Արտագաղթի «քաղցր» պտուղները

Արտագաղթի «քաղցր» պտուղները
«Ըստեղ ապրելն անհնար է, արտերկրում բարեկամներ ունենք, բայց հմի ո՞վ ում կօգնե, 10 դրամ էլ չեն տա իրար: Արդեն 10 տարի է, շուկայում հաց եմ վաճառում: Տղուս կառնիմ-կերտամ, գործ, ապրուստ օր չկա, ընչի՞ մնամ: Էգուց օր թոշակի գնացի, չիտեմ էլ ինչ պտի ստանամ, ստաժ էլ չունիմ»,-դժգոհում է Գյումրիի շուկայի վաճառող տիկին Համասփյուռը:



«Գյումրեցի չի մնացել, աղջիկ ջան, սաղ գնացել են ստեղից: Ջահել էղնեի՝ ուրիշ բան, վլաստը իրենց ձեռն է, ինչ ուզեն, կանեն: Իմ վախտս անցել է, էլ ի՞նչ մտածեմ արտագաղթելու մասին»,-մտորում է 62-ամյա Ռաֆիկ պապը: «Այ բալա, առեւտուր եմ անում, հազիվ գոյատեւում, երիտասարդներն են փախնում էս երկրից: Էս գործն ուրիշ տեղ էնեմ, միլիոններ կաշխատեմ: Էս ի՞նչ վիճակ է, մուրացկանի պես կապրինք»,-ասում  է 56-ամյա Սուսաննա Հովհաննիսյանը:  «Ստիպված մարդիկ գնում են արտերկիր, թեկուզ փոքր բիզնես սկսելը Հայաստանում մեծ խնդիր է: Եթե արտագաղթեի, արդեն գնացած կլինեի երկրից»,-ասում է Նելլի Մինասյանը:



 



«Տունուտեղ ստեղծելը, հագնվելը Հայաստանում անհնար է: Եղած աշխատանքն էլ քիչ է, հատկապես մասնավոր ոլորտի աշխատողների գործը տանջալի գործ է: Չնայած այդ ամենին, արտագաղթողներին այնքան էլ լավ չեմ վերաբերվում, քանի որ իրենց ունեցած գումարը Հայաստանում արտադրական շրջանառության մեջ դնելու փոխարեն այլ երկրներում են օգտագործում»,- կարծիք է հայտնում գյումրեցի  կենսաթոշակառու Սերգո Սիմոնյանը:



 



Հանրապետության ամենաաղքատ քաղաքում՝ Գյումրիում, որտեղ արտագաղթն ամենաբարձր ցուցանիշն ունի՝ մոտ 4.48 տոկոս, ապրում է Շիրակի մարզի գործազուրկների 87%-ը, ուստի զարմանալի չէ մարդկանց հոռետեսությունն ապագայի հանդեպ:



 



Սոցիալական շերտավորումը Հայաստանում գնալով ավելի ցցուն կերպով է արտահայտվում: Ու քանի որ «փողի քսակը որոշում է մարդու հասակը», աղքատության ճիրաններում հայտնվածներն այլ ելք չեն տեսնում, քան արտագաղթելը: Մարդիկ վաճառում են եղած-չեղածը, չեն էլ մտածում ուր եւ ինչի համար են գնում, անօրինական ձեւով գաղթում են եվրոպական երկրներ, հայտնվում անհայտության ճիրաններում, կատարում ցածրակարգ աշխատանք: Երեւի կարծում են, թե Եվրոպայում «յուղ ու մեղր են բաժանում», բայց դա հաստատ այդպես չէ: Չունեւորների դեպքում գոնե կարելի է ներել, որ արտագաղթում են, իսկ ունեւորների դեպքում՝ ոչ: Դե իհարկե, նրանց համար «փողն աստված չէ, բայց աստծուց էլ պակաս չէ»:



 



Արտագաղթի պատճառների թվում, բացի սոցիալ-տնտեսական վատ վիճակից, նաեւ մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն են: Փոքր ու միջին բիզնեսի զարգացում չկա, կան թղթի վրա գրված գեղեցիկ օրենքներ: Եթե Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ սկսնակ ձեռնարկատերերը 10 տարով ազատվելու են հարկերից, ապա այստեղ նման արտոնություններ չկան: Հայաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքը, փակ ճանապարհները, սոցիալական շերտավորումը, միջին խավի բացակայությունը եւս նպաստում են  արտագաղթին, սակայն առավել մտահոգիչ են արտագաղթի հետեւանքները, որոնցից մի քանիսը մենք փորձել ենք խմբավորել:



 



1. Մենք կարող ենք ունենալ հայրենիքի կորուստ: Արտագաղթը շարունակվում է նաեւ Ջավախքից, Արցախից: Մինչդեռ տարածքներ «զավթելու» լավագույն միջոցը մահմեդական ժողովուրդները համարում են վերաբնակեցումը: Անկախությունից հետո մոտ 1 մլն-ից ավելի մարդ արտագաղթեց Հայաստանից: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, ամեն տարի Հայաստանը լքում է մոտ 30 հազար մարդ, ոչ պաշտոնական տվյալներով՝ 2011 թվականի 7 ամսվա ընթացքում երկրից 75 հազար մարդ է հեռացել: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2012 թվականին Հայաստանում մշտական բնակչության միջին թվաքանակը կազմում է 3 մլն 278 հազար մարդ:  Հետաքրքիրն այն է, որ այդ ցուցանիշը 2004-2011թթ. աճի միտում է դրսեւորել, բայց տվյալները հավատ չեն ներշնչում: Օրինակ, 2011 թվականին ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը եղել է 3 268.5 հազար, 2010-ին՝ 3 256.1 հազար մարդ:



 



2. Ժողովրդագրական պրոբլեմ: Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, արտագաղթի նման պայմաններում կես դար հետո Հայաստանում 1.5 մլն մարդ կմնա: Վիճվարչության տվյալներով, 1000 բնակչի հաշվով, ծնելիության գործակիցը 2011 թվականին կազմել է 13.3%, 2012-ի սեպտեմբերին՝ 12.6 %: Ամուսնության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով նվազել է. 2012-ին այն կազմում է 5.6%, 2011-ին՝ 6.0 %: Սրանք դեռ վիճելի ու խիստ նվազեցված տվյալներն են:



 



3. Արտագաղթողներն ազատվում են հարկ ու տուրքերից, որոնց ծանրության ողջ բեռն ընկնում է տեղաբնակների վրա: Արտագաղթի պատճառով ավելի քիչ թվով մարդիկ պետք է վճարեն պետության վերցրած վարկերը, իսկ մեզ հայտնի է, որ արտաքին պետական պարտքն անընդհատ աճում է, ինչի հետեւանքով չեն բարձրանում աշխատավարձերը, կենսաթոշակները, ընկնում է կենսամակարդակը: Եթե հավատայինք կառավարության ծրագրերին, հիմա միջին կենսաթոշակի չափը 40 հազար դրամ պետք է լիներ: «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թվականների ռազմավարական ծրագրի» տվյալներով,  2010-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 3,299.0, 2011-ին` 3,754.6 մլն դոլար: 2012-ին այն կկազմի 4,039.8 մլն, 2014-ին` 4,300.9 մլն դոլար:



 



4. Կրթական, գիտական ոլորտի կազմաքանդում: Արտագաղթի պատճառով բանակը համալրվելու է ավելի քիչ թվով զինվորներով: Մինչդեռ հայտնի է, որ, աստված չանի, պատերազմի դեպքում մարդկային ռեսուրսը եւս ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մարդկանց խորհուրդ է տալիս  «բազմանալ», որ դպրոցներում շատ աշակերտներ լինեն՝ չմտածելով, որ անիմաստ խորհուրդներով ծնելիությունը չես խթանի: Ուշադրություն դարձրեք հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակին: Վիճվարչության տվյալներով, 2000-2003 թվականներին հանրակրթական դպրոցների աշակերտների թվաքանակն անցնում էր 500 հազարից: 2004-2008 թվականներին այդ ցուցանիշը նվազել է՝ տատանվում է 400 հազարից բարձրի սահմաններում, 2009-ից մինչեւ հիմա նվազել է՝ հասնելով 300 հազարի: Ցուցանիշի նվազման հարցում եւս իր «սեւ գործն» անում է արտագաղթը:



 



5. Արտագաղթը կարող է պատճառ հանդիսանալ ապրանքների ու ծառայությունների գների որոշակի բարձրացման: Որքան քիչ թվով մարդիկ են ապրում երկրում, այնքան ընկնում է  գնողունակությունը, փոքրանում է շուկան: Վիճակագրական տվյալներն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ վերջին տարիներին առաջին սպառման ապրանքների գներն անընդհատ աճել են:



 



ՀԳ - Եվրոպական ժողովուրդներն իրենց կյանքի բարձր կենսամակարդակը ձեռք են բերել՝ դարերով պայքարելով իրենց կեղեքող իշխանությունների դեմ ու լավ կյանքի համար: Թույլ չտանք, որ Հայաստանը մնա առանց հայերի: Պետք է մնալ սեփական երկրում, պայքարել մենաշնորհների ու անարդարությունների դեմ: ԱՄՆ նախագահներից Ջոն Քենեդին մի լավ խոսք ուներ. «Հայրենակիցներ, մի հարցրեք, թե ինչ կարող է անել երկիրը ձեզ համար, այլ ավելի լավ է ասեք, թե  դուք ինչ կարող եք անել նրա համար»: Խոսքը ոչ թե իշխանավորների, այլ հայրենիքի մասին է:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ