ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումը զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ
ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն եւ կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում:



 



Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ բուժման երկու տարբերակ՝ իմունոսուպրեսիվ բուժում եւ ոսկրածուծի փոխպատվաստում: Հիվանդի՝ ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով հետագա բուժումը կազմակերպելու նպատակով Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ տնօրինությունը պաշտոնապես դիմել է ՌԴ ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի, ՌԴ Սանկտ-Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության կենտրոններին եւ ք.Մինսկի 9-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցին, որոնք զբաղվում են այս հիվանդության բուժման հարցերով: Միաժամանակ, ոսկրածուծի դոնորների ռեգիստրի կողմից, որպես ոսկրածուծի դոնոր հետազոտվել է հիվանդի քույրը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս ունի անհամատեղելիություն հիվանդի հետ ու չի կարող հանդիսանալ որպես դոնոր:



 



ՌԴ ք.Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի կենտրոնի պրոֆեսոր բ.գ.դ. Ա.Մասչանի եզրակացության համաձայն՝ ոսկրածուծի համատեղելի արյունակից դոնորի բացակայության պայմաններում, որպես բուժման առաջին փուլ գերադասվում է կոմբինացված իմունոսուպրեսիվ բուժումը ցիկլոսպորինի եւ հակալիմֆոցիտար գլոբուլինի կիրառմամբ: Ռ.Յոլյանի անվան արյունաբանության ԳՀԻ-ի կողմից 31.10.2012թ. տրված կարծիքի համաձայն նշված բուժումը խիստ ծանր է եւ իր մեջ պարունակում է հետագա ծանր բարդությունների մեծ վտանգ եւ ցանկալի է բուժումը կազմակերպել ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի կենտրոնում: Զինվորին ք. Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլագիայի կենտրոն տեղափոխելուց հետո բժիշկների կողմից ձեռնարկվել են հիվանդության դեմ ժամանակակից բժշկությանը հայտնի հնարավոր բոլոր միջոցները՝ Արթուրի կյանքը փրկելու համար:



 



Բուժման ընթացքում վերը նշված կլինիկայի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ կնքվել է միջպետական պայմանագիր՝ Արթուրի բուժման համար անհրաժեշտ գումարը փուլ առ փուլ վճարելու նպատակով: Մոսկվայի Դ.Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության՝ զինվորի բուժման ընթացքի եւ մահվան հանքամանքների վերաբերյալ արված հարցմանն ի պատասխան հայտնել է, որ զինվորի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն չի եղել: Արթուր Քոչարյանի պատշաճ բուժման պրոցեսը իրականացվել է առանց որեւէ մեկի արձագանքը հաշվի առնելու, բժշկական կանոնների համաձայն: ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալ փաստաթղթային հիմանվորումներով:



 



ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արթուր Քոչարյանի հարազատներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ եւ հայտնում է իր զորակցությունը: