Աղետը մտել է մարդկանց հոգին

Աղետը մտել է մարդկանց հոգին
Այսօր, երկրաշարժից 24 տարի անց, Գյումրիում հաճախ կարող ես լսել, որ աղետի ժամանակ ավելի թեթեւ ու լավ էր, ու լույս էր երեւում թունելի վերջում: Գյումրեցիները վստահ էին, որ իրենց մեջքին ահռելի Սովետմիությունն էր, «եղբայրական» երկրները, որտեղից հումանիտար վագոններ էին գալիս, շինհրապարակներում եռում էր գործը: Հետո ռուսներն ու ուզբեկները գնացին, քաղաքը սառեց՝ աստիճանաբար վերածվելով հավերժական շինհրապարակի: Մարդիկ սկսեցին հաշվել թալանվածը:



Պաշտոնյաներն այլեւս խուսափում էին «աղետ» բառից եւ այլ, ավելի լավատեսական տերմիններ էին գտնում՝ զարգացման գոտի, վերականգնման գոտի: Բառերը, սակայն, երջանկություն չէին բերում հին քաղաքին: Քաղաքապետարանի նոր եվրոշենքը, «Ալեքսանդրապոլ» կոչվող ճռճռան շքեղությունն ավելի տխրեցրին գյումրեցուն, որովհետեւ դրանց ֆոնին Գյումրվա նոր սիմվոլը՝ «դոմիգը», ավելի խղճուկ էր երեւում: Իսկ աղետը, ժամանակին չախտորոշված հիվանդության նման, մարմնից անցավ հոգուն: Աղետը երկրաշարժից փլված տունը չէր, այլ հին քաղաքում արմատավորված վհատություն: Տների 40 տոկոսը փակ են, լույսերը՝ մարած: Էլ ի՞նչ թունել, ի՞նչ լույս: Մյուս կողմից, երկրաշարժի հետեւանքը միայն փլված շենքերը չեն, աղքատությունն ու անտարբերությունը ժանգի պես խժռեցին քաղաքը:



 



Պատգամավորական վերջին ընտրության օրը, մինչեւ երեկոյան ժամը հինգը պաշտոնական թիվ էր հայտարարվել՝ ընտրությանը մասնակցել է ընդամենը մոտ 2 հազար մարդ: Այս իմաստով աղետի գոտի այլեւս չկա: Աղետի գոտին անտարբերության եւ համատարած թշվառության մեջ ընկղմված Հայաստանն է՝ աղետի մայրաքաղաք Գյումրիով: Պաշտոնական վիճակագրությունն ապացուցում է սա: Աղքատության աշխարհում ընդունված նորմերով աղքատ է համարվում նա, ով օրական 5 դոլար է ծախսում: Այս չափանիշը կիրառելով՝ վիճվարչությունը հաշվարկել է, որ 2011-ին Հայաստանի բնակչության 73 %-ն աղքատ է եղել: Մինչեւ 18 տարեկան երեխաների  41.9%-ն է աղքատության մեջ գոյատեւում: Մինչեւ 6 տարեկան  երեխա ունեցող ընտանիքների 78%-ն է ապրում աղքատության մեջ: Շիրակի մարզն այսօր էլ աղքատության շքերթի հաղթողն է: Ամենաընչազուրկների թաղամասով՝ ավտոկայանի դոմիկներով շրջելիս ցնցող տպավորություն ստացա:



 



Որքան ավելի կարիքավոր էր մարդը, այնքան ավելի շատ էր սիրում Վարդան Ղուկասյանին: «Վարդանիկը մարդ էր, իսկական տղա»,- գոռում էր մի կին, որի թոքախտավոր աղջիկը ցուրտ տնակում թեւերը բաց պտտվում էր, որովհետեւ հագնելու շոր չուներ: Այս կնոջը չէր հետաքրքրում Ալեքսանդրապոլի շքեղությունը: Նա հիշում էր, որ ամեն շաբաթ գնում էր քաղաքապետարան եւ Վարդանիկից 3-5 հազար էր ստանում: Մուրացկանությունը դրոշմվել է քաղաքի վրա, բայց ի՞նչ անել: «Հիմա էլ են այդ մարդիկ գալիս քաղաքապետարանի մոտ, եւ պարոն Բալասանյանն ամեն երեկո դատարկ գրպանով է տուն գնում, մենք ամաչում ենք աշխատավարձ ուզենք»,- պատմում է քաղաքապետարանի նոր աշխատակիցներից մեկը: «Այստեղ ուրիշ ֆենոմեն է,- բացատրում է ինձ լոռեցի ընկերներիցս մեկը,-  գյումրեցիք խղճով են, ընկածին չեն տրորում, բարձրացնում են: Լոռեցիք, օրինակ, մարդու սխալը չեն ներում: Կհարգեն, կսիրեն, բայց հենց մի թեթեւ սխալվես, կքշեն-վրայովդ կանցնեն»: Սա թերեւս միակ լուսավոր միտքն էր, միակ «պլյուսը» հօգուտ Գյումրիի՝ իմ վերջին այցելության ժամանակ: Սրա պատճառն էլ արմատներն են, որոնց նոր դոմիկային մշակույթը դեռ չի կործանել գյումրեցիների գենետիկական հիշողությունը:



 



Այս քաղաքում է Հայաստանում առաջին անգամ, 1906 թվականին ցուցադրվել «Անուշը», ժողովրդական տանը, որը «Գորկու սադի» մեջ էր: 1965 թվականին բեմադրվել է Կարինյանի «Շուշանիկը»: Իսկ 1906-ին բացվել է առաջին բանկը՝ հին, ցարական: Ալեքսանդրապոլում 18 թվականին պետական համալսարան կար: 19-րդ դարի վերջին էլ՝ «Կոմերչեսկի» ուսումնարան, որը, մեր լեզվով ասած, բիզնեսմեններ եւ մենեջերներ էր մատակարարում: «Աղետի ժամանակ վիշտն առողջ էր, հիմա էդ վիշտը հիվանդացել է: Մահացածների հետ ոգին է մեռել՝ անորոշ, անհոգի մի տեղ է սա»: Սրանք լրագրող Հասմիկ Մելքոնյանի բառերն են իր քաղաքի մասին: Նա ինձ տարավ մի գյումրեցի կնոջ մոտ՝ Գրետա անունով, որն ինձ համար աղետի սիմվոլը դարձավ: Երկրաշարժ տեսածներից էր: Գրետայի թոռնիկի երկու ոտքերը երկրաշարժին կտրվել էին, ու մինչեւ հիմա Գրետան կոշիկի խանութ չի մտել: «Մինչեւ հիմա հողաթափերով ման կուգա»: