Մահացել է երեխես, զինվոր երեխես...

Մահացել է երեխես, զինվոր երեխես...
Պատերազմող երկրի Աստվածը ծառայող զինվորը պետք է լինի: Զինվորի նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ ու ակնածությամբ պետությունը կարող է հայրենիքին ծառայելը դարձնել սրբազան պարտք: Այնինչ այսօր Հայոց բանակում, այն էլ՝ խաղաղ պայմաններում,  ծառայելը դարձել է պատերազմ գնալու պես մի բան:



 



Ծնողները, հարազատները այնպես են անհանգստանում ծառայություն գնացողի համար, ետեւից լաց լինում, հառաչում, ծնկներին խփում, որ ակամայից մտածում ես՝ ինչու՞ են անհանգստանում... Զինվորը պետության կողմից պաշտպանված չէ. սա է ամենակարճ պատասխանը: Շատ դեպքերում լրագրողն անգամ խուսափում է բարձրաձայնելուց, չէ որ ի վերջո խոսքը բանակի, երկրի խաղաղությունն ապահովող մարմնի մասին է... Մարտունակ բանակ ունենալու համար զինվորը պետք է համոզված լինի, որ ինքը երկրի ամենակարեւոր մարդն է, ով ապահովում խաղաղություն: Ինքը պահանջված է, սիրված, բանակի ղեկավարությունը, պաշտպանության նախարարությունը, Հանրապետության գլխավոր հրամանատարը դողում են նրա կյանքի համար... Սրանք չեմ թվարկում, որ չունենալու համար ախ քաշեք. սրանք ամենատարրական  նորմերն են, որ պետք է ապահովի երկիրը, այն էլ՝ պատերազմի մեջ գտնվող երկիրը: Իսկ ի՞նչ է մեր երկիրը անում: Արհամարհվում, նսեմացվում է զինվորը, զինվորի մայրը...



 



Բազմիցս եմ իմ հոդվածներում անդրադարձել այդ թեմային: Երբ վարչապետը հարկ չէր համարում ընդունել խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին, եւ նրանք տարիներ շարունակ արցունքներով թրջում ու շարունակում են թրջել կառավարության ու նախագահականի շենքերի աստիճանները, գրում էի՝ մի՞թե զոհվածի մայրը մի օլգարխի չափ չկա, որ մուտք ունենա պետական բարձրագույն կառույցներ... Ո՞վ էր լսում, ո՞վ էր արձագանքում... Նրանք միայն արձագանքում են իրենց ախորժակի անհագ տենչին... Եվ ահա թե ինչու է ծնողը սարսափում, երբ իր զավակին բանակ են տանում... Ու այսօր լսել զինվորի հոր աղիողորմ ձայնը. «Մահացել է երեխես, ինչ ասեմ, երեկ ժամը 4-ի, 5-ի կողմերը: Ինչպե՞ս նկարագրեմ, ինչ ասեմ, ես բառեր չեմ գտնում նկարագրեմ, խոսեմ» բառերը սովորական ներգործություն չեն ունենում. հայը մտածում է՝ այլեւս անհնար է ապրել մի երկրում, ուր զինվորը պաշտպանված չէ, զինվորը մտածում է՝ եթե ես էլ հայտնվեմ Արթուրի իրավիճակում, ես էլ կմատնվեմ անտարբերության...



 



Լսու՞մ եք գահի վրա բազմած պաշտպանության պաշտոնյաներ. Արթուրին որպես անհատ մի ընդունեք, նա զինվորի հավաքական կերպար է, նրա կամ մեկ ուրիշի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով է որոշվում, թե դուք որքանով եք սիրում ձեր երկիրը, ձեր երկրի զինվորին: Մի՞թե սովորական եք համարում, երբ զինվորի հայրն ասում է. «Փաստ է, որ տղաս ծառայության  մեջ է հիվանդացել, ահագին էդպես հիվանդ պահեցին, ձգձգվավ, մինչեւ երեխու վիճակը ծանրացավ: Բնական է , եթե ցանկացած մարդու էլ հիվանդ պահեն, ամեն ինչը տեղը տեղին չանեն չի դիմանա, սովորակա՞ն է՝»: «Արյան սուր հիվանդություն էր տղայիս մոտ, բուժման համար գումար էին խոստացել տալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ձգձգեցին, իսկ արդյունքը եղավ այն, որ իմ տղաս մահացավ»... Սովորակա՞ն է՝  «Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա, գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել: Որդուս թաղելուց հետո ես չեմ լռելու»:



 



Ես դիմում եմ մահացած զինվորի հորը: Հարգելի Արթուրի հայր, հարգելի Ռոմիկ, խաղաղ պայմաներում զոհվածների ծնողների, հարազատների կոկորդները չլռելուց չորացել են, արձագանք չկա՜... Այսօր ողջ ազգը հայտնվել է անտարբերության պատի առաջ. կամ պետք է խփենք գլուխներս պատին, ինչպես Սեւակն է ասում, կոտրենք մի լավ գլուխ, կամ պետք է մեր մաշկը թողնենք ու փախչենք... ուր աչքներս կտրի...  Այսօր ոչ միայն Արթուրի հայրը պիտի ասեր՝ մահացել է երեխես, այլ բանակը, պետությունը պիտի ասեր՝ մահացել է զինվոր երեխես...



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ