Մեսսին նոր ռեկորդ սահմանեց

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Մեսսին նոր ռեկորդ սահմանեց
Իսպանական Լա Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության մատնեց համեստ «Բետիսին»։ Այդ հանդիպումն այդպես էլ կմնար աննկատ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Լեո Մեսսին հենց այդ խաղում կատարած իր դուբլի շնորհիվ նոր ռեկորդ սահմանեց՝  մեկ օրացուցային տարվա ընթացքում խփված գոլերի քանակով։



 



Մինչ այս պարամետրով ռեկորդակիր էր համարվում Գերդ Մյուլլերը, որը 1972 թվականին դարձել էր 85 գոլի հեղինակ, եւ 30 տարի դա անգերազանցելի ռեկորդ էր հանդիսանում, նաեւ շատ քչերն էին համարում, որ երբեւէ կհաջողվի գերազանցել այն՝  հաշվի առնելով ֆուտբոլի ներկայիս զարգացածության բարձր աստիճանը։ Չնվազեցնելով Մյուլլերի ցուցանիշը, այնուամենայնիվ նշենք, որ ներկայումս խփված 86 գոլը ոչ թե մեկ միավորով է գերազանցում վաղեմի ցուցանիշը, այլ մի քանի անգամ, եւ չմոռանանք, որ տարին դեռ չի ավարտվել, եւ Մեսսին էլ ավելի կբարելավի արդեն իր կողմից սահմանված ռեկորդը։ Թեեւ Մեսսին բազմաթիվ այլ ռեկորդների հեղինակ է, այնուամենայնիվ, նման նշանակության ռեկորդը միանգամայն այլ է։



 



Այս լրջագույն ռեկորդից հետո արդեն գրեթե ոչ մեկի մոտ կասկած անգամ չի կարող լինել, որ հենց Լեոն կրկին անգամ կարժանանա «Ոսկե գնդակ» կարեւորագույն մրցանակին։ Ի դեպ, ինչպես արդեն նշել ենք, որքանով օրեցօր ավելանում է Մեսսիի երկրպագուների  թիվը, դրա հետ մեկտեղ օր օրի համալրվում է նրա մոլի հակառակորդների բանակը։ Արդեն գործող լրջագույն ֆուտբոլային աստղերն են անգամ սկսել անթաքույց արտահայտել իրենց անբարյացակամությունը հանճարեղ արգենտինացու նկատմամբ: Դրա վառ օրինակն է Զլատան Իբրահիմովիչի վերջերս արած հայտարարությունը, որով նա իր դժգոհությունն էր հայտնում Մեսսիի՝ կրկին «Ոսկե գնդակի» հավանական արժանացման ուղղությամբ. ի դեպ, շվեդ ֆուտբոլիստն այդպես էլ ոչ մի հակափաստարկ չէր կարողացել բերել։ Ինչպես հայտնի է, Իբրահիմովիչը հռչակավոր եւ տիտղոսակիր ֆուտբոլիստ է, ավելին՝ նա աշխարհի լավագույն եւ միաժամանակ ամենալավ վարձատրվող ֆուտբոլիստներից է, ու երբ այդ մակարդակի աստղն է անգամ իր անբարյացակամությունը դրսեւորում մեկ այլ ֆուտբոլիստի նկատմանբ, ապա միայն այդ հանգամանքից կարելի է պատկերացնել, թե ինչ տիտանական երեւույթ է Լեոնել Մեսսի անունով մեգա-աստղը։



 



Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» համար Մեսսիի մրցակիցներն են Կրիշտիանու Ռոնալդուն եւ Անդրես Ինյեստան, որոնք իրենց անհատական ցուցանիշներով, ինչու չէ՝  նաեւ ֆուտբոլային տվյալներով, էականորեն զիջում են նրան։



 



Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ