Յուրացրել են կենսաթոշակային գումարներ

Յուրացրել են կենսաթոշակային գումարներ
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Խորհրդային-1» վճարային ծառայության թվով 4 աշխատակիցների մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ ուղարկվել դատարան:



Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  վճարումների ծառայության Երեւանի «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանման վճարող տեսուչներ  Կ. Եղիազարյանը, Ռ. Հակոբյանը, Վ. Բախշինյանը եւ Ա. Երեմյանը աշխատելով նշված վճարային ծառայությունում` որպես վճարող-տեսուչ, իրենց վստահված կենսաթոշակի գումարներից 2005-2010թթ. ընթացքում անհիմն ելքագրել են առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակների գումարներ:



Մասնավորապես` պարզելով հանրապետությունից բացակայած թվով 15 եւ  49 մահացած, սակայն կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված կենսաթոշակառուների տվյալները եւ օգտվելով այդ հանգամանքից` մեղադրյալները 2005-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում  նշված կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով  նրանց անվամբ անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են կենսաթոշակի գումարներ:



Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` վերոհիշյալ 4 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 28 811 235  դրամի վնաս:



Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Եղիազարյանին, Ռ. Հակոբյանին, Վ. Բախշինյանին եւ Ա. Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եև Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:



Միաժամանակ քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հայցադիմում է ներկայացրել դատարան` Կ. Եղիազարյանից, Ռ. Հակոբյանից, Վ. Բախշինյանից եւ Ա. Երեմյանից հօգուտ պետական բյուջեի 25 845 371 դրամ բռնագանձելու խնդրանքով: