Վարչապետը չի մեկնի Գերմանիա եւ ԱՄՆ

Վարչապետը չի մեկնի Գերմանիա  եւ ԱՄՆ
ՀՀ վարչապետի այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի 197-Ա որոշմամբ չեղյալ են հայտարարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանկֆուրտ գործուղելու մասին» N 1053-Ա եւ «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 1054-Ա որոշումները:



 



Վարչապետի նոր որոշման մեջ գրված է, որ նա առաջնորդվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասով: Այդ մասիօն համաձայն, «իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռեւս չի կիրառվել եւ աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել»:



 



 



Գերմանիա պետք է մեկնեին 25 հոգի՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, մեկնողներից մեկն էլ վարչապետի կինն էր, նպատակը՝ հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելը, պատվիրակությունում կային լրագրողներ: ԱՄՆ պետք է մեկներ 21 հոգի՝ կրկին ՀՀ վարչապետի գլխավորությամբ, մեկնողներից մեկն էլ վարչապետի կինն էր: Այցի նպատակը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա «Արմթեք» համաժողովին մասնակցելն էր: