Պտտվիր, պտտվիր, կարուսել

Պտտվիր, պտտվիր, կարուսել
Ընդամենը երկու ամիս առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնը ստանձնած Արթուր Մեհրաբյանը երեկ պաշտոնանկ է արվել: Թեեւ այս մասին երեկվա դրությամբ պաշտոնական պատասխան չկար:



 



Մեհրաբյանը  Նոր Նորք տեղափոխվեց Արաբկիրից`  այն ժամանակահատվածում, երբ ստուգումներ էին անցկացվել Արաբկիրի բաժնում եւ ավելի քան 90 չհաշվառված հանցագործություններ բացահայտվել, որն ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն, իսկ Արթուր Մեհրաբյանը, փոխանակ պաշտոնանկ արվելու, տեղափոխվեց Նոր Նորքի բաժին: Ինչու այսքան կարճ տեւեց նրա պաշտոնավարումը, չգիտեր նույնիսկ ինքը: Ավելին,  մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե, իբր, պաշտոնանկությունից տեղյակ չէ, եւ հորդորեց այդ մասին տեղեկություն ստանալ լրատվականի միջոցով:



 



Մեհրաբյանը դեռ նոր պաշտոն չի զբաղեցրել, տեղափոխվել է կադրային ռեզերվ, որտեղ գտնվում է նաեւ Կենտրոնի բաժնի վերջերս հեռացված պետ Սարգիս Մարտիրոսյանը, ում աշխատանքի տեղավորման հարցով խիստ մտահոգված է Երեւանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը: Մարտիրոսյանի ղեկավարած բաժնում եւս ներքին անվտանգության վարչության կատարած ստուգումների արդյունքում բացահայտվել էին մի քանի տասնյակ  թաքցված հանցագործություններ: