Ոստիկանությունն օգնություն է խնդրում «Հրապարակից»

Ոստիկանությունն օգնություն է խնդրում «Հրապարակից»
Մոտ մեկ ամիս առաջ գրել էինք, որ, Մեղրիում շրջանառվող լուրերով, հոկտեմբերի վերջին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Ռուբեն Հայրապետյանի խնամին, մի խումբ զինվորականների հետ որս է արել եւ Կարմիր գրքում գրանցված քարայծ որսացել: Գրել էինք նաեւ, որ Խլղաթյանը որսի սիրահար է եւ հաճախ է գնում Մեղրի՝ որսի: Երեկ պարզվեց, որ մեր հրապարակման հիման վրա ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:



 



Գործով զբաղվող քննիչը երեկ գրություն էր ուղարկել եւ մեզ խնդրել տրամադրել ինֆորմացիայի աղբյուրը կամ տեղեկություն այն անձանց մասին, որոնցից ստացվել է տեղեկատվությունը: Թերեւս ոստիկանության Մեղրիի բաժնում տեղյակ չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի մասին կամ էլ մոռանում են, որ հանցագործություն բացահայտելն իրենց գործառույթն է, ինչպես մերը գրելն է ու խնդրի մասին բարձրաձայնելը:



 



Մենք պարզեցինք նաեւ, որ Խլղաթյանը բացատրություն է տվել եւ հերքել քարայծի որսը, ինչը եւ ենթադրելի էր: Ոչինչ՝ անգամ հարցաքննությունն արդեն զսպող դեր կխաղա, եւ որսասեր պաշտոնյաներն ու օլիգարխները կհասկանան, որ Կարմիր գրքում գրանցված կենդանի խփելն անմեղ բան չէ. մի օր դրա համար կարող են պատասխան տալ: