Ընդդեմ իշխանության կարելի է համագործակցել անգամ սատանայի հետ

Ընդդեմ իշխանության կարելի է համագործակցել անգամ սատանայի հետ
Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության բաղադրիչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագործակցությունից հետո առաջին անգամ ընդդիմադիրները երեկ հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղից էլ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով բողոքի երթով շարժվեցին դեպի Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ:



 



Եթե նախկինում ընդդիմության նույն հետեւորդների համար ԲՀԿ-ն հանցավոր ռեժիմի մաս էր, ապա երեկ հանցավոր ռեժիմը մասնատված էր՝ կային  չարիքներ ու չարյաց փոքրագույններ: Սա տրամաբանական է հետընտրական քաղաքական գործընթացներից հետո, երբ հազարավոր մարդկանց կուռք դարձած ընդդիմությունը  սկսեց շոշափել նույնիսկ Գագիկ Ծառուկյանի՝ որպես ընդդիմության միասնական թեկնածուի սատարման հարցը: Անկախ  այս ամենից, այնուամենայնիվ, բողոքի երթին մասնակցում էր այնքան մարդ, որքան նախկինում, իսկ վարչական մասով՝ պատգամավորներն ու մի քանի ներկայացուցիչներ: Շարժման առաջնորդը, ինչպես երբեւէ, չէր մասնակցում երթին: Իսկ ի՞նչ կարծիքի են վերջին շրջանի իրադարձությունների՝ ՀԱԿ-ԲՀԿ-ի հնարավոր միավորման մասին ՀԱԿ-ի շարքային հավատարիմ համախոհները, ովքեր շարժման շարքերում են դեռեւս 2008 թվականից:



 



Ինչպե՞ս են վերաբերվում օլիգարխիկ ԲՀԿ-ի հետ հնարավոր բարեկամությանը, կընտրեի՞ն  Գագիկ Ծառուկյանին, եթե նա լիներ ընդդիմության միասնական թեկնածուն: Համախոհների  համար, կարելի է ասել, ավելի շատ էական է առաջնորդի դիրքորոշումը. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնի, որ փրկության օրը Ծառուկյանով  է գալու, ապա կընտրեն նրան: Նորա Մնացականյանը կարեւորում է իշխանափոխությունը, որին «շատ կօգնի համագործակցությունն այլ ուժերի հետ»: «Այս պայմաններում միայն մի կուսակցություն չի կարող սրանց հախից գա: Ես մինչեւ հիմա հավատ չեմ ունեցել, որ ԲՀԿ-ն կոալիցիայից անջատվի ու դառնա ընդդիմություն… Միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եթե չառաջադրվի, ու այլ թեկնածու լինի, արդեն կախված է Տեր-Պետրոսյանի վերաբերմունքից»:  Գառնիկ Աբրահամյանը կասկածում է ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, նախ նա պետք է, որպես ընդդիմություն,  պայքարի գործով. «Եթե դառնա ընդդիմություն, մենք բոլորս շատ համաձայն ու ուրախ կլինենք, որովհետեւ ՀԱԿ-ը համարվում է ընդդիմություն, ու եթե ԲՀԿ-ն էլ ընդունի այդ «ընդդիմություն» բառը եւ հանդես գա,  միասին մենք անպայման կհասնենք մեր նպատակին:  Գործողության երեւույթը մեզ կբերի ապացույցի, կտեսնենք, թե ինչպես են բանավիճում, իրար քննադատում: Ժողովուրդը կզգա նրա ձգտումը: Եթե նորից խաբվեց ժողովուրդը, ընդհանրապես էս երկրի վրա խաչ քաշել ա պետք»:



 



«Չարիքի փոքրագույնն ա, այս չընտրված իշխանությունից պրծնելու համար թեկուզ սատանայի հետ հարկավոր է համագործակցել»,-համոզված է մեկ այլ ընդդիմադիր՝ Համլետ Աղաբեկյանը: «Ես հավատում եմ, որ անջատվել է, բայց թե կմիանա՞ն, կունենա՞ միասնական թեկնածու, չեմ կարող ասել: Հիմա իրանց ծրագրերը մոտենում են իրար, ստիպված քայլ ա, դա իշխանությունների փլուզման համար է: Էս լավ օրից չի, որ այդ քայլին են գնում, ճարահատյալ է»,-կարծում է Վաղարշակ Վաղարշակյանը:



 



ԵԹԵ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԱՌԱՋԱԴՐՎԻ, Ի՞ՆՉ ԿԱՆԻ ՀԱԿ-Ը



 



Շաբաթ օրվանից ԲՀԿ վերնախավում շշուկներ են տարածվել, թե Ազատիչն ու Ծառուկյանը «բարիշել» են, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը չի առաջադրվի: Այս օրերին հայտնի կլինի վերջնական տարբերակը: Բնականաբար, ըստ այդմ իր անելիքները կհստակեցնի նաեւ ՀԱԿ-ը: Իսկ ի՞նչ է փոխվելու ՀԱԿ-ի ծրագրում այս որոշումից հետո՝ հարցրինք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: «Պատճառահետեւանքային կապը չհասկացա: Ձեր ասածի մեջ էնքան բազմաշերտ ինֆորմացիա կա, որ ես չեմ կարող էդ ինֆորմացիաները որեւէ կերպ մեկնաբանել, ես կարող եմ ասել հետեւյալը. բավականին երկար համբերել ենք, էլի կհամբերենք, նախագահի թեկնածուի առաջադրման ժամկետը մոտենում է, հայտարարություններ կլինեն, ըստ այդմ ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀԱԿ-ում,  բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածուի վերաբերյալ  քննարկում չկա:



 



Ընդդիմադիր պատգամավորն ինչո՞վ է բացատրում նախընտրական այս աննախադեպ  անորոշությունը: Արդյո՞ք կհաջողվի այս կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնեցնել ընտրազանգվածին: «Եթե հիշում եք, 2006-ին մարդիկ խորը դեպրեսիայի մեջ էին: Տեղի էր ունեցել, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվե: Գիտեք, այստեղ խնդիրը հետեւյալն է՝ մարդկանց ասվի ասելիք, որին եւ ասողները կհավատան, եւ լսողները: Սրանում է ընդհանրապես քաղաքական գործընթացի նրբությունը»: «Իսկ այդ հավատալու գործընթացին արդյո՞ք չխանգարեցին ԲՀԿ-ՀԱԿ նոր հարաբերությունները» հարցին եղավ հետեւյալ պատասխանը. «Գիտեք, էլի եմ ասում, մի քանի ամիս է՝ լրագրողներին ասում եմ՝ ինձ չտալ հարցեր, որ ես դրանց պատասխանել եմ»: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ասաց, թե շատ շուտով իրենք որոշում կկայացնեն: Մեր հարցին, թե սպասո՞ւմ են Գագիկ Ծառուկյանի որոշմանը, որից հետո միայն կհստակեցնեն քայլերը, պատասխանեց. «Դա Ձեր տպավորությունն է, մենք ենք որոշում կայացնելու, մենք ասել ենք՝ ցանկալի կլինի միասնական օրակարգով մասնակցել ընտրություններին, բսյց վերջնական որոշումը քաղաքական ուժերը պետք է կայացնեն»: