Մեղադրվում է Կ. Եսայանին սպանելու համար

Մեղադրվում է Կ. Եսայանին սպանելու համար
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Կ. Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: 



Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, եւ ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մ. Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ:



Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի եւ Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու եւ նշանադրության արարողությունը խափանելու միջոցով:



Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է  հանդիպել  «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է:



Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու եւ իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը և ուղեւորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի:



Բացի այդ,  նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել եւ իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համաախռն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: