Խաչիկյանի գործից հինգ քրեական գործ արդեն դատարանում է

Խաչիկյանի գործից հինգ քրեական գործ արդեն դատարանում է
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ներկա դրությամբ քրեական գործով մեղադրյաների քանակը 16-ն է, որից 2-ը հետախուզման մեջ են:



 



9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Սրանց թվում է նաեւ սոցապծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված նախաքննության ընթացքում քրեական գործից անջատվել է 5 քրեական գործ` 14 անձի վերաբերյալ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Անջատված քրեական գործերը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի, 325-րդ հոդվածի 1-ին մասի (յուրացման եղանակով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով) մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են Ավան եւ Նոր Նորք, Էրեբունի եւ Նուբարաշեն, Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ:



 



Նախաքննության ընթացքում հարցաքննվել են 8 190 անձինք: Որպես մեղադրյալ ներգրավված 51 անձանցից 28-ի վերաբերյալ 9 քրեական գործ` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, վնասը վերականգնելուց հետո 7 անձի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է չարդարացնող հիմքով: Իսկ սույն հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 327 մլն 441 հազար 206 դրամ, որից վերականգնվել է 51 մլն 773 հազար 902 դրամը, դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված 64 մլն 578 հազար 984 դրամ վնասից վերականգնվել է 24 մլն 704 հազար 22 դրամը: