Յուրացումներ` գազաֆիկացման աշխատանքների ընթացքում

Յուրացումներ` գազաֆիկացման աշխատանքների ընթացքում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արագածոտնի 3 համայնքների գազաֆիկացման աշխատանքների կատարման ընթացքում  յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:



Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ ՍՊ ընկերության միջեւ 2008թ. նոյեմբերի 10-ին կնքված «ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշեն, Զառինջա եւ Նոր Արթիկ գյուղերի գազաֆիկացում» RMAP/LCB/CW-2009/005/Cas կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ընկերության պատասխանատու աշխատակիցները 2010թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու`  ծավալային հավելագրման եւ անորակ աշխատանքների միջոցով, յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումար:



Պետական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառվել է  էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:



Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ՍՊ ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու եւ  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր քննչական գլխավոր վարչությանը: