Թիթիզ-միթիզ բաներով շենքս մի փչացրեք

Թիթիզ-միթիզ բաներով շենքս մի փչացրեք
Երկուշաբթին՝ դեկտեմբերի 3-ը, Հաշմանդամների միջազգային օրն էր, թերթերը մեկ օրով հասարակության ուշադրությունը սեւեռեցին հաշմանդամների խնդիրներին, իսկ «թիվիները» սրտաճմլիկ սյուժեներ ցուցադրեցին, գթասրտության կոչեր հեռարձակեցին, եւ թվեր հրապարակվեցին՝ մոտ 173 հազար հաշմանդամներ Հայաստանում, որոնց հոգեբանական առանձնահատկությունն այն է, որ նրանք առավել, քան մյուսները, ձգտում են քաղաքականապես ակտիվ կյանքի, սակայն մինչ օրս ընտրությունները անմատչելի հաճույք են նրանց մի մասի համար: Հատկապես սայլակով մարդկանց, որոնք չեն կարողանում մոտենալ տեղամասերին:



 



Հայաստանի ընտրատեղամասերում հաճախ թեքահարթակներ չկան: Մանկապարտեզների եւ դպրոցների դռները, որտեղ դրանք հարմարեցված են, նեղ են սայլակով մարդու համար, եւ հաճախ ընտրապրոցեսն իրականացվում է երկրորդ հարկում: Օրենքով, հաշմանդամների ընտրական իրավունքը համայնքի ղեկավարները պետք է ապահովեն, սակայն նրանք ըմբռնումով չեն վերաբերվում իրենց սահմանադրական պարտավորությանը, իսկ օրենքը նրանց ստիպելու մեխանիզմ չունի: «Հաշմանդամների փարոս» կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ զբաղվում է ընտրական իրավունքի խնդիրներով:



 



Ըստ կենտրոնի տնօրեն Սուրեն Օհանյանի, միակ ձեռքբերումը, որ այս 10 տարում ունեցել են, այն է, որ իշխանություններին համոզել են մայիսյան ընտրություններին բրայլյան տառերով ընտրաթերթիկներ պատրաստել կույր ընտրողների համար, այն էլ կիսատ. միայն համամասնական ընտրակարգով առաջադրվածների ցուցակներն էին նշված եղել բրայլյան այդ կաղապարներում, եւ, փաստորեն, կույրերի ընտրությունը չի կայացել: «Հաշմանդամների փարոսը» Հայաստանի 50 ընտրատեղամասերում թեքահարթակներ է կառուցել գրանտային տարբեր գումարներով: Օհանյանը զավեշտալի դեպք պատմեց: 2008 թվականին, երբ ցանկացել են թեքահարթակ հարմարեցնել Թալինի քաղաքապետարանի շենքի մոտ, այն ժամանակվա քաղաքապետն ասել է. «Պետք չի, չեմ ուզում թիթիզ-միթիզ բաներով շենքս փչացնեք»:



 



Որպես Հայաստանի ամենաանհարմար թեքահարթակ՝ Սուրեն Օհանյանը նշեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի մոտ կառուցվածը: «Այն պետք է օրինակելի լիներ, մինչդեռ դրանով նույնիսկ առողջ, քայլող մարդիկ չեն կարող բարձրանալ, էլ ուր մնաց՝ սայլակավորները: Սա հաշմանդամություն ստանալու լավագույն ճանապարհն է, ինչը պարզապես խայտառակություն է»,- ասաց Սուրեն Օհանյանը, որն այս մասին հայտնել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: