Ոստիկաններ կազատվեն աշխատանքից

Ոստիկաններ կազատվեն  աշխատանքից
Ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանությունում ակտիվորեն քննարկվում էր համակարգի աշխատողների  մասնագիտական գիտելիքները ստուգելու համար թեստավորում անցկացնելու հարցը: Անգամ համազգեստավորների շրջանում մտավախություններ կային, որ թեստավորումը կրճատումների պատճառ կդառնա:



 



Թե ինչ փուլում է գործընթացը, երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանից: «Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողներն ամեն շաբաթ մասնագիտական համապատասխան պարապմունքներ կանցկացնեն, ինչից հետո կլինի ստուգատես, որի ժամանակ էլ կցուցադրվեն գիտելիքները»,- ասել է նա՝ չբացառելով, որ կլինեն նաեւ ազատվողներ: «Արդյունքներով պայմանավորված՝ հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ տեղափոխվեն այլ ծառայություն, հնարավոր է լինեն աշխատակիցներ, որոնց կտրվի լրացուցիչ ժամանակ՝ վերստին պարապելու, չի բացառվում, որ լինեն այնպիսիք, որոնք կազատվեն աշխատանքից»: Իսկ հնարավո՞ր է, որ թեստավորման գործընթացի իրական  նպատակը կադրային կրճատումներն են: «Նպատակն է բարձրացնել կատարողական կարգապահությունը»,- պատասխանել է Ահարոնյանը: