Աթաթուրքի և հայուհու սիրո պատմությո՞ւն

Աթաթուրքի և հայուհու սիրո պատմությո՞ւն
Թուրքական «Հյուրիյեթ» թերթին տված հարցազրույցում«Հերոսի տխուր սերը» գրքի հեղինակ Նեհիր Ռոգենդոր‎ֆ Էյուբօղլուն անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և հայուհու ենթադրյալ սիրո պատմությանը:Էյուբօղլուն շինարար-ինժեների կրթությամբ նախկին գերմանաբնակ մի թուրք է, ով այժմ ապրում է Թուրքիայում, հեղինակ է չորս գրքի և չորս պիեսի: «Hurriyet»-ի թղթակցին նա ասել է, որ ինքն անձամբ է ճանաչել վեպի հերոսուհուն` հայուհի Հերմինեին, որն էլ հենց 17 տարի առաջ իրեն պատմել է այս պատմությունը, համաձայն որի, Հերմինեն պատմել է, 1929-ի մի երեկույթի ժամանակ Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթանալու մասին, որտեղ Աթաթուրքն առաջին հայացքից հրապուրվել է Հերմինեով և նրան հրավիրել իր նստավայր` Դոլմաբահչե: Ըստ հեղինակի` Հերմինեն նույնպես անտարբեր չի եղել, և նրանք սկսել են պարբերաբար հանդիպել: Բայց բանը չի հասել ամուսնության երկու պատճառով: Նախ` տարիքային մեծ տարբերությունն է եղել, և երկրորդ`Աթաթուրքն ասել է, որ  ամուսնությունն իր համար չէ, քանի որ ինքն իրեն ամբողջությամբ նվիրել է թուրք ազգին:



Ըստ գրքի հեղինակի` Աթաթուրքը մի օր Հերմինեին ասել է. «Հայ լինես, հույն, թե` ռուս , ինձ համար տարբերություն չկա: Երբ քեզ տեսա, հենց առաջին հայացքից հասկացա, որ թուրք չես: Դու մի ծաղիկ ես, որը դեռ պետք է հասունանա:Ես քեզ շատ սիրեցի:»



Հեղինակը պատմում է, որ նրանց բաժանման պատճառը եղել է այն, որ հերթական անգամ, երբ Աթաթուրքը Հերմինեին հրավիրել է պալատ, վարչապետ Իսմեթ Ինոնյուն այս անգամ խոչընդոտել է աղջկա գալուն: Եվ  դրանից հետո Հերմինեին այլևս երբեք հնրավորություն չի տրվել հանդիպել Աթաթուրքին:




Ու թեև հեղինակը պնդում է, որ գրքում ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, բայց հայտնի լրագրող Թահա Աքյոլը, Աթաթուրքի մասին մի շարք գրքեր գրած Օղուզ Աքայը և Սինան Մեյդանը նշել են, որ չեն տիրապետում այդպիսի տեղեկության, պատմության ճշմարտացիությունն ապացուցված չէ: Թեման հետազոտող գրող Նեջդեթ Սաքաօղլուն նշել է, որ այդպիսի լուրեր եղել են, բայց անստույգ տեղեկությունների տեսքով միայն: Թուրք պատմաբան Դերյա Թուլգան էլ դա ոչ մի կերպ ապացուցելի իրողություն չի համարում: