցույց տվել Արտեմ Հարությունյանի բանաստեղծական տողերում առկա սեքսուալ հատվածները: Նա սկսեց կարդալ նշված հատվածները: Կարծեմ հնչեցին «կուսաթաղանթ» ու «ծծեր» բառերը: Հետո, տատիների պես նա վայվույ արեց հայ գրականության մշուշոտ ապագայի մասին, որտեղ ինչ կեղտ ասես գրվում է: Արտեմ Հարությունյանը հիշեց Շեքսպիրի Համլետին, ով իրականում Օֆելյային հրավիրում էր ոչ թե նստելու իր գիրկը, այլ առնանդամին:



 



Հովհաննես Աղաջանյանը դիվոտած բղավում էր իր Վասակի ու Վարդանի եղերական պատմության մասին: Հերթը հասավ Մազին: Իհարկե, նա սկսեց խոսել շուրջը տիրող համատարած տգիտությունից, չմոռացավ հիշել Տոնինո Գուերային (Տոնինոյին նա ոչ մի առիթով չի մոռանում, ասես հալալ հորեղբոր տղան լինի), հետո անցավ կնոջ եւ տղամարդու հոգեւոր եւ մարմնական սիրո դրամային` շեշտելով, որ եթե հրատարակիչը որոշում էր, որ այդպիսի գրքեր պետք է տպագրվեն, ու դա օրենսդրությամբ չի արգելվում, քավ լիցի, թող տպագրվեն: Մազը խոսեց, խոսեց, ջղայնացավ ու հանկարծ հիշեց գեյերին ու պոռնիկներին` ասելով, որ եթե պետք լինի, «կծեծենք» էլ, որ բոլորը գիտեն նրանց հանդեպ իր վերաբերմունքի մասին: Տաղավարում ֆաշիստական բանակը համալրվում էր թարմ ուժերով: Հիմա նրանք երեքն էին` Գոռ Թամազյանը, Աբգար Ափինյանը, Արմեն Մազմանյանը: «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց հրատարակչության կողմից վերջերս տպագրված 20-րդ դարի ամենասկանդալային «Խեցգետնի արեւադարձը» վեպի մասին, որը, անցնելով ժամանակի փորձությունը, ճանաչվել է որպես բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործություններից մեկը:



 



Մարտիրոսյանն Ափինյանին մի քանի անգամ ասաց, որ ինքը սպառող է եւ կարիք ունի բազմապիսի գրականության: Տաղավար հրավիրվեց Պարույր Հայրիկյանը, ում քրիստոնեական խաղաղությամբ պարուրված փափկահայերենը մի փոքր հանդարտեցրեց կրքերը: Իսկ Հովհաննես Աղաջանյանն արդեն հոգնել էր սպասելուց: Խոսքը բերանից դուրս չեկած՝ ընդհատում էին, նա էլ թողեց ու գնաց՝ հետը տանելով Վասակի ու Վարդանի անհույս պատրանքը: Ու երբ Արտեմ Հարությունյանն իրար ետեւից մի քանի անգամ Օֆելյային նստեցնում էր Համլետի առնանդամին, հանկարծ լսվեց ձայն բարբառոն: Տեղից ելավ պաշտոնով ընթերցասերների միության նախագահ՝ զայրացած մի պարմանի: Ու ավարտեց դատավարության եզրափակիչ փուլը: Թվաց՝ անդրաշխարհից երիտասարդ Լենինն է վերադարձել: Թվաց՝ անդրաշխարհում հեղափոխություն է եղել, ու երիտասարդ Լենինին կրկին ուղարկել են աշխարհ՝ մի քանի կարեւորագույն հարցերի հախից գալու: Նրա հրացայտուն ճառը պայթում էր Հ1-ի տաղավարում, շոյում հաղորդավար Էրիկի, Ափինյանի ու ազգայնական Գոռի ականջները: Պատանի բարոյախոսը, Լենին պապու պես առաջ տնկելով խրոխտ ձեռքը, հարձակվեց Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի վրա. «Ինչպե՞ս կարելի է, ինչպե՞ս կարելի է, էլ պոռնոգրաֆիա, էլ անբարոյականություն, 15-ամյա պատանին ո՞նց կլինի հանկարծ գրախանութում մտնի ու բախվի հայհոյանքների եւ այլն, եւ այլն, եւ այլն»: Իսկ Հ1-ի տաղավարում ֆաշիստական թեւը համալրվում էր երիտասարդությամբ, չնայած Մազին ակնհայտ դուր չեկավ պարմանու ելույթը, եւ նա եւս լքեց տաղավարը:



 



Այսպիսով, Էրիկը (որն իրականում չստացվեց, որովհետեւ հաղորդավարի արհեստական շարժուձեւը, խոսքի ամլությունը թույլ պրոֆեսիոնալիզմի մասին  էին վկայում), ներքուստ ինչ-որ դատարկամիտ հրճվանք ապրելով կատարվածից, իբր տեսեք, թե ինչպիսին են այսօրվա մտավորականները, հրաժեշտ տվեց հեռուստադիտողներին, ասես նրանց համար նոր ցամաք հայտնաբերած լիներ: Այնուհանդերձ, Հ1-ն ինչքան էլ կոնստրուկտիվ մեթոդներով կոտորվում է ցուցադրել ու ոչնչացնել եղած ու չեղած «մտավորականության դեմքը», բացահայտորեն սղագրում է հենց իր դիրքորոշումը: Առաջին ալիքը մի խնդիր ունի: Լինելով Հայաստանի մոդեռնիզացիան ամեն կերպ կանխող իշխանության լեզուն՝ նա ազգայնականության կաղապարով խաղադրույք է կատարում հասարակության մեջ առկա հետադիմական հայացքների վրա` փորձելով հեշտությամբ լուծել կառավարման համակարգի ապահովության հարցը:



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ