Աշտարակի ձորով «թուրքերն» են անցել

Աշտարակի ձորով «թուրքերն» են անցել
Եթե Հայաստանը շատ դեպքերում պարծենալով ասում են՝ «թանգարան բաց երկնքի տակ», ապա սխալված չենք լինի, եթե ասենք, որ Աշտարակ քաղաքն այդ թանգարանի ամենակարեւոր մասնիկներից է: Բազում եկեղեցիները, կոթողները, խաչքարերը հրապուրել են ու կհրապուրեն թե՛ մեզ, թե՛ դրսից եկած զբոսաշրջիկներին:



 



Անշուշտ կհիշենք՝ մի քանի տարի առաջ Հայաստանը վերին իշխանության մակարդակով հռչակվել էր զբոսաշրջության երկիր, ու պատեհ- անպատեհ  առիթներով թմբկահարվում էր զարգացող ու լուսավոր ապագա խոստացող զբոսաշրջությունը: Այն ջերմուկի ու պեռլիտի նման պետք է փող բերեր մեր երկրին: Արդյունքում, այն վայրերը, որտեղ կուզենար հայտնվել զբոսաշրջիկը, տառացիորեն անտերության են մատնված: Ահավասիկ, Աշտարակի ձորը հին կամրջի կողմից: Այս փոքր տարածքի վրա կան մի քանի անգնահատելի պատմամշակութային արժեքներ, որոնց ավտոմեքենայով մոտենալը գրեթե անհնարին է, որովհետեւ ճանապարհը նախորդ դարավերջից կարծես ռմբահարված լինի: Լավագույն դեպքում վարորդները համաձայնում են հասնել մինչեւ Կարմրավոր եկեղեցի, իսկ դրանից այն կողմ միմյանց հաջորդում են նախորդ դարասկզբին (1905թ.¤ կառուցված բաղնիքը, 17-րդ դարում կառուցված կամուրջը, հայտնի ջրաղացը, երեքհազարամյա մայր առուն, Սուրբ Սարգիս եկեղեցին, պատմական Դարաբավորը եւ այլն:



 



Ճանապարհի քայքայման հիմնական պատճառը երեքհազարամյա մայր առուն է, որը տեղ-տեղ վերանորոգման կարիք ունի, սակայն չի կարեւորվում թե՛ համապատասխան կառույցների, թե՛ Աշտարակի քաղաքապետարանի  եւ հատկապես եկող-գնացող քաղաքապետերի կողմից: Դե իսկ մարզպետն ու մարզպետարանն էլ զբաղված են միայն ընտրություններ կազմակերպելով, եւ Աշտարակն ու պատմական հուշարձանները նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում: Այս խնդրում մի հուսադրող փաստ կա միայն. սկսած 1990 թվականից՝ Աշտարակի բոլոր քաղաքապետերի թեկնածուների նախընտրական ծրագրի ամենակարեւոր դրույթը եղել է մայր առվի եւ ձորի ճանապարհի վերանորոգումը: Սակայն խոստումն ուժը կորցրել է, երբ քաղաքապետի թեկնածուն հասել է լուսավոր բարձունքին` աթոռին: Այդպես՝ մինչեւ հիմա:



 



Այստեղ ակամայից հարց է առաջանում. ի՞նչ տարբերություն խաչքարերը ջարդող վանդալների եւ հանցավոր անտարբերություն դրսեւորող քաղաքային իշխանության, եկող ու գնացող քաղաքապետերի միջեւ: Դրան զուգահեռ, Աշտարակի ձորն օր օրի լցվում է նոր ռեստորանահյուրանոցային համալիրներով, որոնց տերերը ոչ թե աշտարակցի են, այլ մայրաքաղաքում, պետական օղակներում տարբեր պաշտոններ զբաղեցնող, աշխատավարձով ապրող եւ ձեռի հետ էլ աշխատավարձից ետ գցելով՝ կառուցապատում են ձորը: Հետաքրքիր է, սրանք ի՞նչ վերաբերմունք են դրսեւորում քաղաքապետարանի գանձանակի նկատմամբ, եթե դրական, ապա  քաղաքապետարանը կարող է գոնե այդ միջոցներից հատկացում անել ձորի ճանապարհը կառուցապատելու համար: Վերջիվերջո զբոսաշրջության զարգացումը նպաստելու է քաղաքի զարգացմանը, որը տեսանելի եւ շոշափելի է անմիջապես, սակայն հանգամանքների բերումով առաջացել է չինովնիկության մի տեսակ, որ ներդրումների հետ հույսեր չի փայփայում, որովհետեւ աչքը միտված է պետական գանձանակին, չէ՞ որ դրանից գողություն անողներին չեն պատժում կամ հազվագյուտ են պատժում: Այս հոգեբանությունն է, որ Աշտարակը դարձրել է քաղաք, որտեղով թուրքերն են անցել:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ