Կոռուպցիայի պատճառով են հեռացել, բայց չեն պատժվել

Կոռուպցիայի պատճառով են հեռացել, բայց չեն պատժվել
Դեռեւս հոկտեմբերի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում՝ բնագավառում առկա կոռուպցիոն դրսեւորումների թեմայով: Վարչապետի վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն էր իրականացրել եւ կոռուպցիոն բացահայտումներ արել, որից  «զարհուրել» էր վարչապետը:



 



Մինչդեռ հայ հանրությունը նույն ոլորտին առնչվելիս ամեն Աստծո օր զարհուրում էր, ու թեեւ դրան տեղյակ էին պատասխանատու մարմինները, սակայն հարցն արդիական դարձավ միայն նախընտրական շրջանում: Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ ստիպված էին վճարել ընդհուպ մեկ ամսվա թոշակի չափ գումար, հակառակ դեպքում չէին ստանում կարգը: ԲՍՓՀ-ներում պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում՝ 150.000-200.000 դրամ: Եվ այս կոռուպցիոն ռիսկերի հետ տարեկան առնչվում է 65-70 հազար քաղաքացի: «Այդ 65 հազար մարդը մեր մասին, կոնկրետ ձեր նախարարության մասին ի՞նչ պատկերացում է կազմելու, չե՞ն ասելու, որ բոլորն էլ գիտեն, ուղղակի լռում են: Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, եւ սա հանդուրժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ»,-սարսափահար հայտարարել էր վարչապետն ու նույն օրը հեռացրել  ծառայության ղեկավար Միքայել Վանյանին:



 



Դրանից հետո  ոչ մի կաշառակեր քրեական պատասխանատվության չենթարկվեց: Իսկ երկրորդ սերիան պահել էին  նախընտրական բուն շրջանի համար: Երեկ արդեն  ազատվել են բժշկասոցիալական փորձաքննության վեց հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ բժիշկ-փորձագետներ, այլ աշխատակիցներ: Դարձյալ աղաղակող խախտումների, կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով: Նախօրեին մեզ տեղեկություններ հասան, որ  նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստում պետք է ներկայացներ «զարհուրելի բացահայտումները», սակայն դրանք, անհասկանալի պատճառներով,  չներկայացվեցին: Փոխարենը Ասատրյանը ներկայացրեց ոլորտին առնչվող չորս որոշում, որոնք ուղղված են սոցիալական, մասնավորապես, բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։



 



Նախկին որոշումների փոփոխություններով ավելի վերահսկելի է դարձել նախարարության բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցվել են փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ «Այս որոշումների ընդունմամբ, հստակեցնելով իրավական մասը, մենք շատ ավելի մեծ քայլ արած կլինենք, որպեսզի նվազեցնենք սուբյեկտիվ մոտեցումները»,- ասաց Արտեմ Ասատրյանը, ով  այդպես էլ պաշտոնապես չհայտարարեց, թե ինչ պատճառով են հեռացել հանձնաժողովի նախագահները: Մեր հարցին, թե կոռուպցիա բացահայտվե՞լ է, Ասատրյանը պատասխանեց, որ իրենք կոռուպցիա չեն բացահայտում: Այդ դեպքում ինչի՞ են ազատվել այդ մարդիկ, բացատրեց՝ իրենց կողմից իրականացված խորքային ուսումնասիրությունների արդյունքում: Ինչպես Միքայել Վանյանի, այնպես էլ մյուս պաշտոնները դեռ թափուր են: Վարչապետին սարսափեցրած կոռուպցիոն բացահայտումներն էլ անհետեւանք են մինչ օրս: Դեռ ոչ ոք իրավական պատասխանատվության չի ենթարկվել: Արտեմ Ասատրյանը աշխատանքից հեռացնելն արդեն պատասխանատվության ենթարկել է համարում: Այսինքն, կարող են նշանակվել ու տարիներ շարունակ կաշառակերությամբ զբաղվել, ինչը քրեորեն պատժելի արարք է, ու պատժվել միայն պաշտոնից հեռացվելով:



 



Ի դեպ, այստեղ երեկ նոր փոխնախարար է նշանակվել. Շամամ Հարությունյանը՝ «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետը, ում մտերիմների շրջանում Սոնա են ասում, եւ ով առաջ է քաշվում իր եղբոր շնորհիվ: Իսկ եղբայրն առաջիկայում այս իշխանություններին շատ է պետք գալու: Խոսքը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է: