Դարձյալ միլիոններ են յուրացրել

Դարձյալ միլիոններ են յուրացրել
Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել ավելի քան 14 կրթամշակութային հաստատություններում ու աղաղակող խախտումներ բացահայտել: Դրանց թվում է եղել նաեւ Սերժ Սարգսյանի հայրենի Տեղ գյուղի նորակառույց դպրոցը:



 



Երբ չարաշահումների կոնկրետ քանակի վերաբերյալ հարցում ուղարկեցինք նախարարություն, մեզ պատասխանեցին, թե դեռ չեն ամփոփվել արդյունքները, սակայն երեկ արդեն հրապարակավ հանդես է եկել ստուգող մարմնի ղեկավար Սոնա Ղարիբյանը: Պարզվում է՝ ֆինանսական վերահսկողության տեսչությունը քաղաքաշինության նախարարության պատվերով մարզերում ստուգել է հիմնանորոգվող 16 օբյեկտներ, 3-ը` մշակութային եւ 13-ը` դպրոցներ: Այդ բոլոր օբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ. ընդհանուր 2.4 մլրդ դրամ հատկացումներից 670 մլն դրամի կորուստ է արձանագրվել: Սոնա Ղարիբյանը տեղեկացրել է, որ տույժերը 23 մլն դրամից ավելի են, 109 մլն դրամը վճարվել է, սակայն աշխատանք չի կատարվել:



 



Օրինակ՝ Կապանի քոլեջում կապալառուն ստացել է 64 մլն դրամ, բայց չի կատարել աշխատանք: Ս. Ղարիբյանը նշել է, որ ստուգված օբյեկտներում հիմնանորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Նշենք, որ Տեղի դպրոցի կապալառուն «Առվա երկիր» ՍՊԸ-ն է, նախագծողը՝ Յաշա Խաչյանը: Ս. Ղարիբյանը հայտնել է  նաեւ, որ լիազոր մարմնին պարտադրում են համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ գումարները վերականգնել: