Գյումրու քաղաքապետարանի «երկաթե վարագույրներն» այլեւս անցյալում են

Գյումրու քաղաքապետարանի «երկաթե վարագույրներն» այլեւս անցյալում են
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «թագավորության» շրջանում  քաղաքի շատ պրոբլեմներ մնացին «օդում կախված»: Դրանցից են  ստորգետնյա ջրերի ջրահեռացման համակարգի բացակայության, «Կումայրի» արգելոցի  մեջ մտնող շենք-շինությունների աստիճանական քայքայման, ավտոբուսային պարկի բացակայության, աշխատատեղերի ստեղծման, անորակ ասֆալտապատման, գետնանցումների մեծ մասի անմխիթար վիճակը եւ այլն:



 



 



Էլ ո՞ր մեկը թվարկենք. քաղաքում  պրոբլեմներն այնքան շատ են, որ  արդեն 10 տարուց ավել  «տեղում դոփում» են քաղաքապետարանի  անտարբերության  եւ գյումրեցիների պասիվության պատճառով: Դրանց լուծման ուղիների փնտրման համար որոշակի քայլեր ձեռնարկում է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը: Չնայած այս նախաձեռնությունից ավագանու անդամ  դարձավ միայն Լեւոն Բարսեղյանը, սակայն  մյուս անդամները եւս առաջարկներ են ներկայացնում  քաղաքապետարանի մշակած Գյումրու 2013-2016 թվականների զարգացման քառամյա ծրագրի նախագծում ընդգրկելու համար:



 



 Եթե նախկինում Գյումրու քաղաքապետարանին կարելի էր «փակ կողպեք» նվիրել ավագանու նիստերի մասին հասարակությանը չտեղեկացնելու համար, ապա հիմա  առաջվանը չէ, քաղաքում տեղի ունեցող ավագանու նիստերը չեն անցնում «երկաթե վարագույրների հետեւում»: Կա մի խնդիր սակայն. գյումրեցիներն այդ քննարկումներին ակտիվ չեն մասնակցում: Գուցե դա հետեւանք է ընկճվածության, ապագայի հանդեպ լավատեսության բացակայության. երկրաշարժը, Հայաստանի անկախացումից հետո տնտեսական անկումը, արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասի վերացումը եւս նպաստեցին դրան:



 



Դեկտեմբերի 8-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքի 2013-2016 թվականների զարգացման քառամյա ծրագրի քաղաքապետարանի մշակած նախագծի քննարկումը «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամների եւ քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որը վարում էր փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը:



 



-Եթե մեր մոտ կստացվի արդյունավետ համագործակցային աշխատանք, դա լավ ավանդույթ է, եթե չի ստացվի, վերադառնալու ենք հին տաշտակին, որը եղել է 16 տարի շարունակ, հույս ունեմ, որ կստացվի,-ասաց ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը:



 



Առաջնահերթ քննարկվեց անօթեւանության խնդիրը, որը Գյումրիում չի վերացել, չնայած այն հանգամանքին, որ պետական բյուջեից հատկացված միջոցներով «Գլենդել Հիլզ» կազմակերպության կողմից 2010 թվականին  Գյումրու «Մուշ-2»  թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից  1056  ընտանիքներ բնակարան ստացան:  2012 թվականին շահագործման հանձնվեց «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերի 1756 բնակարաններով թվով 38 բազմաբնակարան շենքեր:



 



-Անօթեւանության հիմնախնդրի հաղթահարումը, որպես քաղաքի զարգացման  գերակա ուղղություն ի նկատի չունենալը արդարացի չէ: Եթե անգամ մյուս տարի 420 անօթեւան ընտանիքները ապահովվեն բնակարաններով, մենք ունենալու ենք 4500 անօթեւան ընտանիք Գյումրիում, որից 1900-ը՝ աճած, կիսված եւ տնակներում մնացած ընտանիքներն են, 300-ը՝ երկրաշարժից չհաշվառված, անօթեւան, 300-ը՝ սեփական տներ կորցրած, 400-ը՝ պետության կողմից հաշվառված, մերժված ընտանիքներ են: Մոտ 1000 ընտանիք երկրաշարժից անօթեւան չէ, բայց ապրում է անօթեւանության պայմաններում. բնակարաններ են ստացել, տաբեր պատճառներով վաճառել, գնացել մտել են տնակների մեջ, եւս 600-ը մյուս համայնքներից, Ջավախքից են եկել: Կարելի է տնակներում բնակվողներին առաջարկել պետության սոցիալական բնակարանաշինության ծրագրից օգտվել, որ այդ բնակարաններում բնակվեն, իսկ դրանք համայնքի կամ պետության սեփականությունն են լինելու,-պարզաբանեց Լ.Բարսեղյանը:



 



Նրա խոսքերով համայնքը չունի ասֆալտող մեքենա, սեփական ասֆալտ նորոգող տնտեսություն: «Մեր քաղաքում ոսկե տառերով պետք է քանդակված լինի, որ միկրոավտոբուսներում չպետք է լինի կանգնած ուղեւոր: Կարեւոր է համայնքապատկան ավտոբուսների պարկի ստեղծումը: Այն կարող է լուրջ մրցակից լինել մասնավոր տրանսպորտային միջոցների համար: Պետք է ունենալ համայնքապատկան գովազդային տնտեսություն: Ավտոկայանատեղիների պարկինգների քաղաքային տարեկան պոտենցիալը 200000 դոլար է կազմում, դրա պահպանման պոտենցիալը՝ 50000 դոլարի է հասնում: Տարեկան պայմանական մնացորդը քաղաքի համար 150000 դոլարի է հասնում:



 



-Լավ կլիներ, պարզ լիներ, թե համայնքի բյուջե որքան գումար է մուտքագրվում  այդ գումարից: Եթե պարզվում է, որ տարեկան  150000 դոլարից 75000-ից պակաս է ունենում քաղաքը, ճիշտ կլինի, որ քաղաքն ինքը իրականացնի պարկինգի ծառայությունը,-նշեց Լ.Բարսեղյանը:



 



«Քաղաքը մերն» է նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանն անդրադարձավ Գյումրիում տուրիզմի զարգացման հիմնախնդրին՝ նշելով.-«Հայաստան եկող տուրիստների 5 %-ն է գալիս Գյումրի: Մենք չունենք քաղաքի տնտեսական զարգացման հայեցակարգ եւ լուրջ հաշվարկներ: Քաղաքապետարանը կարող է պատվիրել Գյումրու տնտեսական զարգացման ծրագիր: Այդ հարցում կարող է օժանդակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, որտեղ դոկտորներ եւ գիտությունների թեկնածուներ են աշխատում: Փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանն էլ նշեց, որ այդ հարցով կարելի է մրցույթ հայտարարել:



 



«Քաղաքը մեն է» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը կարեւորեց  Գյումրու քաղաքապետարանի շենքի կեսը այլ նպատակների համար ծառայեցնելը, պնդելով, որ այն մեծ շենք է եւ լիարժեքորեն չի օգտագործվում:



 



Չնայած քննարկվող հարցերին, առաջնայինը քաղաքի տնտեսական զարգացումն է. Գյումրիում նոր տեքստիլ կոմբինատի կառուցման խնդիր կա եւ որքան շատ լինեն արդյունաբերական ձեռնարկությունները, այնքան քիչ կլինի արտագաղթը քաղաքից: Եթե խորհրդային տարիներին Գյումրու բնակչության թիվը գերազանցում էր 200000-ը, ապա 2008 թվականին այդ ցուցանիշը եղել է 146700, 2012-ին՝ 145 800  մարդ:



 



Հավելենք, որ մենք ուսումնասիրել ենք քառամյա ծրագրի   նախագիծը, որում  ընդգրկված են նաեւ ջրային կառույցների քայքայվածության, անսարք ջրային կառույցների վերագործարկման, համատիրությունների ոչ արդյունավետ գործունեության, արտաքին լուսավորության ցանցի վերանորոգման, Ախուրյան գետի աղտոտվածության եւ նոր մաքրման կայանի կառուցման, քաղաքի  կենտրոնական հատվածի կանաչապատման, փողոցներում տեղակայված կրպակների ապամոնտաժման կամ արդիականացման, համայնքում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կազմակերպման եւ այլ խնդիրներ:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ



 Գյումրի