Ոչ մի առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Ոչ մի առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
Նախորդ տարվա համեմատ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել: Այս փաստը Մարդու իրավունքների պաշտպանության օրն արձանագրեցին եւ իրավապաշտպանները, եւ նախկին դատավորները, մասամբ  երկրի օմբուդսմենը եւ իհարկե՝ ՀՀ շարքային քաղաքացիները:



 



Օմբուդսմենի գնահատմամբ, Հայաստանում մարդու իրավունքների ամենամեծ խոցը, քաղցկեղը շարունակում են մնալ դատարանները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ երաշխավորը պետք է լինեն, սակայն ամենամեծ ոտնահարողն են: ՄԻՊ-ը նախորդ տարվա հետ համեմատած որոշակի առաջընթաց է համարում միայն ընտրությունների ժամանակ տեղամասերում, ձայների հաշվարկի ժամանակ բռնության, ակնհայտ կոպիտ խախտումների բացակայությունը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ մեր հասարակությունը դեռեւս ընտրական գործընթացներին չի հավատում:



 



Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ ցավով է նշում, որ մարդու իրավունքների մասին խոսելիս ստիպված է անդրադառնալ միայն բացասական երեւույթներին, «որովհետեւ տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են»: «Ես միշտ դեմ եմ արտահայտվել, որ մարդու իրավունքների ոտնահարումը պետք չէ չափել ոտնահարված իրավունքների քանակով, ասենք, պետք չի չափել՝ բանտում 5 քաղբանտարկյալ է նստած, թե 25, ու ասել, որ եթե 5 քաղբանտարկյալ է, ապա դա լավ է, իսկ 25-ի դեպքում վատ է:  Հայաստանի կարգի երկրի համար 1 քաղբանտարկյալն էլ շատ է, իսկ մենք անցած տարի էլ ենք ունեցել քաղբանտարկյալ, նախանցած տարի էլ եւ այս տարի էլ ունենք: Իմ գնահատմամբ, Հայաստանում ոչինչ չի փոխվել դեպի լավը»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպանը:



 



Քաղբանտարկյալներից զատ, անդրադառնալով մյուս ոլորտներին, Հարությունյանը նշեց, որ մարդկանց իրավունքները շարունակում են ծայրահեղ վատ մնալ եւ տնտեսական, եւ սոցիալական բնագավառներում, ինչի հետեւանքով ստիպված են լինում լքել երկիրը: «Այս ամեն ինչը մարդու իրավունքների հետ սերտորեն առնչվող երեւույթներ են: Այս ամենից հետո խոսել դրական տեղաշարժի մասին, թվարկել ոլորտներ, որտեղ դրական տեղաշարժ է նկատվել, ես դժվարանում եմ: Ոչ թե որ ես վատատես եմ, միայն վատն եմ ցանկանում տեսնել, այլ ցանկության դեպքում անգամ դժվարանում եմ բերել օրինակներ եւ ասել, որ, ահա, այս բնագավառում, ասենք, առաջխաղացում կա»,-եզրափակեց իրավապաշտպանը:



 



Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էլ առաջընթաց չի տեսնում, դժվարանում է նշել գոնե մեկ-երկու ոլորտ, որտեղ ինչ-որ դրական տեղաշարժ է նկատվել մարդու իրավունքների պաշտպանության առումով: Փոխարենը թվարկում է ոլորտների մի ամբողջ շարան, որտեղ ամեն րոպե խախտվում են մարդու իրավունքները: «Ամենատեսանելին ու ցավալին սոցիալական ոլորտն է, ինչ խոսք, դատականն առաջնային ոլորտն է, ոստիկանության բեսպրեդելը, մարդը շարունակում է անպաշտպան մնալ ոստիկանությունում, տնտեսականը»: Օհանյանի խոսքով, ինքը ժամանակին պայքարում էր, որ դատավորների աշխատավարձը բարձրացնեին, ինչով կպայմանավորվեր կոռուպցիայի նվազումը դատական համակարգում: Աշխատավարձերը բարձրացան, սակայն կոռուպցիան այդպես էլ չնվազեց: «Այն ժամանակ ես բոցաշունչ ելույթներ էի ունենում, պահանջում է, որ նախ դատավորներին աշխատավարձ տան, հետո նրանցից պահանջեն: Ճիշտ է, աշխատավարձը բարձրացավ, բայց արդյո՞ք ժողովուրդն ինչ-որ տարբերություն զգում է: Նվազե՞ց կոռուպցիան, թե՞ էլի նույնն է մնացել: …Մարդը ներսից պետք է փոխվի»,-նկատեց նախկին դատավորը:



 



Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ընդհանրապես Պարգեւ Օհանյանը մատնանշեց մի հետաքրքիր երեւույթ՝ խտրականությունը, որի բացակայության պայմաններում, ըստ նրա, մարդիկ շատ բաների վրա պարզապես աչք կփակեն: Այսինքն՝ եթե չլինեն օրենքի առաջ արտոնյալներ, շարքային քաղաքացիներն այդքան ծանր չէին տանի իրենց իրավունքների ոտնահարումը նույնիսկ անկատար, թերի օրենքների պարագայում: Իսկ քաղաքացիների շրջանում արված մեր հարցումների պատասխաններն այնքան հոռետեսական են, որ մենք զերծ կմնանք դրանք ուղիղ մեջբերելուց: