Պատասխան կտա Սամվել Բալասանյանի վարորդը

Պատասխան  կտա Սամվել Բալասանյանի վարորդը
Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին ասել է, որ Վրաստանի Ախալքալակի Ժդավոկա գյուղում մահացու ելքով պատահարի համար պատասխանատվության կկանչվի Հայաստանի քաղաքացի, Գյումրի քաղաքի բնակիչ Զորիկ Պետրոսյանը: Հայտնի է, որ Զորիկ Պետրոսյանը Գյումրու քաղաքապետի վարորդն է:



 



Հայկական լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են պտտվում, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի Բալասանյանի ավտոշարասյունը՝ 4 մեքենա, ուղեւորվելիս է եղել Բալասանյանի՝ Վրաստանում կառուցվող գարեջրի գործարան, մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել փողոցն անցնող Ռոզա Ներսիսյանին, որը տեղում մահացել է:



 



Լուրեր կան, թե վթարի պահին մեքենայի ղեկին եղել է անսթափ Սամվել Բալասանյանը: Նինո Գիորգոբիանին ասել է, որ նման տեղեկություն չունի:



 



Իսկ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ասել է. «Տեղեկությունները իրականության հետ, որեւէ աղերս չունեն: Վերջին 2 տարիներին, ինչ ես աշխատում եմ պարոն Բալասանյանի հետ, փառք Աստծո, նրա փոխադրամիջոցի հետ կապված որեւէ ճանապարատրանսպորտային պատահար չի եղել: Իսկ տարածված լուրերը Սամվել Բալասանյանին վարկաբեկելու հերթական անօգուտ սուտն է :Սամվել Բալասանյանը տարբեր ժամանակներում տարբեր վայրերում է եղել: Կոնկրետ այս տեղեկությունը այնքան սուտ եւ չհիմնավորված է, որ մանրամասնել, թե երեկ Սամվել Բալասանյանը որտեղ է եղել եւ ինչ է արել համարում եմ անօգուտ»: