Հաստատվել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերը

Հաստատվել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջիկա ծրագրերը
Երեկ տեղի է ունեցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական  նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Նիստում հաստատվել են հիմնադրամի առաջիկա կարճաժամկետ ծրագերի կոնկրետ ժամկետները:



 



Մասնավորաբար Լոռու մարզի մանկավարժների ու երիտասարդ գիտնականների պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Վանաձոր քաղաքում: Այդ օրը Կարապետյանների ընտանիքի կողմից կպարգեւատրվեն Լոռու մարզի շուրջ 300 մանկավարժներ եւ 50 երիտասարդ գիտնականներ, ովքեր աշխատում եւ ստեղծագործում են մարզում:



 



Ինչպես հայտնի է, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել եւ Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տարիներ շարունակ կազմակերպել է լոռեցի հազարավոր երիտասարդների եռօրյա հավաք-հանգիստը Ծաղկաձորում: Այս տարի եւս Լոռու մարզի 300 երիտասարդներ կայցելեն Ծաղկաձոր: Այս անգամ՝ դեկտեմբերի 21-ից 23-ը ներառյալ:



 



Ինչ վերաբերում է Լոռու մարզում կառուցվելիք բժշկական կենտրոնի ծննդատանը, որը կառուցվելու է Կարապետյանների ընտանիքի միջոցներով եւ որի համար տրամադրվելու է մինչեւ 2,5 մլն դոլար, ապա հողային աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում:



 



Դեկտեմբերի ընթացքում մարզում հիմնադրամի աջակցությամբ կանցկացեն նաեւ մարզական միջոցառումներ, այդ թվում՝ թիվ 32 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի ֆուտբոլի միջհամայնքային առաջնություն:

Իսկ տարին հիմնադրամը կամփոփի Լոռու մարզի մանկապարտեզների երեխաների եւ մինչեւ 4-րդ դասարանի աշակերտների համար Ամանորյա նվերների բաշխմամբ, որն արդեն վաղուց ավանդույթ է դարձել:



 



«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայություն