Վերջին սերունդ

Վերջին սերունդ
Հանրահավաքը շարժվում է դեպի կենտրոնական հրապարակ: Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են գրոհել Իշխանական Պալատը, վերցնել երկրի ղեկավարությունն իրենց ձեռքն ու նշանակել սեփական առաջնորդին: Հանրահավաքը վարում է Գագիկ Պիպոյանը:



 



- Ըմբոստություն, անհնազանդություն, ազատություն, պայքար, պայքար, իշխանափոխություն ու անանաս,-բղավում է նա իր կաբրիոլետից` առաջնորդելով ամբոխը դեպի Իշխանական Պալատ:



 



- Անանաս, հանդգնություն, հավասարություն ու սեր,-շարունակում է հայտարարել նա մեգաֆոնով,-եղբայրասիրություն, անանաս եւ արդարություն,-պնդում է նա:



 



Ամբոխը կանգ է առնում Իշխանական Պալատի առջեւ: Գագիկ Պիպոյանը զգում է իրեն փառքի յոթերորդ աստիճանին: Ամբոխը նայում է նրա ձեռքին` սպասելով հարձակման հրահանգին: Գագիկ Պիպոյանին իշխանափոխություն կատարելուց բաժանում է Իշխանական պալատի ցանկապատը:



 



- Առաաաաաաա՜ջ,- գոչում է նա,- առաաաաաա՜ջ, դեպի անկախացում, դեպի հավասարություն եւ արդարաթյուն, դեպի արդարադատություն եւ անանաս, դեպի պայծառ ապագա:



 



Նրա ծերունական մարմինը հրճվանքից դողում է, աչքերը լցված են արյունով, ճակատի վրա փառքի քրտինքի կաթիլներն են:



 



Ամբոխն անցնում է հարձակման: Մարդիկ բարձրանում են ցանկապատի վրա, ներս մտնում Իշխանական Պալատի այգի ու վազում դեպի դռները: Պալատից դուրս են գալիս համազգեստով մարդիկ: Նրանք զինված են մահակներով: Սպասելով որոշ ժամանակ` նրանք առաջ են նետվում դեպի Գագիկ Պիպոյանի ամբոխը: Մահակի հարվածները ջարդուփշուր են անում հարձակվողների գլուխները, կարծես դրանք ձմերուկներ լինեն: Կարմիր գույնը միանգամից սկսում է գերիշխել:



 



- Անանաաաաա՜ս,- սավառնում է ամենքի վրայով Գագիկ Պիպոյանի կոչը,- անանա՜ս:



 



Տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են հարձակվել Պալատի վրա: Մահակավորներն ընկնում են նրանց օղակի մեջ: Հասնում է կրիտիկական պահը: Մահակավոր մարդիկ ձուլվում են ամբոխին: Ամբոխը նրանց կուլ է տալիս: Ամբոխը վարար գետի պես լցվում է Իշխանական պալատ: Րոպեներ անց բարձրացվում է հաղթանակի դրոշը: Մեգաֆոնով զինված` Գագիկ Պիպոյանն արտասանում է իր հաղթական ճառը.



 



- Հեղափոխություն, բարեկամություն, արդարություն: Բարգավաճում, ծաղկում, դալարում: Անանաս, անանաս, անանաս: Լիմոն: Սեր, խաղաղություն, պատերազմ: Հաջողություն, առաջխաղացում, եղբայրություն: Անանաս, անանաս, անանաս…



 



Նրա ծերունական թույլ ձեռքերը ողջունում են ամբոխին: Նրա ծերունական ձայնը լի է հաղթանակի բերկրանքով: Նրա ծերունական սիրտը պատրաստ է պայթել աննկարագրելի հրճվանքից:



 



- Անանաս, անանաս, անանաս…,- ասում է նա:



 



- Հորս զվարճանքները մի օր ինձ կխելագարեցնեն,-բողոքում էր Ֆրեդերիկ Ադոնցը,- պատկերացնո՞ւմ ես, չի հագենում մարդն այդ խաղերից, չի հագենում… վերջին ընտրությունների ժամանակ որոշել էր հսկայական բեմով հանդերձ անձամբ շրջել երկրով մեկ ու անձամբ շփվել ողջ ընտրազանգվածի հետ:



 



- Քո հերն իսկական դեմոկրատ է,-ասաց Ֆրեդերիկի մտերիմ ընկերը` Նոյ Պիպոյանը:



 



Ռեպլիկն առաջացրեց բոլորի բուռն ծիծաղը:



 



- Կարող ես դա նրան ասել, համոզված եմ` կշոյվի,-ասաց Ֆրեդերիկ Ադոնցը:



 



- Ու ինչպե՞ս ավարտվեցին ընտրությունները,-հետաքրքրվեց ընկերներից մեկը`Ռայմոնդ Միշը:



 



- Իհարկե նա հաղթեց չոր հաշվով: Անձամբ մտել էր բոլորի տները, բաժանել նվերներ, նստել, զրուցել էր հետները: Որոշ դեպքերում ոչխարներ էր մատաղ անում, եկեղեցիներում մոմեր էր վառում, համբուրում էր ուրիշի երեխաներին` իսկական կապիկություն: Ու գիտե՞ս ինչքան դա նստեց վրաս:



 



- Ի՞նչքան,- հետաքրքրվեց Նոյ Պիպոյանը:



 



- Ուղիղ երեսուներկու միլիոն,- կրակեց Ֆրեդերիկը:



 



- Ծիծաղեցնում ես,- ասաց Նոյը,- հորս վերջին հեղաշրջումն արժեցավ հարյուր քառասուն միլիոն:



 



Թիվն ապշեցրեց բոլորին:



 



- Բա ի՞նչ էիք սպասում,- շարունակեց Նոյը,- միայն քաղաքի վարձակալությունն արժե երեսուն միլիոն, իսկ հոլոգրաֆիկ մարդկանց այդպիսի քանակություն ապահովելու համար աշխատում են մասսայական տեսարանների լավագույն վարպետները: Վերջերս նորամուծություն է եղել: Այժմ, բախումների ժամանակ, դրանց գլուխները պայթում են իսկական ձմերուկների պես: Հորս դա շատ է դուր գալիս:



 



Ֆրեդերիկը հասկացող հայացքով նայեց Նոյին:



 



- Հորդ դուր են գալիս մարդկանց պայթող գլուխնե՞ր,-հարցրեց Ռայմոնդ Միշը:



 



- Ահա, մանավանդ, երբ պայթում են ձմերուկի պես: Չնայած… վերջին հեղափոխության ժամանակ անընդհատ կրկնում էր մի բառ` անանաս: Դեռ չեմ մտածել, թե ինչի հետ դա կարող է կապված լինել:



 



- Ծերունական մառազմ,- պատասխանեց Ֆրեդերիկը,- իմի մոտ էլ է այդպես: Մի անգամ նախընտրական լոզունգն այսպիսին էր. «Ելակներ՝ մայրերին: Հայրերին՝ աթոռներ: Առաջ դեպի ծիածան: Ողջ լինեն հողագործները»: Ասում եմ, ոչինչ չկա` ընդամենը մառազմ: Ով գիտի, թե ինչ մանկություն են ունեցել… ինձ թվում է, որ պետք է ներողամիտ լինել:



 



- Ձեր հայրերը Երկրի՞ց են,- հարցրեց Ռայմոնդ Միշը:



 



- Այո, նրանք Վերջին Սերնդի վետերաններ են:



 



- Կյանքում շատ լավ բաներ չեն տեսել,- բացատրեց Նոյը,-իսկ հիմա փորձում ենք որեւէ կերպ ուրախացնել նրանց: Պարզվել է, որ սիրում են քաղաքականություն: Ճիշտն ասած, դա իմ գաղափարն է եղել` ստեղծել քաղաքական փորձադաշտեր: Թող խաղան իրենց նախնադարյան խաղերը,- ավելացրեց նա՝ կարոտը ձայնում:



 



- Ձեր հայրերը հետաքրքիր մարդիկ են,- ասաց Ռայմոնդ Միշը:



 



- Նրանք միակը չեն այդպես,- ասաց Նոյը,- Վերջին Սերնդից բոլորն էլ հիմա այդպիսին են: Նրանց համար ինչ տեսակի ատրակցիոններ ասես, որ չկան: Իսկ զգալի մասը նախընտրում է հենց քաղաքական խաղերը: Երեւի դա հարգի է եղել նրանց մոտ:



 



- Լսիր, մտածում եմ հորդ ասած անանասների մասին, միգուցե մարդկանց գլուխները պայթեն ոչ թե ձմերուկի, այլ անանա՞սի պես:



 



- Օօօ, ինչպես ես չեմ մտածել,- ուրախացավ Նոյ Պիպոյանը,-կզրուցեմ հոլոգրաֆիկ պատկերների մասնագետների հետ: Պետք է ծերունուն ուրախացնել: Վերջին տարին է ապրում երեւի:



 



Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ