Աղվանն ու Կոստը հաշտ չեն

Աղվանն ու Կոստը հաշտ չեն
ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի նշանակման առաջին իսկ օրից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ նրա միջեւ լուռ հակամարտություն է ծավալվում, որը դրսեւորվում է աշխատանքային տարբեր հարթություններում:



 



Օրինակ, գլխավոր դատախազի մամուլի պատասխանատուները չեն տրամադրում Գեւորգ Կոստանյանի եւ զինդատախազության գործունեության հետ կապված տեղեկատվություն: Զինդատախազն էլ իր հերթին աշխատում է ազատվել գլխավորի մարդկանցից: Աղվան Հովսեփյանի կադրերից էր Երեւանի կայազորի զինդատախազ Վահե Հարությունյանը, որը երիտասարդ եւ խոստումնալից կադրերից էր եւ եկել էր Գլխավոր դատախազությունից: Կարճ ժամանակ անց Գեւորգ Կոստանյանն «ազատվեց» նրանից` առանց որեւէ էական պատճառաբանության: Համակարգում ներքին ինտրիգի զոհ են համարում նաեւ զինդատախազի նախկին տեղակալ Ալբերտ Մարգարյանին, որը եւս համակարգից հեռացավ անաղմուկ եւ «իր դիմումի համաձայն»: Այն դեպքերում, երբ նա չի կարողանում ուղղակի ազատվել Աղվան Հովսեփյանի մարդկանցից, նրանց հրապարակավ վիրավորում կամ անհարմար դրության մեջ է դնում իր կոպիտ արտահայտություններով:



 



Մայիսին, օրինակ, զինդատախազության նիստերից մեկի ժամանակ նա կոպիտ նկատողություն էր արել իր երկու տեղակալներից մեկին, որը տարեց մարդ էր, անհարկի արտահայտություններ տեղալով վերջինիս հասցեին: Լարվածությունը գլխավորի եւ «Կոստի» միջեւ մերձդատախազական շրջանակներում բացատրում են գլխավոր դատախազ դառնալու վերջինիս երազանքով: Անհասկանալի է, թե ինչով է հիմնավորվում նման ամբիցիան, եթե վերջին 2 տարում կատարված բանակային աղմկահարույց սպանությունները հիմնականում չեն բացահայտել: Բավական է հիշել Արտակ Նազարյանի գործը, որի դատաքննության ընթացքը ցույց է տալիս, թե ինչ աղաղակող հակասություններով եւ թերություններով է այն քննվել, 2010 թվականին Ստեփանակերտում մահացած Վալերիկ Մուրադյանի գործը, որն իբր ինքնասպան է եղել: Այն զինդատախազի ցուցումով հանվեց կասեցումից, սակայն նոր քննությունն ընդամենը շոու էր, որն ավելի բորբոքեց հանրությանը:



 



Նույնչափ անիմաստ շոու դարձավ Տիգրան Օհանջանյանի հոսանքահարման քննչական էպոպեան: Այս ամենն աչքի առաջ ունենալով, պետք է ընդունենք, որ եթե զինդատախազի կապույտ երազանքն իրականանա, եւ նա մի օր ՀՀ գլխավոր դատախազ նշանակվի նախագահականին մոտ իր ընկերների ջանքերով, ապա այս նշանակումը ջրից փախչելու եւ ջրհեղեղն ընկնելուն հավասար տարբերակ է լինելու: