Զվարճալի քաղաքականություն

Զվարճալի  քաղաքականություն
ՊՈՒՏԻՆԻ ՌԱԶՄԱՇՈՒՆՉ  ՈՂՋՈՒՅՆՆԵՐԸ



 



Պուտինի՝ Ստամբուլ ժամանելուն զուգընթաց, թուրքական սահմանին Սիրիան ռմբակոծություն է իրագործել: Ասում են՝ Սիրիայի նախագահի աշխատակազմի անդամներից մեկը փորձել է արդարանալ, թե պարզապես ցանկացել են իրենց դաշնակից Պուտինի գալուստը ողջունել, Թուրքիան էլ պատասխանել է. «Այո, այո, մենք այդպես էլ հասկացանք, ի պատասխան, ուղարկում ենք Պուտինի ողջույնները նախագահ Ասադին՝ ի նշումն վերջինիս հաստատակամության. ողջույնները կփոխանցեն F-16 մարտական ինքնաթիռները»:



 



ՇԱՀՐԱԶԱԴԵՆ ՈՒ ԱՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



 



ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստն անցավ Թուրքմենստանում՝ հեքիաթային ճոխության մեջ, որտեղ գմբեթները ոսկուց ու փիրուզից էին, բազմահարկ այգիները՝ հարուստ փարթամ բուսականությամբ, շատրվաններով ու  կամարներով, պալատը մարմարից էր. մի թերություն ուներ միայն այս միջնադարյան շքեղությունը՝ ոսկուց պատրաստված հեռախոսներն ու մոնիտորները, թույլ ձայնահաղորդիչներ լինելով, այդպես էլ թույլ չտվեցին հասկանալ, թե ինչի մասին էին զրուցում ԱՊՀ ղեկավարները:



 



ՈՒՇ ԳԼԽԻ ԸՆԿԱՆ



 



Ինչպես հայտնի է, Հռոմի պապը որոշել է իր հավատացյալ գառներին ժողովել «Թվիթերի» շուրջ: Տարբեր եկեղեցիներ բազմիցս պնդել են, որ համացանցը Սատանայի գործիքն է. երեւում է՝ Վատիկանը որոշել է «թշնամուն իր զենքով հաղթել»: Բենեդիկտոս պապը հաստատ բռունցքը ճակատին է խփել ու բացականչել՝ ոնց շուտ չէի գլխի ընկնում:



 



ՄԵՂՔԸ «Guardian»-Ի ՎԻԶԸ



 



Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունը պատասխանել է  «Guardian»-ի մի հոդվածի, որը մեղադրում է Մոսկվային բրիտանական ընտրություններում թորիներին աջակցելու մեջ: Դեսպանատան կայքում տեղադրված պատասխան հոդվածը «մերկացնում է» բրիտանական մամուլին Ղրիմի պատերազմը սանձազերծելու, Հայաստանում կոռուպցիայի աճի, Սեւանում իշխան ձկների քանակի կրճատման եւ Թաիլանդում տնային տնտեսուհիների լվացքի փոշու պաշարների նվազման մեջ:



 



ՎԱՅ ՔՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱ՞



 



Միջազգային բոլոր կազմակերպությունները՝ անկախ նրանից, տվյալ ոլորտից տեղյակ են, թե ոչ, Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ միաբերան հավաստում են, որ կոռուպցիան աճում է: «Միայն երեկ նկատեցինք»,- ասել են եվրապաշտոնյաները,- մինչ այդ, ախր, խիստ զբաղված էինք կոչ անելով, հորդորելով, նախազգուշացնելով, զեկուցելով ու միասնական հայտարարություններով հանդես գալով»:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ