Որն է լինելու 2013-ի նորամուծությունը

Որն է լինելու 2013-ի նորամուծությունը
Յուրաքանչյուր ընտրություն մի նորամուծություն է բերում իր հետ՝ նայած թե իշխանությունն ինչ խնդիր է դնում: Եթե 90-ականների սկզբին ընտրատեղամասերում լույսը հանգցնում էին, քվեատուփը գողանում, արկղերը լցոնում, ապա 90-ականների վերջին արդեն անցանկալի թեկնածուներին պարզապես չէին գրանցում՝ ինչ-որ թերություններ էին գտնում եկամուտների հայտարարագրերի մեջ: 2000-ից հետո էլի տեխնոլոգիաները փոխվեցին:



 



Սկսվեց միաթեկնածու առաջադրումների, կարուսելների, կեղծ անձնագրերի ու թաղային հեղինակությունների ժամանակաշրջանը: 2012-ին արդեն բոլոր նշված մեխանիզմները կատարելագործվել էին. ընտրակեղծարարների կուռ շարքեր կային, որտեղ ամեն մեկը պտուտակի նման կատարում էր իր գործը, եւ մեխանիզմը գործում էր հալած յուղի պես: Պլյուս դրան՝ գտան, որ 5 տարվա բնակության մասին օրենսդրական նորմը պետք է հասկանալ ուղղակի՝ ամեն տարվա 6 ամիսը մարդը պետք է պարտադիր ապրի երկրում, որ նրան թույլ տրվի մասնակցել ԱԺ ընտրություններին: Մեկեն բոլորը մոռացան, որ ընդամենը մի քանի տարի առաջ ՀՀ նախագահ էր ընտրվել մի մարդ, ով ոչ թե 10 տարվա բնակության պահանջը չէր բավարարում, այլեւ ՀՀ քաղաքացի լինելն էր վիճելի:



 



Հիմա՝ 2013-ի շեմին, ես, անկեղծ ասած, անհամբերությամբ սպասում եմ, թե մեր ընտրակեղծարար իշխանությունն ու իր կամակատարներն այս անգամ ինչ մեխանիզմներ են գործի դնելու: Որքան էլ թվում է՝ երկիրն այնքան է դատարկվել, ու մարդիկ այնքան են հիասթափվել, որ այդ ապօրինությունների կարիքը չկա, սակայն, մի կողմից, հանցագործություն անելու իներցիան, մյուս կողմից՝ իշխանությունը կորցնելու մշտական վախն իրենց դերը կխաղան: Նորից ցուցակներ կկազմեն, ընտրակաշառք կբաժանեն, շրջիկ քվեարկողներին կպտտեցնեն, կսպառնան ու կվախեցնեն: