Շարունակում են ման գալ «Խոսրովի» տնօրեն

Շարունակում են ման գալ «Խոսրովի» տնօրեն
Նոյեմբերի 28-ին բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այդ օրն անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը (հայտնի «Նոնո» մականունով) չի նշանակվել այդ պաշտոնում, քանի որ դիմում է գրել եւ հրաժարվել պաշտոնից:



 



Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ այդ մարդը շատ հեռու էր այն հատկանիշներից, որոնց պետք է մասնագիտորեն տիրապետեր արգելոցի տնօրեն լինելու համար, առավել եւս «Խոսրովի» նման, որը ոչ միայն ազգային, այլեւ միջազգային նշանակություն ունի:



 



«Գիտնականի պատրաստվածություն ունեցող, ազնիվ, նվիրված եւ ուժեղ մարդ լինի, որը կարողանա բոլոր ճնշումներին դիմադրել, նաեւ կարողանա կանգնեցնել որսագողությունը: Բավականին դժվար է, որ մի մարդու մեջ զուգակցվեն այդ բոլոր հատկանիշները, բայց պետք է գտնենք: Դա ոչ միայն գիտական, նաեւ միջազգային նշանակություն ունեցող հիմնարկ է, եւ նրա տնօրենը պետք է կարողանա շփվել միջազգային ասպարեզում»,- պարզաբանում է Կարինե Դանիելյանը: Հնարավո՞ր է, որ տնօրենի պաշտոնի համար առաջիկա մրցույթում նորից նման մեկը նշանակվի, տիկին Դանիելյանն ասում է. «Այդ դեպքում ամբողջ պայքարն անիմաստ կլինի: Ցավոք, բնապահպանության ոլորտը մեզանում ընկալվում է իբրեւ մնացորդային երեւույթ, եւ ամեն մեկը կարող է աշխատել, ի՞նչ կա որ, բայց դա այդպես չէ: Բնապահպանությունը շատ լուրջ գիտություն է, շատ լուրջ ասպարեզ է միջազգային հարաբերությունների համար, որը մեզանում այդքան լուրջ չի ընկալվում: Հուսանք, որ նորմալ թեկնածու կլինի, եւ բոլորս պետք է օգնենք, որ ամեն ինչ ճիշտ լինի»:



 



Իսկ «Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպությունը հայտարարություն էր տարածել Խոսրովի անտառի եւ արգելոցի տնօրենի զավեշտալի պատմության առիթով, որտեղ նշված է. «Ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ. Նոնոն հրաժարվեց տնօրենի պաշտոնից, համաձայն իր իսկ դիմումի, չնայած որ ինքը հարցազրույցի ժամանակ հավաքել էր 85 միավոր, որը թույլ էր տվել իրեն 3 օր հետո դառնալ «Խոսրովի» տնօրեն: Հալալ ա իրան (կամ էլ ինչ-որ մեկին), որ ինքնակամ հրաժարվեց, բայց բաց է մնում մեկ ուրիշ հարց, շատ բարձր մակարդակով (բնապահպանության նախարարության ներսում) ստեղծված հանձնաժողովը, նախագահը՝ բնապահպանության նախարարը, անդամները՝ փոխնախարար, գործակալության պետ եւ այլն. ինչպե՞ս կարող էին նման բարձր գնահատական տալ, գովեստի խոսքերի արժանացնել մի մարդու, որը նույնիսկ չէր կարողանում կարդալ իր առջեւ դրված շպոն, ինչը նրան սիրալիր տրամադրեց եւ բացատրական աշխատանք տարավ բնապահպանության նախարարության աշխատակցուհին: Ամբողջ հանրապետությունն ականատես եղավ էս խայտառակ գործընթացին: Հարց է ծագում. ինչպե՞ս եղավ, որ պարոն նախարարը եւ նրա բարձրաստիճան թիմակիցները փորձ արեցին նշանակել նման անձին արգելոցի տնօրեն: Ստեղծվում է տպավորություն, որ բարձրաստիճան հանձնաժողովի մակարդակը ոչնչով չի տարբերվում Նոնոյի մակարդակից, կամ էլ հակառակը՝ Նոնոյի մակարդակը եւ գիտելիքները բավականին բարձր էին բարձրաստիճան հանձնաժողովի անդամների…»:



 



Հուսանք, որ հաջորդ անգամ մրցույթ հայտարարելիս բնապահպանության նախարարությունը ստիպված չի լինի իջնել Նոնոյի մակարդակին: Իսկ համապատասխան թեկնածու առայժմ չունեն աչքի առաջ, ինչպես Կարինե Դանիելյանը նշեց, հասարակական կազմակերպություններն աշխատում են այդ ուղղությամբ, իսկ թե բնապահպանները կառաջարկեն իրենցից որեւէ մեկի թեկնածությունը, առայժմ չգիտեն: Այդ հարցին երիտասարդ բնապահպանները պատասխանում են, որ այլ բան է լինել ակտիվիստ, այլ բան է լինել տնօրեն, որ իրենց գործն այդ ուղղությամբ պայքարելն է, եւ չեն պատրաստվում տնօրեն դառնալ:



 



Այս օրերին աջ ու ձախից մեղադրանքներ են հնչում երիտասարդ բնապահպան ակտիվիստների հասցեին, թե միայն միտինգ անելու են ընդունակ ու հարցազրույցներ տալու, երբ հերթը հասնում է գործ անելուն՝ չկան: «Ո՛չ, ես մասնագետ չեմ, բայց պատրաստվում եմ վերահսկել ընթացքը, տնօրենի ընտրությունները եւ այսուհետ նրա գործունեությունն ընտրվելուց հետո: Ես, այսպիսով, բնապահպանների կարծիքն եմ արտահայտում, ոչ միայն իմ: Մենք, փաստացի, ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺՆԻ գործն ենք մեր վրա վերցրել, քանզի նախարարությունը միայն «ուսումն առած» որսագողերի է առաջադրում, մեզ վրա պարտավորություն վերցրինք հայթայթել գրագետ մասնագետների, հանրայնացնել այս խնդիրը ողջ հանրապետությունով մեկ, որ ընտրվի ԼԱՎԱԳՈՒՅՆ թեկնածուն, կադրը, արժանին: Դուք էլ կարող եք օգնել՝ ձեր լրատվամիջոցով հայտարարություն տարածելով: Ու դեռ շարունակում ենք ման գալ… Բայց սա բոլորիս գործն է»,- ասում է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ