Երեւանի քայքայման պատճառը անօրեն պաշտոնյաներն են

Երեւանի քայքայման պատճառը անօրեն պաշտոնյաներն են
ՀՀ կառավարության Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին հայեցակարգի նախագծի վերաբերյալ



Ուսումնասիրելով «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտարարում ենք հետեւյալը.

1. Նախեւառաջ, սույն օրենքի ընդունման մասին խոսվեց 2012թ. ձմռանը, երբ Երեւանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ Երեւանի Մաշտոցի պուրակում սկսվեց կառուցապատում, իսկ դրա վերաբերյալ հանրությունը երկարատեւ բողոքի ակցիաներով իր դժգոհությունն էր արտահայտում: ՀՀ վարչապետն այս հայեցակարգի ընդունման անհրաժեշտության մասին խոսեց 2012թ. մարտին` ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ:

2. Սույն հայեցակարգի նախագիծը, որպես կանոն, կազմվել է հանրության համար ոչ թափանցիկ պայմաններում եւ մասնավորապես շահագրգիռ հանրության մասնակցության բացակայությամբ:

3. Ինքնին Երեւանի փոքր կենտրոնի համար հատուկ կարգավորման ստեղծումը կարող է անհավասար պայմաններ ստեղծել Երեւանի ծայրամասերի համար՝ էլ ավելի խթանելով դրանցում լայնամասշտաբ կառուցապատումը, քանի որ անկանոն կառուցապատման պատճառը ոչ այնքան թերի օրենսդրական նորմերն են, որքան ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունից զերծ մնալը:

4. Երեւանի փոքր կենտրոնում եւ ընդհանրապես Երեւան քաղաքում այսօր էլ բացահայտ եւ կոպիտ խախտվում են Երեւանի քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ընդունված հայեցակարգի պահանջները, ինչը հիմք է տալիս պնդելու, որ սույն նախագծում նշված քաղաքաշինական կարգավորումների անբավարար լինելը չի համապատասխանում իրականությանը:

Ուստի, ելնելով վերոշարադրյալից, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները սույն հայեցակարգի նախագծի կապակցությամբ առաջարկում է Երեւանի քաղաքապետին.

1. Ողջամիտ ժամկետում վերանայել նախկինում (ցանկալի է վերջին 5 տարում) Երեւանի փոքր կենտրոնում Երեւանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ընդունված հայեցակարգի պահանջների բացահայտ խախտումով տրամադրված թույլտվություններն ու քաղաքաշինական դրական եզրակացությունները եւ որոշում ընդունել դրանք չեղյալ ճանաչելու եւ անհապաղ ապամոնտաժելու մասին:

2. Վերականգնել բոլոր հանրային (ընդհանուր օգտագործման) եւ կանաչ տարածքները համաձայն քաղաքաշինական գործող նորմատիվների՝ անկախ դրանցում արդեն իսկ կատարված փոփոխություններից:

3. Երեւանում՝ հատկապես փոքր կենտրոնում եւ Օղակաձեւ զբոսայգու երկայնքով ավտոմեքենաների խցանումները կանխելու նպատակով ապամոնտաժել բոլոր այն շինությունները, որոնց հարող տարածքում մարդկանց եւ ավտոմեքենաների կուտակումներ են լինում եւ տվյալ հատվածը գերծանրաբեռնվում է:

4. Նման օրենքի ընդունման դեպքում այն սահմանել ամբողջ Երեւան քաղաքի համար (ոչ միայն փոքր կենտրոնի) եւ ամրագրել, որ ցանկացած կարգավորում չպետք է կառուցապատումների թույլատրման խստության տեսանկյունից զիջի կամ փոխարինի ներկայումս գործող Երեւանի գլխավոր հատակագծին եւ նրա հիման վրա ընդունված հայեցկարգի պահանջներին, քանի որ այն հանդիսանում է Երեւանի զարգացման գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթը:

5. Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման համար նախատեսել եւ ամրագրել փաստաթողթում պատմաճարտարապետական արգելոցային գոտի, որը կընդգրկի բոլոր դեռեւս առկա եւ վերականգնվելիք ճարտարապետական հուշարձան համարվող շենքերը, ինչպես նաեւ` դրանք ձեւափոխելու եւ վերացնելու անթույլատրելիությունը: Ի դեպ, գաղտնիք չէ, որ դեռեւս բազմաթիվ հուշարձան համարվող շենքեր գտնվում են վտանգի տակ, իսկ նման հարցերի քննարկման ժամանակ հանրության շահերը հաշվի չեն առնվում եւ նրանց մասնակցությունն այդ որոշումների ընդունման գործընթացում քաղաքային իշխանության կողմից շատ հաճախ չի ապահովվում:

Հարկ է նկատել, որ մինչեւ սույն նախագիծը մշակվի եւ ընդունվի, Երեւանի քաղաքապետի կողմից արդեն կայացվել են հանրային եւ կանաչ տարածքների հաշվին շենք-շինություններ կառուցելու մասին նոր ապօրինի որոշումներ եւ տրվել են շինարարության թույլտվություններ (օրինակները բազմաթիվ են, մենք արդեն ԶԼՄ-ներով հրապարակել ենք դրանք):  Եթե նման աշխատելաոճն այսպես շարունակվի Երեւանի քաղաքապետարանի կողմից, ապա կարող ենք համարել, որ առաջարկված եւ ընդունված ցանկացած օրենք կամ հայեցակարգ նպատակ ունի շղարշով ծածկել Երեւան քաղաքի օրեցօր անհետացող ճարտարապետական ինքնությունն ու դիմագիծը:

Նոր օրենքներ եւ հայեցակարգեր ընդունելով մենք չենք վերացնում Երեւանի քաղաքապետարանի ապօրինություններն ու թույլ տրված խախտումները, այլ ձեւական կողմն ենք պաշտպանում, բայց իրականում քաղաքապետարանը շարունակում է իր հայեցողությամբ որոշումներ ընդունել կամ ցուցաբերել բացահայտ անգործություն, մենք կարիք ունենք ոչ թե նոր իրավական ակտեր ընդունելու, այլ արդեն իսկ գոյություն ունեցող իրավական ակտերի պահանջները կատարելու եւ պաշտպանելու:

Մեր կարծիքով դրա միակ պատճառը քաղաքային իշխանության կողմից ապօրինի որշումներ ընդունելն ու պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է:



«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

7.12.2012