«Որդիս անմեղ է, բոլորը պատվեր են կատարում» (լուսանկարներ)

«Որդիս անմեղ է, բոլորը պատվեր են կատարում» (լուսանկարներ)
«Ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարաններն են խախտումներ թույլ տվել որդուս գործի քննության հարցում, նույնը կանի Վճռաբեկը: Պահանջում եմ հետքննություն, բոլորը պատվեր են կատարում»,- նման հայտարարություններով այսօր հերթական անգամ հանդես եկավ 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Չտրկյանի մայրը՝ Անահիտ Չտրկյանը՝ ՀՀ նախագահական նստավայրի առջեւ:



Նրա խոսքով՝ իր որդու եւ մի քանի այլ երիտասարդների փոխարեն պետք է դատապարտվեն 12 այլ մեղավորներ, որոնց թվում կա դատախազ, փոխգնդապետ, գնդապետ:



«30-ից ավելի նամակներ եմ հղել Սերժ Սարգսյանին , Աղվան Հովսեփյանին եւ ՄԻՊ-ին. ոչ մի արձագանք: Ես եկել եմ նախագահականի առջեւ՝ հերթական անգամ պնդելու՝ որդիս անմեղ է»,-արցունքն աչքերին գոռում էր կինը,-«Էլ չեմ ուզում ապրել, սա անօրեն երկիր է, անօրեն դատական համակարգ: Թող իմ որդուն տան, հեռանամ էս երկրից»:



Հիշեցնենք, որ Աշոտ Չտրկյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38 /299 -րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության):



Չտրկյանը դատապարտվել է այս տարվա ապրիլի 6-ին, տասը տարվա ազատազրկման: Սա նրա երկրորդ դատվածություն է: Վերջինիս բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացրած իր կարծիքով՝ անարդարացի որոշմանը: