Ծառուկյանն առաջադրվի էլ՝ փչանալու է, չառաջադրվի էլ...

Ծառուկյանն առաջադրվի էլ՝ փչանալու է, չառաջադրվի էլ...
«Ծառուկյանը փոշմանել է», «ՀՅԴ-ն էլ համաձայնության է եկել Սերժ Սարգսյանի հետ եւ լքում է ընդդիմադիր դաշտը». հանգստյան օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում այսպիսի տեղեկություններ հրապարակվեցին այն բանից հետո, երբ շաբաթ օրը իրար ետեւից կայացան Սերժ Սարգսյան - ՀՅԴ եւ Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան հանդիպումները:



 



Որոշ տեղեկություններով, Ծառուկյանի հետ բավական կոշտ խոսակցություն է եղել, եւ դա մասամբ պայմանավորված է ԲՀԿ-ի բրյուսելյան վոյաժներով եւ իշխանությունների հասցեին համարձակ հայտարարություններով: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»: Սակայն ավելի ուշ ԲՀԿ-ն իր հաղորդագրության մեջ ավելի մեղմ ձեւակերպում տվեց. «Գագիկ Ծառուկյանն իր մտահոգությունը հայտնեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների եւ արդյունավետության վերաբերյալ»։ Մեր տեղեկություններով,  Ծառուկյանը Սերժ Սարգսյանի մոտ գրեթե զղջացել է իր ասածների համար:



 



Շաբաթ օրը Սերժ Սարգսյանին են հանդիպել նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը. «կայացել է երկարատեւ քննարկում Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ»: Թեեւ գլխավոր՝ խորհրդարանական կառավարման եւ հայ-թուրքական արձանագրությունների հարցում կողմերը տրամագծորեն հակառակ կարծիքի են եղել, սակայն «որոշել են շարունակել խորհրդակցությունները»:



 



«Վիճակը գնալով դառնում է շատ անհասկանալի եւ դժվար»,- այսպես գնահատեց ստեղծված իրավիճակը «Նոր ժամանակներ» կուսակցության  նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանին մրցակցային ընտրություններ են պետք եւ «եթե Արեւմուտքը այդ «մրցակցային ընտրություններ» ասվածը տեսնում է 70/30 հարաբերակցությամբ, ապա Ռուսաստանն այդ հարաբերակցությունը  55/45 կամ 60/40-ի է ցանկանում. հենց այստեղ էլ առաջանում է խնդիրը»: ՆԺԿ ղեկավարի խոսքով, մրցակցությունը թվացյալ է լինելու, որովհետեւ Սերժ Սարգսյանը վերարտադրվելու է. «Հիմա ով մտավ եւ այդ թվերը հավաքեց… Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդը  45 տոկոս ձայն ունենա եւ Հայաստանում հեղափոխության փորձ չանի»: Սրանով են պայմանավորված խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանն է հորդորել չառաջադրվել, ավելին, եթե իսկապես Ծառուկյանը հրաժարվի առաջադրվելուց, ապա, Կարապետյանի համոզմամբ, ամենախելոք որոշումը կկայացնի: Ինչո՞ւ: «Ծառուկյանն էլ է հասկանում, որ ներկայիս իրավիճակում Սերժ Սարգսյանին հաղթելն անհնար է (հիշեցնեմ՝ ընտրություններ չեն լինելու, եւ այդ պատճառով է անհնար), եւ հիմա Ծառուկյանը պարտվեց եւ չաղ տոկոսներով չռեալիզացվեց, այսինքն՝ ոչ մի շարժման չվերածվեց, այդ մարդն ինչպիսի՞ համբավ է ունենալու հասարակության մոտ»: Այս պարագայում կդառնա ավելի վատ, քան Արթուր Բաղդասարյան-2, որովհետեւ, ըստ Կարապետյանի, նրանից սպասելիքներն են այլ: «Ստացվում է, որ մարդը դնում է թեկնածությունը՝ փչանում է, չի դնում՝ փչանում է»,- եզրահանգեց Կարապետյանը: Վերջինի դիտարկմամբ, «Ծառուկյանն այնուամենայնիվ կընտրի նվազագույնը: Չես մասնակցում, ապա չես լեգիտիմացնում Սերժ Սարգսյանի վերարտադրվելը»:



 



Առհասարակ, քաղաքական զարգացումները, ըստ ՆԺԿ ղեկավարի, նոր հարթություն են տեղափոխվում: Նա տեղեկություն ունի, որ դեկտեմբերի 14-15-ն ընկած ժամանակահատվածում հերթով գնալու են Մոսկվա, այդ թվում՝ գործող նախագահը: Այդ այցերից հետո միայն բոլոր հարցերը պատասխաններ կունենան: Ենթադրվում է, որ եթե ԲՀԿ-ն վերջնականապես որոշել է թեկնածու չառաջադրել, դա կհայտարարի մինչ այդ հանդիպումը: Եթե որոշումը հաստատ չէ, ապա՝  հանդիպումներից հետո:  ՀՅԴ-ի մասով եւս Սերժ Սարգսյանը փորձում է ապահովագրել իրեն:



 



«ՀՅԴ-ն այն վիճակում է, որ բոլորը փորձում են իրենց կողմը քաշել, որովհետեւ ՀՅԴ-ն չի ուզում թեկնածու առաջադրել, մտնել այս ամենի մեջ, բայց, որպես կուսակցություն, ուզում է դերակատարում ունենալ»,- նկատեց Կարապետյանը: Կհաջողվի՞ արդյոք Սերժ Սարգսյանին կառավարելի դարձնել ՀՅԴ-ին, կերեւա հետագայում: Ենթադրվում է, սակայն, որ միայն ընտրությունից ընտրություն ընդդիմադիրի դիմակ հագնող ՀՅԴ-ն այս անգամ էլ, հավատարիմ իր գործելաոճին, «դեմ ըլլալով՝ կողմ է ըլլալու» իշխանություններին: Ի վերջո, ընտրությունները բոյկոտելը  եւս նշանակում է սատարել Սերժ Սարգսյանին: Մի բան փաստ է. որքան էլ ՀՀԿ-ականները պոռոտախոսում են, թե իրենց թեկնածուի հաղթանակն այլընտրանք չունի, պարզ է, որ այստեղ վախեր կան հետընտրական գործընթացների հետ կապված: «Առավել եւս, որ այդ վախերը գալիս են նաեւ գեոքաղաքական դաշտից»,- վստահեցրեց Կարապետյանը:



 



Քաղաքագետ, ՌԱՀՀԿ կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ մամուլն ուռճացնում է այդ հանդիպումները՝ դրանով «ժողովրդին համոզելով, որ քո բախտն այս հանդիպումների մեջ է»: «Չեք թողնում, որ մարդիկ մտածեն իրենց ապագայի մասին, մի քիչ պատասխանատվության հարց կա: Դուք անընդհատ գրում-գրում եք, բայց հասարակությանը չի հետաքրքրում, չէ՞, ինչո՞ւ թերթերին, ուրեմն, չի հետաքրքրում այդ խնդիրը, թե ինչու է հասարակությունն անտարբեր այդ խնդիրներին»,- նկատեց նա: Նրա համոզմամբ, ընտրությունների հետ հասարակությունը կապ չունի: «Հասարակությունն իր վերաբերմունքը  ցույց է տալիս, մի մասն անտարբեր է մնում ընտրություններին, մյուս մասը գնում-օգտվում է, մեկ այլ մասն էլ թողնում-հեռանում է Հայաստանից, իսկ մյուս մասն էլ փորձում է համոզել մյուսներին, որ այդպես պետք չէ, պետք է մնալ եւ փոխել խնդիրները, բայց այս զանգվածին էլ հազար կողմից վրա են տալիս եւ ասում են, որ սրանք ծախված են: Ինչպես, օրինակ, Մաշտոցի պուրակի դեպքերից տեւական ժամանակ է անցել, բայց ակտիվիստներին ինչ ասես եւ ում մարդն ասես չորակեցին: Սա է իրականությունը»,- եզրափակեց քաղաքագետը: