Ոստիկանության պարզաբանումը դերասանի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ

Ոստիկանության պարզաբանումը դերասանի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան  Սերգեյ Գրիգորյանի՝ ծեծի ենթարկվելու տեղեկություններին: Ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.



« Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, թե Էրեբունու վարչական շրջանում, բենզալցակայանում ծեծի է ենթարկվել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան  Սերգեյ Գրիգորյանը: Որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին ոստիկանությանը մեղադրել, որ այդ կապակցությամբ հրատապ տեղեկատվություն չի տարածել:

Այդ մեղադրանքը անհիմն է: Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ կարգի միջադեպերի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն պաշտոնական կայքէջում չի տեղադրում:

Հավելենք, որ այսօր, երբ  ոստիկանները կրկին այցելել են Սերգեյ Գրիգորյանին, նա դաձյալ հերքել է ծեծի մասին լուրերը և ասել հետևյալը. «Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, գտնվել եմ տանը և ցանկանում էի նոր վերանորոգած տան հյուրասենյակում բացել օդանցքը, որի համար կանգնել եմ ալյումինե աստիճանի վրա, սակայն երկկողմանի բացվող փականը չեմ ամրացրել… ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին… Դրանից հետո երեկոյան ժամին տուն են եկել ծնողներս, որոնց պատմեցի կատարվածի մասին և գլխիս սառը դրեցին: Հաջորդ օրը գտնվել եմ տանը, անկողնային վիճակում: Երեկոյան ժամին ուժեղ գլխացավեր եմ ունեցել և առավոտյան ապահովության համար դիմել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ունեմ գլխուղեղի ցնցում»:

Սա կատարվածի վերաբերյալ Սերգեյ Գրիգորյանի բացատրությունն է՝ առանց մեկնաբանությունների:

Տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու և ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ ոստիկանության միջոցառումները շարունակվում են:

Իսկ մենք զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք զերծ մնալ անհարկի ու վնասակար շտապողականությունից, համակողմանի ուսումնասիրել իրողությունները և հանրությանը ներկայացնել ոստիկանության հետ համագործակցության արդյունքում մինչև վերջ ստուգված ու հավաստի տեղեկատվություն»: