Հոկտեմբերի 27-ին Պանթեոն գնացող իշխանավորները չկային

Հոկտեմբերի 27-ին Պանթեոն գնացող իշխանավորները չկային
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բոլորովին այլ առիթով էին հավաքվել. Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի, ամուսնու կյանքն ու գործունեությունը ներկայացնող «Հիշատակ» հայերեն եւ ռուսերեն գրքի շնորհանդեսն էր:



 



Իսկ թե ինչու է վերնագրված «Հիշատակ», տիկին Դեմիրճյանն այսպես բացատրեց. «Էքզյուպերին ասում է՝ այն, ինչ որ իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաեւ մահը: Ես, կիրառելով այդ միտքը Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, ինձ թույլ տվեցի այդպես արտահայտվել՝ այն, ինչ որ իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաեւ հիշատակը: Մարդն ինչպես ապրում է, այնպես էլ հիշվում է: Ես ուզեցի ցույց տալ այս գրքով, որ Կարեն Դեմիրճյանի հիշատակը լուսավոր ու չխամրող է»:



 



Իսկ արդյո՞ք հարազատ ու սիրելի մարդու մասին հուշագրության մեջ կարողացել է օբյեկտիվ լինել հեղինակը: «Գրքում կան փաստաթղթեր, որոնք անհերքելի են, օգտվել եմ նաեւ Դեմիրճյանի օրագրություններից, բացի այդ, փորձել եմ սերունդներին կենդանի ներկայացնել՝ պատմելով որոշ մանրամասներ, դեպքեր, կատակներ նրա կյանքից: Սա փաստավավերագրական գիրք է, որից ճշմարտությունը չի տուժել»,- ասում է տիկին Դեմիրճյանը: Իսկ որոշ փաստաթղթերի ու դեպքերի մասին արդյոք դեռ վաղ չէ՞ հրապարակելը: «Այո, կան այդպիսի գրառումներ, որոնք ես հիմա չեմ հրապարակի: Կարենը գրառումներ էր անում, որպեսզի հետագայում ժամանակաշրջանի պատմությունն էլ գրի, այնպիսի մանրամասնություններ է տվել, որ կարելի է պատկերացնել, թե ինչ մթնոլորտ էր տիրում, բայց հիմա գրելու բան չի դա»:



 



Իսկ Կամերայինի համեստ դահլիճը թեեւ լեփլեցուն չէր, ինչպես վայել կլիներ Կարեն Դեմիրճյանին, եւ նույնիսկ դատարկ աթոռներ կային, սակայն ներկա էր մեր հասարակության որակյալ հատվածը: Շատ ոգեւորիչ էր ու արժանապատիվ, որ ներկաների գերակշիռ մասը գրականության, արվեստի, մշակույթի, գիտության գործիչներ էին, հանրապետությունում ճանաչված մտավորականներ: Իշխանավորներից, որոնք հոկտեմբերի 27-ին կամ ամեն պատեհ ու անպատեհ առիթով՝ ձեւ բռնած, գովեստի խոսքեր են շռայլում ազգային հերոսի հասցեին, ոչ ոք ներկա չէր: Դահլիճում էր միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ պատգամավորների ուղեկցությամբ, Ռաֆֆի Հովհաննիսյանը եւ Արամ Կարապետյանը: Կ. Դեմիրճյանի այրին այդ իշխանավորների բացակայության առիթով նկատեց. «Նախ, մենք հատուկ չենք հրավիրել, եւ հետո՝ իրենց գործն է, դժվարանում եմ ասել»:



 



Ցերեկույթին ներկա էր նաեւ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, ով դեռ չէր հասցրել ընթերցել գիրքը՝ տեսողական խնդիրների պատճառով, սակայն ասաց, որ բուժվելուց հետո անպայման ընթերցելու է: Փոխարենը՝ տեսողական խնդիրը նրան չէր խանգարում հստակ «տեսնել», թե վերջին 13 տարում ինչ է կատարվում երկրում: «Մեր ժողովրդի մեջքը կոտրեցին, եւ մինչեւ հիմա այդ կռացած վիճակից չի կարողանում շտկվել: Իսկ երկիր չի մնացել, երկրի տերերին վերացրին, ես տերեր ասելով՝ Հրանտ Մաթեւոսյանի «Տերն» եմ հիշում՝ Ռուսլանին. ձեռ չտվեց, աշխատանքից հանեցին, վերացրին ասպարեզից: Այ այդպես՝ ձեռ չտվեց, երկրի տերերին վերացրին, գլուխները կերան, երկիրն էլ բաժան-բաժան արեցին, երկի՞ր մնաց, ժողովո՞ւրդ մնաց: Ավերվեց ամեն կողմից: Տնտեսության վիճակը չի, որ ժողովրդին ստիպում է լքել երկիրը, այլ այն, որ ապագայի նկատմամբ որեւէ երաշխիք չունի եւ չգիտի իրեն ինչ է սպասվում, իր երեխաներին ինչ է սպասվում: Անպաշտպան է, անօրինական երկիր է, ժողովուրդն էլ անարդարություն տեսնելիս չգիտի, թե ում դիմի, ինչ անի: Դա է կարեւորը, որ չկա»,- դառնացած ասում էր Գրետա Սարգսյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ