Նորածնային մահացության կրճատման ծրագիր

Նորածնային մահացության կրճատման ծրագիր
«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը, ինչպես նաեւ մի խումբ նեոնատոլոգներ այցելեցին Լոռու մարզի Ստեփանավանի ծննդատուն: Նորածնային խնամքի նախագծի շրջանակներում այս հիվանդանոցին տրամադրվել են հետեւյալ սարքավորումները. վերակենդանացման սեղանիկ՝ ջերմահաղորդիչով, պղպջակային  CPAP, տաքացվող  ներքնակ, պուլսօքսիմետր, ֆոտոթերապիայի  լամպ, շարժական թթվածնային  բալոն, պայուսակ՝ հրատապ իրավիճակների  համար, արտածծիչ (սարքավորում արտածծման  համար), օդափոխման  համակարգ, ներարկման  մխոց (պոմպ): 



 



Այս սարքավորումները թույլ կտան պահպանել նորածնի մարմնի ջերմաստիճանը եւ կայունացնել կամ ապահովել օրգանիզմի կենսագործունեությունն այնքան ժամանակ, մինչեւ նա տեղափոխվի մարզկենտրոնի կամ Երեւանի համապատասխան բուժհաստատություն: Կյանքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող խնդիրներով տառապող երեխաները, որոնք ծնվելուց անմիջապես հետո համապատասխան խնամք կստանան, հետագայում կարող են այլեւս չենթարկվել միջամտությունների: Եվ հենց այս սարքավորումներն են, որ երաշխավորում են նրանց առողջ ապագան:



 



«Ուրախ ենք, որ նորածնային խնամքի նախագիծն ընդգրկել է նաեւ Լոռու մարզը: Այս նախագիծը նպատակ ունի շրջաններում բժշկական ծառայությունները դարձնել առավել մատչելի` զգալիորեն նվազեցնելով բնակավայրերից Երեւանի հիվանդանոցներ տեղափոխման անհրաժեշտությունը եւ դրա հետ կապված ծախսը: Յուրաքանչյուր մանկան կյանքը պարգեւ է, եւ, որպես հոգատար ընկերություն, «Վիվասել-ՄՏՍ»-ը վճռական է օգնելու ծննդատներին` այսօրվա ամենամեծ մարտահրավերը` նորածնային մահացության մակարդակը հաղթահարելու հարցում»,-նշեց «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



«Վիվասել-ՄՏՍ»-ն արդեն հինգ տարի շարունակ համագործակցում է «BirthLink» ՀԿ-ի հետ` նպաստելով Հայաստանում մանկական մահացության մակարդակի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Այս ժամանակահատվածում Երեւանի եւ մարզերի ավելի քան 30 բժշկական կենտրոններում տեղադրվել է մոտ 360 մլն դրամ ընդհանուր արժողության սարքավորում: Մասնագետների հավաստմամբ` դրական արդյունքներն ակնհայտ են:



 



Ամեն տարի, կյանքի առաջին տարվա ընթացքում, աշխարհում մահանում է ավելի քան 4 միլիոն մանուկ: Դեպքերի 98 տոկոսն արձանագրվում է զարգացող երկրներում: Մահացու ելքերի 65 տոկոսը գրանցվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդը` առաջին շաբաթվա, իսկ կեսից ավելին` առաջին 24 ժամվա ընթացքում: