Ամեն ինչ արվե՞ց՝ փրկելու լեյկոզով հիվանդ զինվորի կյանքը

Ամեն ինչ արվե՞ց՝  փրկելու լեյկոզով  հիվանդ զինվորի կյանքը
Չգիտեմ՝ պատահականությա՞մբ է այդպես ստացվում. երբ Հայաստանում որեւէ արտառոց, մամուլի կողմից «ծեծվող» մահ կամ արտառոց դեպք  է արձանագրվում, սկսվում է փոխհրաձգությունը: Նույնանման մի դեպք է մեջտեղ բերվում ու անմիջապես մոռացության տրվում կամ լռեցվում է հինը: Երեկ ողջ օրը մամուլը տարբեր դրսեւորումներով որակումներ էր տալիս Հայոց բանակի զինվոր Արթուրի մահվան առթիվ:



 



Հիմնականում ներկայացվում էին Արթուրի ծնողների սրտառուչ խոսքերը եւ  հարցազրույցներում հոր խոսքերն էին՝ մենք չենք լռելու: Ծնողներն իրենց որդու մահվան մեջ մեղադրում էին Պաշտպանության նախարարությանը՝ հապաղման, փողը ժամանակին չտրամադրելու համար:  Մամուլում զինվորի մահվանը համընթաց սկսեց խոսվել լիբանանցի հայ զինվորի մահվան մասին: Գուցե դրանք համընկնող պատահականություններ էին, բայց այդ պատահականություններն այնքան շատ են համընկնում, որ արդեն ընկալվում է որպես քաղաքականություն: Այսպես հասկացա՝ հայ զինվորի մահ ամեն տեղ էլ լինում է, իզուր է աղմուկ բարձրացվում: Սա ժողովրդի գլխին սառը ջուր լցնելու կրկնվող քաղաքականություն է:



 



Տեւական ժամանակ արձագանք չեղավ եւ այսօր, երբ այդ ֆոնի վրա ոնց որ թե մեղմվել է դեպքը, ՊՆ Մամլո խոսնակ Արծրուն Հովհանիսյանի արձագանքն եմ կարդում. «Որեւէ մեկին չի հետաքրքրում, որ դու փաստեր կներկայացնես, կհիմնավորես, որ իրավաբանորեն մենք չէինք էլ կարող մեր երկրում ինչ-որ այլ բան անել, որ առանց որեւէ մեկի վայնասունի մենք այդ երեխային տանում էինք Մոսկվա կամ հարցումներ էինք կատարում, որ ծնողները մեր մոտ շնորհակալությունների հորձանք էին թափում, իսկ ոմանք պնդում են, որ ՊՆ-ն նրանց թշնամին է: Որեւէ մեկին, իհարկե, հետաքրքիր չէ, որ մենք արել ենք շատ բան, որ ուղղակի մարդկայնորեն ենք արել՝ առանց պարտականության ու իրավունքի»:



 



Նման երկրում ինչպե՞ս իրեն դրսեւորի լրագրողը, երբ ծնողների ու ՊՆ խոսքերը չեն համընկնում, ինչպե՞ս արձագանքի... Հարգարժան մամլո խոսնակի «...որ մենք արել ենք շատ բան, որ ուղղակի մարդկայնորեն ենք արել՝ առանց պարտականության ու իրավունքի» բառերը շամփուրի նման են իջնում ու զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է  նման բան ասել մի կառույցի խոսնակ, ով ողջ Պն է ներկայացնում: Առանց պարտականության, մարդկայնորեն: Ծնողը ինչպե՞ս կարող է խոսել պարտականության եւ իրավունքի մասին, ինչպե՞ս կարող է թույլ տալ իրեն, որ իր զավակի մահվան մասին իրեն մեղադրեն... Սա պարադոքս է, երբ մամուլի խոսնակը հիվանդության ու մահվան ինչ որ թերթիկ է ներկայացնում հանրությանը, որպեսզի նա համոզվի, որ մահվան պատճառը ինչ որ մի սարսափազդու հիվանդություն է... Երբվանի՞ց է ժողովրդի ու ՊՆ-ի միջեւ կասկածի այդ որդն առաջացել եւ քայքայում պտուղը: Ինչու՞ է մամլո խոսնակն արդարանում. «Բառացիորեն մի քանի օր առաջ ԱՄՆ-ում վիրահատության ժամանակ մահացավ հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:



 



Այո, ԱՄՆ-ում, որտեղ իբր բժշկությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Քչերը իհարկե անդրադարձան այդ թեմային՝ մեղադրելով ամերիկյան ամենակարող բժիշկներին»: Ասեմ, որ այդ քչերի մեջ նաեւ ես էի, որ  Հրապարակ թերթում գրեցի «Ինչի՞ց մահացավ Ֆլորան, մեր Ֆլորան, այն էլ՝ ամենազոր Ամերիկայում» վերտառությամբ հոդվածը, որը ամենաընթերցված հոդվածը համարվեց, որովհետեւ կար այդ հարցի պահանջարկն օրակարգում: Այսօր այլ հարցի պահանջարկ կա՝ ամեն ինչ արվե՞ց՝ փրկելու լեյկոզով հիվանդ զինվորի կյանքը,  ժամանակին ախտորոշվե՞ց... օգնություն ցույց տրվե՞ց... փող տրամադրվե՞ց... բարձրակարգ կլինիկա տեղափոխվե՞ց... Եթե նյութական հնարավորություն ունեցող ծնողի զավակ լիներ, կփրկվե՞ր... Հնարավոր կլինե՞ր՝ անմիջապես աշխարհի ծայր հասցնելու ու փրկելու իր զավակին: Օրինակները շատ են, իսկ Արթուրը երիտասարդ էր, կդիմանար, կպայքարեր... Արթուրը զինվոր է, իսկ զինվորի կյանքի համար պատասխանատու է ողջ հանրությունը, երկիրը: Վկայությունը՝ երբ բանակ չունեինք, կամավորներին ժողովուրդն էր պահում...



 



Այս հարցերը պետք է իրեն տա Պաշտպանության նախարարությունը ու սիրող ծնողի նման առաջինն ինքը ցավա՝ ամեն ինչ ժամանակին չարվեց կամ չկարողացացավ արվել... Աստված չանի, եթե նման դեպք բարձրաստիճաններից որեւէ մեկի զավակի հետ պատահեր, նա աշխարհը շուռ չէ՞ր տա... Միլիոններ են ծախսվում, տարբեր գաղափարա- դաստիարակչական շտատներ պահվում, որ բարձրացնեն բանակի, զինվորի մարտունակությունը, մի՞թե Արթուրին փրկելու փոքրիկ օրինակը ամենամեծ դասը չէր լինի...  Ինչու՞ է հասցվել այն կետին, որ զինվորի հայրը ասի. «Փաստ է, որ տղաս ծառայության  մեջ է հիվանդացել, ահագին էդպես հիվանդ պահեցին, ձգձգվավ, մինչեւ երեխու վիճակը ծանրացավ: Բնական է , եթե ցանկացած մարդու էլ հիվանդ պահեն, ամեն ինչը տեղը տեղին չանեն չի դիմանա»: Մի՞թե «շնորհակալության հորձանք թափող» ծնողը կարող է ասել. «Արյան սուր հիվանդություն էր տղայիս մոտ, բուժման համար գումար էին խոստացել տալ Պաշտպանության նախարարությունից, սակայն ձգձգեցին, իսկ արդյունքը եղավ այն, որ իմ տղաս մահացավ»...



 



Կամ ինչու՞ պետք է զինվորի հայրը փնտրեր ու գտներ ամենաէժան հիվանդանոցը... Ինչուները շատ են եւ մամլո խոսնակի բառերը՝ «Որեւէ մեկին չի հետաքրքրում, որ դու փաստեր կներկայացնես, կհիմնավորես, որ իրավաբանորեն ...» բառակապակցությունը հնչում է որպես դաժան ճշմարտություն: Այս պարագայում, իրոք, անտեղի են փաստերն ու հիմնավորումները:  Փաստերի փոխարեն ընդամենը պահանջվում էր սիրող ծնողի սիրտ, որն այս պարագայում պետք է ցուցաբերեր Պաշտպանության նախարարությունը: Չեմ կարող չանդրադառնալ նաեւ Լիբանանում մահացած հայ զինվորի մահվանը, որի տեղեկատվությունը երեկ ողջ օրը Արթուրի մահվանը համընթաց սրընթաց արշավում էր :  Հայ զինվորը ծառայում էր Լիբանանի բանակում եւ նրա կորուստը կորուստ էր Լիբանանի բանակի համար:  Այդ թեման անընհատ հնչեցնելը Արթուրի մահվան կողքին, համարենք, որ իմ կողմից չընկալվեց:



 



Լիբանանից տեղեկացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը.  «Լիբանանեան բանակի հրամանատարութիւնը երէկ հրապարակեց հաղորդագրութիւն մը, որու մէջ ան գուժեց «աւագ յիսնապետ» Սամսոն Անդրանիկեանի նահատակութիւնը՝ նշելով, որ ան երէկ առաւօտեան զոհ գնաց, Ժունիէի մէջ (Լիբանանեան շրջան) իր հետապնդած ապահովական պարտականութեան ընթացքին: Նահատակ յիսնապետը Ժունիէի մէջ կը հետապնդէր Հասան Ահմէտ Ղարիպը, որ դատական իշխանութիւններու կողմէ պահանջուած էր բազմաթիւ յանցանքներով: Ղարիպ կրակ բացած էր զինք հալածող բանակի շրջուն ջոկատին դէմ: Բանակի ջոկատը իր կարգին կրակ բացած էր յանցագործին դէմ, որ վիրաւորուած էր ու ձերբակալուած եւ յանձնուած համապատասխան դատական իշխանութիւններուն: Սամսոն Անդրանիկեան ծնած է 1971-ին՝Պուրճ Համուտ: Ան բանակի հրամանատարութեան կողմէ շքանշաններու տիրացած է: Ամուսնացած է, եւ ունի մէկ զաւակ»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ