Մոնթեի մայրը…

Մոնթեի մայրը…
Անժելա Բարսեղյանը գրում է. «Արագ է սլանում կյանքը, շատ ասելիք կա, շատ անելիք, շատ ժամանակ է պետք տրամադրել ընտանիքին, ընկերներին ու շրջապատին... ու վազեվազ փորձել կիսանորմալ ապրել:



 



Այդպես էի մտածում այսօր՝ վերադառնալիս Մարսիա Մելքոնյանի տնից (Մոնթեի միջնեկ քույրիկի), որտեղ Մարգարը (ընկերս, Մոնթեի եղբայրը), բոլորս հավաքված՝ ընթրում էինք միասին, ընտանիքներով, ու մյուս սենյակում, խաղաղ, առանց ցավերի, իր վերջին օրերն ու երեւի ժամերն էր («ապրել»-ը երեւի սխալ բառ է, շնչում է տակավին...... սակայն իննսունն անց Զաբել Մելքոնյանի, բուժքույրի խնամքի տակ, աչքերը փակ են, ու արդեն չի կարողանում աչքերը բացել)… ոտնկա խմեցինք իր կենացը ու, հույս ունենալով՝ ուր որ է նրա հոգին պիտի գնար, ավելի լավ տեղ լիներ, քան ներկա տեղում...



 



Զաբել Մելքոնյանը վաստակավոր ուսուցչուհի է եղել տասնյակ տարիներ, Վայսելիա քաղաքում: Ամուսնու՝ Չարլիի հետ, հավերժ սիրահարված զույգ էին: Արտակարգ մարդ, բարձր հասակով, փառավոր տեսքով, կատակասեր ու կենսուրախ Չարլի Մելքոնյանի հետ երեւի ավելի քան վաթսուն տարվա ամուսնացածներ էին: Չարլին մահացավ մոտ յոթ տարի առաջ:



 



Ես իրենց, ինչպես Ամերիկայի պարզ մարդկանց մոտ ընդունված է, անունով էի կանչում... Արտակարգ ընտանիք, չորս զավակներ, բոլորը բարձրագույն կրթություն ստացած, պրոֆեսիոնալ, ազնիվ ու մարդկային բարձր արժեքների ընտանիք... Զաբելն ու Չարլին՝ կուզեմ հավատալ, որ ամբողջ աշխարհը մի քանի անգամ շրջագայել են, իրոք, շատ են ճանապարհորդել, մինչեւ խոր ծերություն.... իրենց երիտասարդ զավակի՝ Մոնթեի մահը շատ խորը կսկիծով, սակայն շատ համեստ, լուռ ու պարկեշտ ընդունեցին ու ապրեցին իրենց ողջ կյանքում... Զաբելը, Մոնթեի մահից հետո, որեւէ ծանոթ-բարեկամի մահվան ծաղկեպսակի փոխարեն նվիրատվություն էր ուղարկում «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամ՝ Հայաստանի ու Արցախի պետքերի համար... նրանց համար, որ պիտի շարունակեն Մոնթեի իղձերը...



 



ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԱՅՍ ՀՍԿԱ ԱԶՆՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ ՄԱՅՐԻԿԻՆ...»: