Մնաց սիրիահայերին ու հաշմանդամներին ապահովենք աշխատանքով

Մնաց սիրիահայերին ու հաշմանդամներին ապահովենք աշխատանքով
Եթե քննության առնելու լինենք ՀՀ աշխատանքային շուկան կամ զբաղվածության մակարդակը հատկապես մարզերում, սոսկալի իրողության ականատես կլինենք:



 



Ընդ որում՝ այդ առումով բոլոր համայնքներն էլ նման են իրար: Ինչպես մեր նախորդ նյութերից մեկում էինք կոնկրետ թվերով փաստել՝ տեղեր կան, որտեղ արտագաղթի պատճառով դպրոցահասակ երեխաներ էլ չեն մնացել: Իսկ այնտեղ, որտեղ դեռ «շունչ կա», հիմնական զբաղվածությունը սահմանափակվում է դպրոցի, համայնքապետարանի, թե գործում են՝ նաեւ մանկապարտեզի ու փոստի շրջանակներում:



 



Մնացած բոլորը, այսինքն, ուղղակի պարապ են: Տղամարդիկ եթե դեռ ընտանիքներն իրենց հետ չեն տարել ռուսաստաններ եւ այլուր, «խոպաններում են», մեծահասակների ուժն արդեն չի պատում հող մշակելու եւ անասուն պահելու համար, ուստի, մեծ մասն այն կամ արդեն վաճառել է տեղացի ու «հովեկ ֆեոդալներին», կամ հողն էլ իրենց պես պարապ է: Հատկապես լեռնային ու սակավահող շրջաններում, որտեղ բնակչությանը ժամանակին սեփականաշնորհված հողերը լեռների ստորոտին են (ասենք՝ ինչպես Լալվարի փեշին ծվարած Աքորիում կամ Կաճաճկուտում), դրանք բացառապես անմշակ են կամ ընդամենը արոտավայր, որի վրա Աստծո կամոք աճող խոտը միայնակ կանայք ամռան վերջին ջրի գնով վաճառում են անասուն ունեցողներին եւ, դաշտից հավաքվող-վաճառվող մոշ ու մոռից ստացվող գումարի հետ միասին, գոնե դպրոցահասակ երեխաների սեպտեմբերյան հագուստի խնդիրը համարում լուծված...



 



Բայց արի տես, որ, մարդահամարի տվյալներով, երեք միլիոնից մի փոքր էլ ավելի մեր ազգաբնակչության շրջանում Զբաղվածության պետական ծառայության նախկին ղեկավար, վերջերս էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար նշանակված Սոնա Հարությունյանը երեկ հայտարարեց, թե մեզանում ընդամենը 20.9% գործազրկություն է առկա: Եվ սա, համաձայն տիկնոջ, լավ ցուցանիշ է անցած տարվա համեմատությամբ...



 



Ինչ է սա նշանակում՝ փորձենք հասկանալ: Ուրեմն, բոլորովին վերջին տվյալներով, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը, այն էլ՝ Օբամայի վարչակարգի ակտիվ ներազդեցությունից հետո, ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին նվազել եւ հասել էր 9.9%-ի: Եվրամիության երկրներում այս ցուցանիշը 10.7% է համարվում: Այսինքն, մերոնք ուզում են ասել, թե վերոնշյալ համայնքներով մեր երկրում մենք ընդամենը կիսով չա՞փ ենք զիջում, ասենք, ԱՄՆ-ին ու ԵՄ երկրներին: Ընդ որում, կիսով չափն էլ հարաբերական է, որովհետեւ, օրինակ, Հունաստանում, որտեղ, չնայած տնտեսական ճգնաժամին, համեմատության եզր էլ չի կարող լինել մեր երկրի հետ, գործազրկության մակարդակն ամրագրվել է 21%, Պորտուգալիայում՝ 18%, Իսպանիայում՝  23.6%,  Մեծ Բրիտանիայում՝ 11%:



 



Նույն ԱՄՆ-ում, օրինակ, որտեղ բոլորս գիտենք, որ «Գրին քարտ» կոչվածի խաղարկություն է ամեն տարի իրականացվում, այս տարի իշխանությունն այնպիսի տխուր իրավիճակ է արձանագրել, որ պատմության մեջ առաջին անգամ, օրինակ, Ավստրալիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Բլայխն ու Ավստրալիայի աշխատանքի նախարար Քրիս Էվանսը պայմանագիր են կնքել ԱՄՆ-ի քաղաքացիների՝ այդ երկրում աշխատանքային միգրացիայի պայմանների վերաբերյալ:



 



Հիմա այս ֆոնին, ուրեմն, ծիծաղելի է մեր փոխնախարարուհու խրոխտ հայտարարությունը նաեւ այն մասին, թե անցած տարվա համեմատությամբ Հայաստանում նվազել է նաեւ աշխատանք փնտրողների թիվը: Այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ՝  նրանք 73 հազար հոգի են, այսինքն՝ 13.4%-ով քիչ անցած տարի աշխատանք փնտրողներից:



 



Անշուշտ, տիկնոջ մտքով հավանաբար «չի էլ անցնում», որ առանց այդ էլ նկարած այդ 13.4%-ն ուղղակի արտագաղթել է Հայաստանից: Կարեւորը՝ թիվը նվազել է, եւ դա արդեն լավ է: Ինչպես լավ է եւ այն, որ ընտանիքի հիմնական կերակրողները, այսինքն՝ տղամարդիկ, մեզանում լիուլի ապահովված են աշխատանքով, եւ հիմնական գործազուրկները կանայք են՝ 72.9%: Բայց թե ինչու այդ կանանց համար էլ չի հաջողվում շատ արագ աշխատանք գտնել, եթե, համաձայն տիկնոջ, «մեզանում աշխատաշուկան ընդհանուր առմամբ ակտիվ է», հայտնի չէ: Երեւի նրանք հենց այն նպաստ ստացող 11 հազար 478 ծույլերն են կամ «ստվերային զբաղվածները», ովքեր գերադասում են «գրանցվել անգործներում, բայց չգնալ քիչ աշխատավարձով ոչ հարմար աշխատանքի»՝ ինչպես հաճախ են սիրում տրտնջալ ոլորտի աշխատակիցները...



 



Իսկ ովքե՞ր են աշխատանք փնտրում՝ կհարցնեք: Ըստ Սոնա Հարությունյանի՝ կեսից ավելին բանվորներն են, այնուհետ՝ մաթեմատիկոսներ, բժիշկներ, որոնց պահանջարկը մարզերում է, իսկ նրանք էլ չեն կամենում լքել մայրաքաղաքը: Անշուշտ, քիչ չեն նաեւ հաշմանդամներն ու հիմա՝ նաեւ սիրիահայերը, բայց այ, հենց որ դեկտեմբերի 14-ին ու 16-ին նրանց համար էլ կազմակերպվի աշխատանքային տոնավաճառ, ամեն բան տեղը կընկնի, եւ քիչ բան կխաթարի սույն նախարարության անդորրը...



 



Իսկ դուք ասում եք՝ ինչ տեսք է ունենում երեսպաշտությունն ու կեղծիքը: Ճիշտ այս տեսքը, սիրելիներս, ճիշտ այս տեսքը...