Գետառի կամրջակը կարող է փլվել

Գետառի կամրջակը կարող է փլվել
Մի քանի տարի առաջ, երբ Երեւանը կառուցապատողները որոշեցին Գետառը տեղափոխել թունելախորշ, բնապահպանները դա բնորոշեցին որպես բնապահպանական աղետ Երեւան քաղաքի համար: Այս վեճում կարծես թե կառուցապատողները ճիշտ դուրս եկան, որովհետեւ Գետառը բոլոր բաց տեղերում անխտիր գարշահոտ է տարածում:



 



Ջրում ամեն տեսակ առարկայի կարելի է հանդիպել, որովհետեւ տարիներ շարունակ գետը գրեթե  չի մաքրվում, իսկ գետի մերձակայքի բնակիչները երբեք չեն գիտակցում, որ հակասանիտարական է աղբը ջուր նետելը, եւ դա առաջին հերթին վնասակար է իրենց համար: Գետի հակասանիտարական վիճակը, անշուշտ, օրերից մի օր կարող է պատճառ դառնալ անցանկալի հետեւանքների: Գետը բաց հոսքով անցնում է Սեւանի փողոցում գտնվող Թումանյանի անվան դպրոցի եւ «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի մերձակայքով: Երեխաները դպրոց են հաճախում կամրջի վրայով, որն ամեն վայրկյան կարող է փուլ գալ: Այս կամուրջն այնքան վթարային է, որ ցանկացած մարդ կարող է անզեն աչքով նկատել, թե ինչպիսի ճեղքեր ու ճոճք է տվել երկաթբետոնե շինվածքը, որը Գետառի վրա տեղադրվել է նախորդ դարի կեսերին: Այստեղ կեղտից ու գարշահոտությունից առավել վտանգավոր է դարձել կամուրջը:



 



Հատկանշական է, որ երկու կրթական օջախներում սովորում են մոտ 400 երեխա, նաեւ ուսուցիչներ, ծնողներ, հարակից շենքերի բնակիչներ անցնում են կամրջի վրայով: Թե Թումանյանի անվան դպրոցի, թե «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրինությունը նամակով դիմել է իրենց վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի տեղում ուսումնասիրեն խնդիրն ու շուտափույթ լուծում տան: Նշենք, որ կրթօջախների սաները պարբերաբար միջոցառումներ են կազմակերպում` մաքրելու գետի դպրոցամերձ տարածությունը: Սակայն աշակերտների ուժերից վեր է կամրջակն ամրացնելու եւ վերանորոգելու գործը: Կարծում ենք` հարցի լրջությունը կստիպի վարչական շրջանի ղեկավարությանը, Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի օր առաջ վերանորոգվի կամրջակը, որով կկանխվի հասունացող ողբերգությունը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ