Քրեական գործ` Հայկազ Քոչինյանի դեմ

Քրեական գործ` Հայկազ Քոչինյանի դեմ
Լրատվամիջոցներից մեկի  դեկտեմբերի 4-ին` «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի կատարած  ապօրինությունները» խորագրով տարածված հոդվածի  հիման վրա Լոռու մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ 



Հրապարակման համաձայն`  Հ. Քոչինյանը, ով 1996 թվականից մինչեւ 2012 թվականի նոյեմբերն  աշխատել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ,  2007 թվականին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր որդուց շուկայականից զգալի ավել արժեքով ` 4.900.000 դրամ գումարով, գնել է 1991 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց S-5» մակնիշի անսարք ավտոմեքենա,  որը մինչեւ 2012 թվականը չի շահագործվել ու  անսարք վիճակում կայանված է եղել գյուղապետարանի վարչական շենքի բակում:



Նույն ժամանակահատվածում համայնքի ղեկավարը հիշյալ ավտոմեքենայի առուվաճառքի գործարքի, գազալիցքավորման ու  վերանորոգման համար համայնքի բյուջեից ելքագրել է առանձնապես խոշոր չափի`  10.900.000 դրամ, եւ յուրացման եղանակով հափշտակել:



Բացի այդ, 2010 թվականին նախկինում գյուղապետարանին պատկանող, սակայն  հաշվառումից դուրս մնացած  1989 թվականի արտադրության  «T 70G»  մակնիշի անսարք  տրակտորը ձեւակերպել է համագյուղացու անվամբ, որից հետո նույն թվականի ապրիլ 26-ին համայնքի կարիքների համար 3.740.000 ՀՀ դրամով գնել այն:



Ըստ հոդվածի՝ 2010 թվականի  հունվարի 20-ին շուկայականից զգալի ավել արժեքով` 4.260.000 ՀՀ դրամ գումարով, գյուղապետարանի կարիքների համար ձեռք է բերվել «Վազ 21.21»  մակնիշի  ավտոմեքենա:



ՀՀ կառավարության որոշման համաձայն գյուղացիներին հողի մշակության գործում աջակցելու համար 2012 թվականի ապրիլի 2-ին գյուղապետարանը «Ֆլեշ» ՍՊ ընկերությունից  2.800.000 դրամով ձեռք է բերել  8.000 լիտր դիզելային վառելանյութ, որը, սակայն,  գյուղացիներին չի հատկացվել:



Նկատի ունենալով, որ հրապարակման մեջ առկա են հանցագործության հատկանիշներ՝  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ  հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին: