Ամոթ ա, խելքի էկեք

Ամոթ ա, խելքի էկեք
Պարույր Հայրիկյանը պետք է որ հիասթափեցներ «Երկիր մեդիա» դիտողների առողջ մասին: Բայց սկսենք հեռվից: 1999  թիվն էր, փողոցները դեռ «զարդարված» չէին հիմար  ցուցանակներով՝ типа «Իմ ուժը ձեր առողջությունն է», «Ես սիրում եմ ձեզ» եւ այլն: Բայց «Մեկ ազգ, մեկ հավատք, մեկ մշակույթ»-ն արդեն կար:



 



Սովետական զոմբիացնող լոզունգներին սովոր քաղաքացիների, ինչպես նաեւ դրանց անսովոր երիտասարդների մոտ կոչը որեւէ նեգատիվ չէր առաջացնում: Համենայնդեպս, ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայն հիշեցնել այդ գաղափարի հեղինակներին, քանի որ ուռա-հայրենասերների կողմից անմիջապես կենթարկվեր «մահապատժի»: Առավել եւս այդ մասին իր բացասական վերաբերմունքը չէր համարձակվի արտահայտել ամերիկահայ Գամք Մարգարյանը, որն այն տարիներին ABA/CEELI (Ամերիկյան իրավաբանների ասոցիացիա) հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն էր: Երդվում եմ՝ ձեռքս Աստվածաշնչին, որ նա բառիս բուն իմաստով ցնցված էր այդ կոչից երեւանյան փողոցներում, որովհետեւ գիտեր, որ այն  ֆաշիստական գաղափարախոսների հիմնական թեզիսներից  էր:



 



Վերոհիշյալ կոչի ասեմ թե պահանջի շրջանակներում են այսօրվա զանազան հեռուստածրագրեր ու հրապարակումներ: Դրանցից երկուսը պատահեց դիտել ու …Գամք Մարգարյանի նման ցնցվել: Լրջորեն քննարկվում էր օտարազգի տղամարդու հետ հայ աղջիկների ամուսնության երեւույթը: Մի հաղորդման մեջ (հեռուստաալիքը չեմ հիշում) նշված հիմնախնդրի շուրջ բանավեճ ծավալվեց, որի ընթացքում ինչի մասին ասես որ չխոսեցին, բացի սեր կոչվող հանգամանքից: Ազգի անձեռնմխելիության կամ «կուսության» կողմնակիցներն այնքան վատ կարծիքի են հայ կնոջ մասին, որ այդ հանգամանքն ընդհանրապես բացառում են: Ագրեսիվ մթնոլորտից խեղճացած մի երիտասարդ կին, որի ամուսինը  ֆրանսիացի է, փորձում էր բացատրել, որ իր ամուսնության պատճառը փոխադարձ սերն էր: Բայց դատավարության, ներեցեք, բանավեճի մասնակիցներին պարզ էր, որ սերը որպես շարժառիթ օգտագործվում է  պատասխանատվությունից խուսափելու ու արդարանալու նպատակով: Բացառվում է նաեւ ամուսնությունն օտարերկրացու հետ ընդհանուր գաղափարական, հոգեկան հետաքրքրությունների հիմքերով: Մնում է մարդկությանը բնորոշ լավ ապրելու հիմնական բնազդը, որը մերոնք սուսուփուս ընդունում են միայն, եթե ամուսինը հայ է:



 



Անցնենք Հայրիկյանին, որն «Ապոլիտիկա» հաղորդման  («Երկիր մեդիա») հյուրն էր:  Քանի որ սերն ապոլիտիկայի սահմաններում է, անդրադարձան եւ այդ զգացմունքին, որից` հայ աղջիկների ամուսնություններին այլազգի տղամարդկանց հետ: Այլազգի ամուսինները ներկայացվեցին հնդիկների ու պարսիկների օրինակով: Գուցե այն պատճառով, որ ավելի լայն ընտրություն Հայաստանում չկա: Հարց հնչեց, թե ինչպես  է Հայրիկյանը գնահատում այդ երեւույթը: Առաջադեմ քաղաքական գործիչն այս հարցում պահպանողական է: Նրան մտահոգում է այն հանգամանքը, որ այլ ազգության ամուսնու պարագայում երեխաները հայերեն չեն խոսի, հետեւաբար,  ազգային մտածելակերպ նրանց մոտ չի ձեւավորվի: Թե ազգային մտածելակերպի որ արժեքների մասին էր խոսքը, որոնք ավելին են համամարդկային արժեքներից, չպարզաբանվեց:



 



Ազգի «կուսության» կողմնակիցները, հետեւելով հայտնի «ԼքՌՑպ ՋպվքՌվց» խորհրդին, չեն քննարկում հայ տղամարդկանց՝ այլազգի կին ընտրելու իրավունքը: Չէ՞ որ երբ հայ տղամարդն այլազգի կին է տուն բերում կամ, ավելի հաճախ, ինքն է գնում նրա տուն (արտերկիր),  միեւնույն է, ազգին վնաս չի պատճառում: Նրա զավակները կրելու են հայի ազգանուն, խոսելու ու մտածելու են հայերեն: Իսկ եթե չեն կրի ու չեն մտածի, հայ լինելը դժվար չէ հայտնաբերել, եթե, իհարկե, խոսքն արժանի մարդկանց մասին է, այլ ոչ թե թափթփուկների: Պլյուս՝ արտերկրյա կնոջ արյունը պարզապես անհրաժեշտ է հնագույն ազգին (արաբական երկրների տղամարդիկ իզուր չեն ամուսնանում ավելի «ջահել» ազգությունների կանանց հետ): Այնպես որ, պրոբլեմը հայ աղջիկների մեջ է: Նրանք չեն գնահատում մեր արական սեռի անվիճելի առավելությունները. եթե սիրեց` կամուսնանա, ամուսնացավ` մինչեւ մահ-գերեզման չի դավաճանի, պատրաստ է իր բալիկների համար հացից  զրկել այլ բալիկների եւ այլն: Իհարկե, ոչ բոլոր պոտենցիալ ամուսիններն են, որ ունեն ուրիշի հաշվին ընտանիք պահելու հնարավորություն, կան նաեւ ընդհանրապես աշխատազուրկ երիտասարդ քաղաքացիներ: Բայց հայրենասեր հայ աղջիկները պետք է հավատան, որ այս պրոբլեմները շուտով կկարգավորվեն, ու դրանք իրոք կկարգավորվեն: Միայն թե  անհրաժեշտ է մշակել ու իրականացնել ուսումնական ծրագրեր աճող իգական սեռի «Մեկ ազգ…» եւ այլ ուղղությամբ:



 



Ընթերցողների առողջ մասը պետք է որ բացականչի. «Լսեք, դուք հո չե՞ք գժվել: Էլ հարց չի՞ մնացել քննարկելու, որ կպել եք մեր աղջկերքից: Էս ո՞ր դարն ա, որ թելադրեք, թե ում ուզեն: Ամոթ ա, խելքի էկեք…»:



 



Ջուլիետա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ