Անահիտ Չտրկյան. Որդիս անմեղ է, անօրեննե՛ր

Անահիտ Չտրկյան. Որդիս  անմեղ  է, անօրեննե՛ր

Անահիտ Չտրկյանի  բաց նամակը



 



2011թ.հուլիսի 23-ին ԱԱԾ աշխատակիցները /թվով 8 մարդ/ ներխուժեցին մեր տուն`որդուս ձեռքերը  շղթաներ հագցրած:Մեր տունը խուզարկեցին եւ ոչինչ չգտան:Ե՛վ որդիս, եւ՛ մենք չգիտեինք, թե ինչու էին խուզարկում մեր տունը: Այն հարցին,թե ուր է համակարգիչը,որը գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն օգտագործել է,որդիս,քանի որ ոչնչից տեղյակ չէր, պատասխանեց,որ տան խուզարկությունը թող ավարտեն,հետո կտանի քեռու տուն եւ համակարգիչը կհանձնի նրանց:Քեռու տունը մեր տանից հեռու չէ:Խուզարկությունից հետո որդիս ուղեկցեց նրանց քեռու տուն:



 



Մեկ օր առաջ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը որդուցս համակարգիչ էր խնդրել,որպեսզի սկայպով խոսի Վանաձորում գտնվող կնոջ հետ,որովհետեւ տարաձայնություններ ուներ:Քանի որ մեր նոթբուքը տանը չէր,որդիս Կարենին ուղեկցում է քեռու տուն,  եւ Կարենը խնդրում է առանձին թողնել իրեն:Ինչ իմանար որդիս,որ ԱԱԾ քննիչ Ա.Թեւանյանը եւ Կարեն Մեհրաբյանը որդուս գլխին սարքել են եւ ինչ-որ տեղեկություններ են հաղորդել համակարգչով:Այդ սքան արած թղթերը ԱԱԾ քննիչ Ա.Թեւանյանն էր տվել Կարենին եւ ոչ մի գաղտնի տեղեկություն չէին պարունակում:Ինչ իմանար որդիս.



 



1.Եթե որդիս իմանար,որ Կարեն Մեհրաբյանը ինչ-որ բան է հաղորդել համակարգչով,ապա ինչու պետք է ԱԱԾ աշխատակիցներին համակարգչի տեղը ցույց տար:



 



2.ԱԱԾ աշխատակիցները առգրավման  թուղթ չունեին,բայց որդիս առանց առգրավման թղթի,իր ձեռքով հանձնել է համակարգիչը:



 



3.Քեռու տանը  մեկի  փոխարեն երեք համակարգիչ կար.որդիս կարող էր մյուս համակարգիչը  հանձնել,եթե  իմանար այդ մասին:



 



4.Որդիս ծրագրավորող է:Եթե իմանար,որ Կարենը գաղտնի տեղեկություններ է հաղորդել,ապա սխեման համակարգչի մեջից կհաներ կամ համակարգիչը կվերացներ:



 



Այս ամենը ապացույց են այն բանի,որ որդիս տեղեկություն չի ունեցել գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի գործունեությունից:



 



Մյուս մեցադրանքն այն է,իբր որդիս Թուրքիայից 300 դոլար է ուղարկել Կարեն Մեհրաբյանին` Հայաստան:Որդուս դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, առաջին ատյանի դատարանում հայտարարեց,որ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իրեն է զանգել եւ խնդրել,որ Տիգրանից 300 դոլար վերցնի եւ փոխանցի Հայաստան ` Կարեն Մեհրաբյանին:Հովհաննեսը,քանի որ օրը կիրակի էր եւ չգիտեր,թե որտեղից կարելի է ուղարկել,հանդիպում է որդուս`Աշոտին, եւ որդիս ցույց է տալիս տեղը,թե ում միջոցով կարելի է ուղարկել:Որդուս`Աշոտի ձեռքը այդ գումարին չի դիպել անգամ:Հաջորդ օրը որդիս զանգում է Կարենին եւ հարցնում.<<Կարեն,այդ ի՞նչ փող ես ուզել Հովհաննեսից>>,եւ Կարենն անպատասխան է թողնում հարցը:Միթե դեբիլ քննիչ Ա.Թեւանյանը եւ ծախու դատախազ Ա.Ամիրզադյանը սա չհասկացան…Որդիս այդ գումարի հետ գործ չի ունեցել:Քրեական գործում պարզ երեւում է,որ Կարեն Մեհրաբյանը Հովհաննեսից է ուզել 300 դոլարը:



 



Հարց է ծագում,թե ԱԱԾ <<քննիչ>> Ա.Թեւանյանն ինչու՞ է այդքան մակերեսային գործ վարել:Ինչու՞ չի հարցաքննել ՀովհաննեսիՆ:Բա ի՞նչ բարդեր Աշոտի վրա:Եվ սա կոչվում է օժանդակություն եւ այս պատճառով որդուս 10 տարվա ազատազրկման են ենթարկել:Ե՛վ առաջին ատյանի դատարանում ,եւ՛ վերաքննիչ դատարանում գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը բազմիցս շեշտել ու կրկնել է շարունակ,որ Աշոտը իր գործունեությունից տեղյակ չի եղել,որ գաղտնի է գործել Աշոտից:Կարեն Մեհրաբյանը տալիս է 12 իրական մեղավորների անունները /դատախազ,գնդապետ,փոխգնդապետ եւ ուրիշներ/, նրանք մեզնից լավ գիտեն:Բայց նրանք ազատության մեջ են,իսկ մեղադրյալի աթոռին նստած են 5 անմեղ երիտասարդներ:Ու՞մ պատվերն են կատարում: Ինչ՞ու են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով:Ինչու՞ պետք է քանակ ապահովելու համար անմեղ մարդիկ պատասխան տան ուրիշների փոխարեն:



 



Այս քրեական գործը լի է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:Որդուս փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է 20-ից ավելի խախտումներ ու աղավաղումներ,բայց ո՞վ է բանի տեղ դնում.բոլորը վախենում են իրենց աթոռներից,պաշտոնները կորցնելուց:



 



ԱԱԾ քննիչ Ա.Թեւանյանը,տեսնելով,որ որդուս դեմ ոչ փաստ կա,ոչ ապացույց,ասել է.<<Բրթելով էլ լինի,քեզ դատելու եմ,որ գնացել ես Թուրքիա՝ աշխատելու>>:Այդ դեպքում ինչու չի դատում հայ ազգի 50 %-ին:



 



Ես մայր եմ եւ 30-ից ավել տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել եմ բազմաթիվ սաների,մի՞թե այդ ոճրագործները`քննիչ Ա.Թեւանյանը, դատախազ Ա.Ամիրզադյանը, դատավորներ Մ.Մարտիրոսյանը եւ Ա.Դանիելյանը մայրեր չունեն, խիղճ չունեն,որ մեղադրում են անմեղ մարդուն:Ես միամիտ մայր եմ ,որ շարունակ նամակներ եմ գրում <<ամեն ինչից անտեղյակ>> պարոն Սերժ Սարգսյանին,պարոն Աղվան Հովսեփյանին` օգնություն խնդրելով,արդարության սպասելով:Ես ուզում եմ բղավել,որպեսզի լսեն բոլորը.



 



-Որդիս անմեղ է ,անօրեննե՛ր:  



 



Դատավարությունների ընթացքում,որդիս,տեսնելով,որ անհիմն են մեղադրում իրեն,ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐ  է պահանջել,բայց մերժել են`ասելով,որ մասնագետ չունեն:



 



Որդիս Նոր կտակարանն է պահել ծախու դատախազ Ա.Ամիրզադյանի դեմքին,որ նայի խաչին.սուտ չխոսի:



 



Որդիս հացադուլ է հայտարարել`լսելի դարձնելու իր անմեղությունը,բայց իզուր.շուրջբոլորը կույր եւ խուլ են ձեւանում:



 



Այժմ գործը պետք է քննվի վճռաբեկ դատարանում:Ես միայն մի բան եմ խնդրում.



 



-ԱՆԱՉԱՌ ԵՂԵՔ, ՄԻ՛ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ ԱՆՄԵՂՆԵՐԻՆ: