Սասունից Սարդարապատ ու հավիտենություն

Սասունից Սարդարապատ ու հավիտենություն
Եղեռն, գաղթ ու հետո ստալինյան աքսոր տեսած մարդկանց առաջին սերունդը, թվում է, պիտի ապրեր գլխիկոր, անլիարժեքության բարդույթի մեջ: Թվում է, թե պիտի կպնեին թալինյան քարքարոտ հողին, մնային անհայտ, անհասցե, անտեղյակ աշխարհի վայրիվերումներին: Թվում է: Սակայն նրանք հառնեցին: Կանգնեցին դեմ առ դեմ աշխարհին, ճակատ առ ճակատ մարդկությանը եւ ստիպեցին  այս աշխարհին իրենց հետ հաշվի նստել:



 



Այդ սերունդն էր, որ գրչով, մշակույթով, գիտությամբ  88-ը դարձրեց բռնությունները թոթափելու, իրական արդարության մեջ ապրելու սկիզբ ու շարունակություն: Այդ սերնդից է արդեն 70 տարին բոլորած Համբարձում Պողոսյանը: Արեւմտյան Հայաստանից Պողոսյանների բազմանդամ գերդաստանից ընդամենը երկուսն են անցել Արաքսը՝ Համբարձումի հայր Չերքեզը եւ նրա 12 տարեկան հորաքույրը: Հետո Չերքեզն ընտանիք կազմեց եւ 8 երեխա ունեցավ: Երեխաներն ընտանիքներ կազմեցին, թոռները՝ նույնպես, եւ արդեն նախկինից ավելի բազմանդամ է դարձել Պողոսյան գերդաստանը:



 



«Սա առաջին եւ կարեւոր հաղթանակն էր` պարտադիր մահվան դատապարտված մի սերնդի, իսկ մնացած սերունդները պիտի վրիժառու դառնան այդ սերնդի տառապանքների համար, այնքան, մինչեւ դրա ժամանակը գա: Ես վստահ եմ, որ կգա: Այդ վստահությամբ են ապրում եկող սերունդները, նրանց ապրելու ձեւը դա է ասում: Կա այս հարցում նաեւ արյան հիշողություն: Այդ հիշողությունն անընդհատ թարմացվում է կրթությամբ, գրականությամբ, մշակույթով: Կա հին, Սասունից եկած մի դաժան իմաստնություն. Սասնա աշխարհում, երբ արու զավակ էր լույս աշխարհ գալիս, հարազատներն ասում էին` ինչ սպանվելու տղա է: Սա դարերից եկած, էպոսից եկած հոգեբանություն է: Հիմա էլ այդպես է, երբ շուրջբոլորդ թշնամիներ են, որոնք ստիպում են համախմբվել, հզորանալ, մարտունակ բանակ ունենալ, եւ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում զոհվում են մեր զավակները, այնքան, մինչեւ հողը վերադառնա»,- ասում է Համբարձում Պողոսյանը:



 



Կոչումով ու էությամբ մանկավարժ Համբարձում Պողոսյանը բազում պաշտոններ է վարել: Այժմ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի վիճակագրական ծառայության պետն է: 2006 թվականին բացառապես իր ուժերով Բաղրամյանում հիմնեց Արաբոյի եւ ֆիդայիների թանգարանը եւ թանգարանին կից պուրակ, որտեղ Հայաստանից եւ սփյուռքից ժամանած  բազում նշանավոր մարդիկ պտղատու ծառեր են տնկել, որոնք արդեն բերքատու են, եւ թանգարանի այցելուներն օգտվում են այդ բարիքներից:



 



«Մենք Արաբոյի տոհմի ժառանգորդներն ենք: Այստեղ` Սարդարապատի ճակատամարտում, զոհվել է հորեղբայրս, որը կրում էր Արաբոյի անունը` Առաքել: Թանգարանի ստեղծման գաղափարն այստեղից է գալիս»,- ասում է Համբարձում Պողոսյանը:



 



400 քառակուսի մետր տարածք զբաղեցնող թանգարանը հագեցած է անցյալի, մեր ժամանակների արժեքավոր ցուցանմուշներով: Ընդհանուր առմամբ,  շուրջ 5 հազար 500 ցուցանմուշ կա թանգարանում, որոնցից ամենաարժեքավորները, ըստ Հ. Պողոսյանի, Արեւմտյան Հայաստանից` հատկապես Սասնա լեռնաշխարհի բնակավայրերից բերված կարպետներն են, աշխատանքային գործիքները, կավե սպասքը: Հատկանշական է, որ Սասունում գործված կարպետները 200 եւ ավելի տարվա պատմություն ունեն: Այստեղ այցելուների պակաս չկա: Տարեկան կազմակերպվում է 10-12 միջոցառում, յուրաքանչյուր միջոցառմանը մասնակցում է 400-500 մարդ: Բացի հիշարժան տարեթվերից, Մեծ եղեռնի, Արցախյան ազատամարտի, Մեծ հայրենականի միջոցառումներից  թանգարանում կազմակերպվում են հայրենասիրության դասեր, այբբենարանի հանդեսներ, տոնախմբություններ առաջին դասարան գնացող եւ ավարտական դասարանների աշակերտների համար:



 



Միայն այս միջոցառումների ժամանակ թանգարան այցելողների թիվը հասնում է 5 հազարի: Միջոցառումներից դուրս էլ հագեցած է թանգարանի առօրյան: Հատկանշական է, որ այստեղ մուտքն անվճար է: Գիտի պարտականությունը, դարձյալ անվճար՝ կատարում է Համբարձում Պողոսյանը: Թանգարանի սրահը, դարձյալ անվճար, մաքրում են վիճվարչության աշխատակիցները:



 



«Դիմել եմ մշակույթի նախարարին` Հասմիկ Պողոսյանին, որպեսզի մշակույթի նախարարությունն իր օժանդակությունն ունենա թանգարանի հարցում, խնդրել եմ տիկին նախարարին՝ բարեհաճի ժամանել գրեթե թուրքերի սահմանին կպած Բաղրամյան ավանում գտնվող թանգարան, որտեղ գրառումների մատյանում հրաշալի միտք է ձեւակերպել երջանկահիշատակ Ստեփան Պողոսյանը` նախարարի հայրը: Ի դեպ, Արաբոյի անվան պուրակում արդեն բերք է տալիս այն ծառը, որը տնկել է Ստեփան Պողոսյանը: Ես չեմ պատկերացնում թանգարանի վիճակը, եթե մի օր թողնեմ-հեռանամ Բաղրամյանից»,- ասում է Համբարձում Պողոսյանը:



 



Մարդն ապրել է, մարդը յուրովի  պարտք է ստանձնել նախնիների հանդեպ եւ կատարել սրբությամբ: Եվ այդ նվիրական գործում ինչքան դժվարություններ է ունեցել, սակայն դրանք անցյալում են: Թանգարանը կա` գեղեցիկ եւ հսկա ծառերի պուրակում: Ծառերն անուններ ունեն: Մարդ-ծառերն  արդեն պտուղ են տալիս, եւ ինչ զարմանալի բերք է դա: Իսկ թանգարանի ներսում անընդհատ ծաղկում է  այն հողը, որ Առաքելոց վանքից է բերված: Եվ ինչ զարմանալի բույր ունեն այդ ծաղիկները: Եվ ո՞վ է արժանի այդ պտուղները վայելելու, այդ ծաղիկների բույրը շնչելու, թանգարանի երբեմնի հրաշալի նմուշներով զմայլվելու. այբբենարանի հանդես անող մանուկնե՞րը, թե՞ շատ լուրջ գործերով զբաղվող նախարարները. այնքան, մինչեւ մանուկները նախարարներ կդառնան ու նոր այդ ժամանակ երկիրը` երկիր…



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ