Ձեզ թյուրիմացության մեջ են գցել

Ձեզ թյուրիմացության մեջ են գցել
Նոյեմբերի   23-ի համարում մենք ներկայացրել էինք «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի պատմությունը` «Երեւանի աղքատների միակ հիվանդանոցը վաճառվելու է» վերտառությամբ, եւ զրուցել կենտրոնի տնօրենի հետ: Հոդվածի առիթն անանուն նամակն էր, որի հետքերով գնացել էինք:



 



Օրերս մենք կրկին նամակ ենք ստացել, որտեղ կենտրոնի «անանուն» աշխատակիցներն անդրադարձել են հոդվածին եւ հերքել տնօրենի որոշ ասածները: Նամակում կա նաեւ մեղադրանք մեր հասցեին, թե ինչու ենք տնօրենի մտքերը «հալած յուղի տեղ ընդունել»: Բայց եթե դրանում կա մեղավոր՝ իրենք են: Թաքնվելու փոխարեն եթե բացճակատ հանդես գային, եւ մեր լրագրողը հնարավորություն ունենար միաժամանակ զրուցել եւ տնօրենի, եւ դժգոհ աշխատակիցների հետ, հոդվածն էլ երկկողմանի կլիներ: Ամեն դեպքում տպագրում ենք նրանց երկրորդ արձագանքը:



 



«Առաջին հերթին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում իր հուսահատության ճիչը հանդիսացող նամակին արձագանքելու համար:



 



Նամակը, ինչպես ինքներդ կարող եք հաստատել, ներհիվանդանոցային «տնօրեն-ենթակա» փոխհարաբերությունների հետեւանք չէ, այլ մեր միակ հանրային բժշկական կենտրոնը նենգաբար սեփականաշնորհելուց փրկելու վերջին մի ճիգ: Պաշտոնապես հիվանդանոցը տրվում է «հավատարմագրային կառավարման», որն իրականում համարժեք է վաճառքի:



 



Ձեր հոդվածագիր Սյուզան Սիմոնյանը, լրագրողին հարիր բարեխղճությամբ, կենտրոնի տնօրենին հնարավորություն էր ընձեռել մեր կողմից հնչեցված ահազանգի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելու:



 



Ցավոք, պարոն Պետրոսյանը, համընդհանուր օրինական անհանգստությունը փարատելու փոխարեն, դարձյալ կեղծ «փաստարկներով» ապատեղեկացրել ու, թացը չորին խառնելով, ապակողմնորոշել է պարկեշտ լրագրողին:



 



Հետեւաբար, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մատնանշել հոդվածում տեղ գտած այն միտումնավոր սխալները, որոնցում լրագրողը, թերեւս, կարող էր եւ չհասցնել խորանալ: Բայց հարկային տեսչությունն ու դատախազությունն առանց դժվարության դրանք կպարզեն:



 



Եվ այս ամենն այն պահին, երբ հանրապետության նախագահը առողջապահությունը ստվերից դուրս բերելու կոչ է անում:



 



Այսպիսով.



 



. Պարոն Հայկ Պետրոսյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ոչ թե 3, այլ 6 ամիս առաջ:



 



. Երվանդ Զախարյանի դուստրը ոչ թե շարքային բժշկուհի է, այլ՝ տնօրենի տեղակալը (օժիտի ավանդույթը մնում է ուժի մեջ):



 



. Հենց բուժկենտրոնի տարածքում մինչ օրս առոք-փառոք աշխատող նախորդ տնօրենի 214 մլն «ջեռուցման» պարտքը, վիրաբուժության բաժնի վարիչի ու այլ բժիշկների «կասսայով չանցած» եկամուտները հայտնաբերված, բայց տնօրենը նոյեմբերի 1-ից անցել է «սպիտակ կասսայի»:



 



Ըստ Պետրոսյանի՝ այսուհետեւ ո՛չ մի բժիշկ որեւէ հիվանդից գեթ մի կոպեկ կողմնակի եկամուտ չի կարողանա ունենալ: Բրա՛վո:



 



Բայց այդ դեպքում ինչո՞ւ եւ ինչպե՞ս են բժիշկները հոգալու իրենց ընթացիկ աշխատանքային կարիքները:  Չէ՞ որ հիվանդանոցի տնօրինությունը չի մատակարարում ո՛չ սպիտակեղենը,  ո՛չ կահույքը, ո՛չ դեղորայքը, ո՛չ գործիքները, անգամ օճառն ու թուղթը: Ո՞ր օրենքով (կամ օրինազանցությամբ) մինչեւ վերջին լուման «կասսա» հանձնած բժիշկն իր գրպանից պետք է վճարի հիվանդանոցի ընթացիկ ծախսերը:



 



. Կենտրոնի դահլիճի առավելագույնը 6 հազար դրամ արժողությամբ աթոռների համար Հայկ Հայկիչը յուրաքանչյուր աշխատակցից 10 հազար 500 դրամ է գանձել: «Իրենց ցանկությամբ» իրենց հաշվին արձակուրդ վերցնողներն այս անգամ էլ լռել ու… մուծվել են:



 



. Ի դեպ, հոդվածում մի ամբողջ պարբերություն է հատկացված վճարումների «թվաբանությանը», որը ոչ այլ ինչ է, քան Պետրոսյանի հերթական աճպարարությունը: Կատակասեր «Մենք ենք, մեր սարերի» երկրպագուն կրկին բժիշկներին «գող» է որակում, բայց այս անգամ՝ թվաբանորեն: Այնինչ նա օրենքով սահմանված 30% բոնուսներն ինքնակամ էր իջեցրել 10 %-ի, որոնք ստիպված էր վերականգնել, թեեւ լրագրողին ստում է՝ իբր իր շնորհիվ այսուհետեւ 20%-ը պահումներով դառնում էր 12%: Իսկ իր «վեհանձնաբար» վերականգնած 30%-ից պահումներ չե՞ն լինելու:



 



. Միայն իրեն հասկանալի թվաբանությամբ՝ ստամոքսի մասնահատման օրինակին միտումնավոր հակադրում է ամբուլատոր ծառայության սակագները, որոնք թերեւս անփորձ ականջին կարող են համոզիչ թվալ:



 



Ինչո՞ւ է թաքցնում, որ նշված 600-650 հազար դրամի 40%-ը պետք է բաժանել առնվազն 200 հոգու միջեւ:



 



. Որեւէ մեկն ի վիճակի՞ է արդյոք հասկանալու եւ մեզ բացատրելու, թե ինչ սկզբունքով է գոյանում բժշկի աշխատավարձը: Ի՞նչ է նշանակում՝ «…հիմա նրանց տալու եմ ամենաբարձր տոկոսները…», չէ՞ որ բոնուսները նախարարությունն է սահմանել, ըստ մասնագիտությունների, ուստի միայն նախարարը կարող է դրանք վերանայել: Այդ ո՞ր մասնագետի մասին է խոսում պարոն Պետրոսյանը կամ ի՞նչ կտրված ձախ գումարների… Այնպիսի տպավորություն է, որ միայն նա է անտեղյակ բժիշկների անմխիթար վիճակից ողջ ԱՊՀ տարածքում:



 



Պետրոսյանն ամաչում է, որ հիվանդանոցը հայտնի է որպես աղքատների վերջին ապավեն… մեկ ուրիշը դրանով կհպարտանար, այն է՝ լավագույն մասնագետներն են ծառայում չունեւոր դասակարգին՝ մեր ժողովրդի մեծամասնությանը:



 



Խեղճն ի՞նչ իմանա, որ միշտ ազնվագույն ֆիլանտրոպներն ու բարեգործներն են հիմնել ու հովանավորել հիվանդանոցները…



 



Այսօր էլ մենք վստահ ենք, որ միայն ՀՀ կառավարությունն ու հանրային կարծիքը կկարողանան պահպանել մայրաքաղաքի միակ պետական բուժկենտրոնը ներկայիս կարգավիճակում, ինչպես ժամանակին դա արեց երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Թյուր քննադատության չենթարկվելու մտահոգությամբ, կրկին անգամ Ձեր ներողամտությունն ենք հայցում նամակի անստորագիր լինելու համար: Սակայն կյանքը ցույց է տվել, որ ոմանք վրեժ են լուծում նույնիսկ տարիներ անց…:



 



Խորին հարգանքով՝ «Քանաքեռ-Զեյթուն» կենտրոնի մի խումբ աշխատակիցներ»