Աղբի մեջ

Աղբի մեջ
Ամերիկացի արձակագիր Նորման Մեյլերը բռնության ակունքները ներփակված բնազդների ու նեւրոզների մեջ չէր փնտրում միայն: Պլաստմասսե շշերի ու առարկաների արտադրանքը նա համարում էր բռնություն դաստիարակող գլխավոր պատճառներից մեկը, որովհետեւ շփման թերեւս սուր ու տաք զգացողությունը պլաստմասսե առարկայի հետ նվազում է: Նա կոչ էր անում դադարեցնել պլաստմասսե շշերի արտադրանքը, քանի դեռ աշխարհը չի թաղվել չհարվող աղբի շերտի տակ:



Սա՝ որպես զգուշացում:



 



Չինաստանում ու ԱՄՆ-ում փողոցներից ու հանրային վայրերից կամավորները տարիներ շարունակ հազարավոր պլաստմասսե շշեր են հավաքում` մաքրելով իրենց երկիրը աղտեղությունից ու վարակներ սփռող վտանգից: Ճապոնիայում արտադրում են թղթե տոպրակներ աղբի տեսակների համար` առանձին չափերով եւ գույներով: Այսպես շարունակ: Ես հիմա չգիտեմ՝ Երեւանի փողոցներում, բակերում ու աղբանոցներում ցիրուցան եղած շշերը ինչ վարակի աղբյուր կարող են հանդիսանալ կամ մարդկային գիտակցության ինչ սադիստական բնազդներ կարող են արթնացնել, բայց աղբի մատչելիությունն ու առատությունը (մասնավորապես պլաստմասսե շշերի) քաղաքի բնակիչների «նրբաճաշակության» մասին լավ բան չի խոսում:



 



Որպես «Քանաքեռ ՀԷԿ»-ի բնակիչ կարող եմ ասել, որ էլեկտրականություն ու շրջակա այգիների ոռոգումն ապահովող մեծ ջրամբարը պարզապես հեղեղված է պլաստմասսե շշերով, ինչքան էլ շաբաթվա մեջ երկու ժամ նվիրես շշերը հավաքելու, պարկերի մեջ լցնելու ու աղբարկղեր հասցնելու աշխատանքներին, դրանից մեծ բան չի փոխվում: Թաղամասում ապրող մարդիկ շարունակում են ուտել-խմել ու իրենց թափոնները նետել ուղիղ ջրամբարը` ամենահարմար աղբարկղը, որտեղից աղքատ մարդիկ օրվա ձուկն են որսում ու տեղյակ լինելով, թե ձկներն ինչով են սնվում, բայց ճարնե՞րն ինչ:



 



Մի քանի տարի առաջ ջրամբարը հիմնովին մաքրվեց: Երբ ջուրը դատարկվեց, բացված տեսարանը պարզապես նողկալի էր: Ով տանը ինչ հին կահույք, մեքենա, խոշոր եղջերավոր առարկա ուներ, բերել-գցել էր ջրամբարը: Առնվազն մի հինգ-վեց մեքենայի կմախք հանեցին, որոնց հասցեատերերի համար ջրամբարը կենդանի շիրմանոց է ծառայում: Դե, ջուրը առնվազն մի քանի տարի կծածկի կեղտը, հետո՝ թքած: Ինչքան էլ քաղաքապետարանը լավ կազմակերպի աղբահանությունը, դրանից եւս խնդիրը չի լուծվում: Որովհետեւ քաղաքի բազմաթիվ բնակիչներ աղբ թափելու տեղանքի իրենց տեսլականն ունեն: Նրանք գտնում են առաջին հայացքից անհավանական թվացող վայրեր, ծուլանում են երեսուն մետր քայլել ու իրենց կեղտը թափել աղբի համար նախատեսված ամանի մեջ: Եթե քո քաղաքը, քեզ լույս տվող ջրամբարը ծառայելու են որպես աղբաման՝ ի՞նչ տարբերություն, դրանք քեզնից դուրս բաներ չեն: Ինքդ քո մեջ ես աղբ լցնում:



 



Արամ ՊԱՉՅԱՆ